▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ

Այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի(Ճոյտ) «Մենք հարևաններ ենք» ֆիլմի փակ ցուցադրությունը.ներկա էին դերասաններ, լրագրողներ: Ֆիլմը հայ և ադրբեջանցի հարևանների մասին է, որոնք ապրել են Հայաստանում, հետագայում՝ 1988 թվականին,  ադրբեջանցին գնացել է Հայաստանից: Տարիներ անց՝ 2016 թվականի ապրիլին՝ պատերազմի ժամանակ, հանդիպում են նրանց թոռները, որոնց միջոցով հետո հեռախոսներով միմյանց հետ կապ են հաստատում նախկին հարևանները: Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ:

«Ես խաղաղության կողմնակից եմ, կարծում եմ՝ քաղաքական մեծամասնությունը նույնպես: Մենք երբևէ չենք ասել, որ պետք է պատերազմենք: Մենք խաղաղության ու պաշտպանվելու կողմնակից ենք: Փորձելու ենք ֆիլմն Ադրբեջանում էլ ցույց տալ: Մինչ այդ՝ դեկտեմբերին կցուցադրվի Երևանի կինոթատրոններում»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ ի՞նչ էր նշանակում ֆիլմի սկզբում գրված ՝ «Ֆիլմն արգելվում է դիտել կեղծ հայրենասերներին» նախադասությունը, ԱԺ նախկին պատգամավորը պատասխանեց. «Կեղծ են նրանք, ովքեր կփորձեն անձնական նպատակներն առաջ տանել, ժողովուրդներին պատերազմի մղել»: Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս 2 ֆիլմ կնկարի. «Մեկը երգիծանք է՝ նվիրված կաշառակերությանը, մյուսը կրկին հայ-ադրբեջանական հակամարտության մասին է: Կաշառակերության մասին ֆիլմում պապին հրեշտակը կյանք է տալիս, սա գալիս անարդարներին, կաշառակերներին թուրքի գլխարկով է տեսնում, մենք՝ սովորական.նա գրգռվում է ու սկսում արկածների մեջ ընկնել»,-սցենարից մի փոքրիկ հատված գաղտնազերծեց նախկին պատգամավորը:

Խաղաղասեր սցենարիստից բացի կարողացանք զրուցել նաև գաղափարակից դերասանների՝ ադրբեջանցի ամուսինների դերում հանդես եկող Արսինե Նավասարդյանի ու Ռազմիկ Խոսրոևի հետ:

Հարցին՝ ինչպե՞ս են վերաբերում հայերի ու ադրբեջանցիների բարեկամությանը, դա հնարավոր համարում են, Արսինե Նավասարդյանն ասաց, որ հուզված է, կդժվարանա պատասխանել: Բայց այդ տարիները կարծես հարազատ են իրեն: «Կուզենամ, որ աշխարհում բոլորն ապրեն իբրև հարևաններ, թե չէ՝ չգիտես ինչո՞ւ մարդը քանդում է տարիներով ստեղծածը»:

«Ես հասկանում եմ, որ հրադադարը դեռ պատերազմի ավարտ չէ, բայց ինձ հետաքրքրեց մարդկային ճակատագիրը, որը ներկայացված էր սցենարում: Ես ծառայել եմ Աֆղանստանում, մի թուրք փրկեց իմ կյանքը այդ ժամանակ: Պետք է ֆիլմը դիտել մարդկային ճակատագրի կոնտեքստում, ոչ՝ հակամարտության: Երևի մեկ նախադասություն է պակասում ֆիլմում՝ «Անիծվի՛ պատերազմը»,-նկատեց Ռազմիկ Խոսրոևը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին