Ռուսական դիվանագիտությունը շարունակում է պնդել, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը պետք է համաձայնեցվեր ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում կրկնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելությունը ՀՀ տարածքում Ադրբեջանի հետ չհամաձայնեցնելու հարցին:
Ըստ նրա՝ ենթադրվում է, որ այդ առաքելության վերջնական ելքը պետք է լինի խաղաղ կարգավորումը, խնդիրների լուծումը, և որպեսզի դա տեղի ունենա, պետք է լինի հարգալից վերաբերմունք բոլոր կողմերի նկատմամբ:
«Երբ նման քայլեր են նախաձեռնվում, համաձայնեցվում են: Ֆիզիկայի օրենքների համաձայն՝ այնտեղ կա ոչ թե մեկ, այլ մի քանի կողմ: Եթե այնտեղ երկու կողմ է և տեղակայվում է առաքելություն, ի՞նչ եք կարծում՝ դա ունենալո՞ւ է հավելյալ արժեք, եթե երկրորդ կողմն այդ մասին տեղեկանում է նման կերպ, կամ այնտեղ այդ առաքելությունն ի՞նչ է անելու: Եթե այդ առաքելության հայտարարված նպատակը կարգավորմանն ինչ-որ կերպ աջակցելն է, ապա առանց երկրորդ կողմի ուշադրության հնարավոր չէ: Եվ այստեղ այս ողջ բառախաղը, թե ինչո՞ւ երկրորդ կողմի հետ համաձայնեցնել, եթե կողմերից մեկը հրավիրել է, ապա արդյունքն էլ այդպիսին է լինելու, եթե ոչ ավելի վատ: Ուստի հասկանում եք, պետք է հասկանալ ժանրի կանոնները»,- ասաց Մարիա Զախարովան:
Փորձելով պարզաբանել ՌԴ ԱԳՆ նախօրեի հայտարարությունում տեղ գտած ձևակերպումը, թե ռուսական խաղաղապահները, սահմանապահները արձագանքելու են ԵՄ դիտորդների պահվածքին, իրավիճակի զարգացմանը համահունչ, Զախարովան ասաց, որ պետք չէ երևակայությունների գիրկն ընկնել: «Կլինե՞ն ինչ-ինչ գործողություններ, կլինի համապատասխան արձագանք: Չի՞ լինի գործողություն, չի լինի արձագանք: Ամեն ինչ հասկանալի է: Երևակայությունների գիրկն ընկնել պետք չէ»,- ասաց Զախարովան՝ առանց հստակեցնելու, թե ինչպիսի գործողությունների մասին է խոսքը:
Ի պատասխան հարցի՝ թե Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում առանձին պայմանավորվածություն է եղել, որ ռազմական բեռներ չեն անցնելու Լաչինի միջանցքով, երբ եռակողմ հայտարարությունում որևէ նման բան չկա, հասարակ մարդու մոտ հարց է առաջացնում, որ կա՛մ գաղտնի կետեր կան եռակողմ հայտարարությունում, կա՛մ բանավոր պայմանավորվածություններ, Զախարովան ասաց, որ պետք չէ հասարակ մարդուն թերագնահատել:
«Հասարակ մարդը շատ առարկայական, կոնկրետ հարցեր է հղում, նա չի հետաքրքրվում բաներով, որոնք չկան կամ որոնք չի տեսնում, բայց կարող են լինել: Ինձ թվում է՝ հասարակ մարդու մոտ կա կոնկրետ, առարկայական, պարզ հարց, օրինակ՝ այն նույն հարցը, որը Դուք եք ուղղել ինձ և նույնիսկ ես եմ Ձեզ ուղղել: Քննարկվողի կոնտեքստում պաշտոնական Երևանի դիրքորոշումը երկրի համար ճակատագրական բնույթ ունեցող հարցի վերաբերյալ՝ ԼՂ-ի ու նրա կարգավիճակի: Ահա, թե հասարակ մարդու մոտ ինչպիսի հարց է ծագում: Հասարակ մարդը, ում Դուք հղում եք անում, վաղուց ցանկանում է հասկանալ՝ իսկ ինչպիսի՞ն է պաշտոնական դիրքորոշումն այս մասով պաշտոնական իշխանությունների մոտ, իսկ այդ դիրքորոշումը, այնպես է ստացվել, որ ձևակերպված չէ: Կա այն, ինչ երևում է, ու պահանջում է իսկապես բազային դիրքորոշումների ու բազային վերաբերմունքի ձևակերպում: Այդ դեպքում շատ հարցեր, չէի ասի, որ ինքնուրույն կլուծվեին, բայց որոշակի պարզություն կլիներ»,- այսպես արձագանքեց Զախարովան իրեն ուղղված հարցին: