Պատմամշակութային արժեք հանդիսացող Աֆրիկյանների շենքի խնդրի շուրջ քննարկումներն անցած օրերին կրկին ակտիվացան:
Նշենք, որ Կառավարության՝ 2004թ. որոշմամբ Աֆրիկյանների ակումբի շենքն ընդգրկվել է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես հանրապետական նշանակության հուշարձան: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ շենքը պետք է ապամոնտաժվի՝ մեկ այլ վայրում այն վերականգնելու նպատակով: Աֆրիկյանների շենքն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: 2012 թվականից շենքի դիմային հատվածի քարերը համարակալված են:
Օրեր առաջ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ նախատեսվում է Տերյան և Զաքյան փողոցները միացնել միմյանց, իսկ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքը շուրջ 4.0 մետրով գտնվում է փողոցի երթևեկելի մասում՝ դրանով իսկ խախտելով կառուցապատման գիծը։ Ուստի որոշվել է հուշարձան շենքը տեղափոխել Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքում նախատեսվող «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամաս:
Ապամոնտաժում երևույթի նկատմամբ շատերն այսօր թերահավատորեն են տրամադրված՝ վստահ լինելով, որ շենքը պարզապես կքանդեն:
Լուսանկարիչ Հայկ Բիանջյանն արդեն 10 տարի շարունակ դարձել է հիշողությունն ու դեմքը կորցնող քաղաքի վավերագիրը՝ լուսանկարելով Երևանի սրտում անփութորեն ոչնչացվող հուշարձանները: Իսկ Աֆրիկյանների տունն առավել հարազատ է, քանի որ Հայկ Բիանջյանի լուսանկարների առաջին ցուցահանդեսը կազմակերպվել է այնտեղ:
Աֆրիկյանների շենքի և պայքարի պատմության, մայրաքաղաքի նկատմամբ երևանցիների հոգածության բացակայության և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Հայկ Բիանջյանի հետ:
-Կխնդրեի նախ պատել շենքի պատմությունը: Ե՞րբ է սկիզբ առել պայքարը՝ այն պահպանելու համար: Ի՞նչ փուլերով է ընթացել:
- Շենքը կառուցվել է 19-րդ դարի վերջերին՝ Ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից: Պատկանել է Աֆրիկյան եղբայրներին: Աֆրիկյաններն, ինչպես հայտնի է, Երևանի ամենահայտնի ընտանիքներից են եղել և իրենց հետքն են թողել մայրաքաղաքի պատմության մեջ: Խմելու ջրագիծն են առաջին անգամ իրենց միջոցներով բերել: Գործարաններ են ունեցել, հայտնի են նաև բարեգործական գործունեությամբ: Հետագայում շենքն ազգայնացվել է: 1912 թվականին այնտեղ արդեն Երևանի քաղաքային ակումբն է տեղակայվել: Բարձաստիճան մեծահարուստների, արվեստագետների հավաքատեղի է եղել: Հարևան շինությունը, որը Թամանյանի նախագծածն է, եղել է «ЧК»-ի շենքը, և Աֆրիկյանների շենքում հիմնականում բնակվում էին այնտեղ աշխատող ընտանիքները: Կա վարկած, որ շենքի նկուղային հատվածը բանտ է եղել: Ժողովրդի մեջ խոսակցություն էր շրջանառվում, որ հնարավոր է՝ նաև շենքի ներսում հասարակաց տուն է եղել: Զուտ Ճարտարապետական լուծումներով այս շենքը եզակի է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանում: Քանդակները՝ մերկ ֆիգուրներով կենդանակերպ պատկերներն իրենց հերթին միստիկա են ավելացնում այս պատմություններին: Սա Երևանի պատմության ամենամեծ վկան է: Հին Երևանն արդնե գոյություն չունի, Արամի, Բուզանդի փողոցները ես համարում եմ, որ չկան, քանի որ 90 տոսկոսը քանդվեց և արդեն նորակառույցներ են վեր խոյանում: Աֆրիկյանների շենքը մնացել է միայնակ չորս կողմից կառուցապատված տարածքում և դիմադրում է անձրևին, ձյանը, իշխանությունների անտարբերությանը: Տպավորությունն այնպիսին է, որ սեփականատերերը չեն էլ ցանկանում, որ շենքը պահպանվի: Մինչև հիմա անհայտ է, թե կոնկրետ ում է պատկանում այդ տարածքը: 2005 թվականին Կառավարության այն ճանաչել է հանրային գերակա շահ: Այս որոշումը մինչև հիմա շատերի համար անհասկանալի է: Ինչպես կարելի է հանրային գերակա շահ անվան տակ արժեքը վերածել բիզնեսի:
Ես՝ որպես լուսանկարիչ, 10 տարի է՝ նկարում եմ անհետացող հուշարձանները: Բայց այդ շենքի հետ ինձ համար այլ նշանակություն ունի. իմ առաջին ցուցահանդեսն այնտեղ է տեղի ունեցել՝ 2004 թվականի ամռանը: Հենց բակում բացվեց ցուցահանդեսը, ու շենքը սկսեց շնչել, ապրել: Այդ ժամանակ չէի պատկերացնում, որ մի օր էլ այդ շենքն է դառնալու իմ տխուր հերոսներից մեկը: 2010 թվականից մարդիկ սկսեցին շենքը լքել: Հիմա այն լքված է, դատարկ: Մնացել են դիմացի համարակալված քարերը, որոնք քանդվում, թափվում են, կամ քանդում են: Երբ իմացանք, թե ինչ ճակատագիր է սպասվում շենքին, 2011 թվականից սկսած՝ բազմաթիվ միջոցառումներ ենք կազմակերպել: Այսպիսով՝ ես դարձա նաև այս շենքի պահապանը. Երբ մոտակայքում մարդ չի լինում, քարերը պոկում, նետում են, այդպես երևի հեշտ է: Իսկ ես շատ եմ գնում լուսանկարում: Թեպետ այդ շենքը բանուկ հատվածում է, գտնվում է բոլորի աչքի առաջ: Լրատվամիջոնցերն էլ շատ են անդրադառնում: Հիմա դիմացը բետոն են դրել, իմ կարծիքով՝ ուզում են փակել, հետո քանդել:
-Նաև ծառեր էին հատել…
-Այո, 4 ծառ են հատել՝ հավանաբար աշխատանքներն սկսելու նպատակով: Ես մտածում եմ, որ երևի այսօրվա երևանցին արժանի է այն ամենին, ինչ ունի: Թող ոչ ոք չբողոքի ու չզարմանա, թե ինչ կատարվեց: Բողոքի ակցիաներին 5-6 մարդ է մասնակցում, բայց ֆեյսբուքում ամենավերջին հայհոյանքը կարող են գրել: Ու՞մ է պետք այդ հայհոյանքը: Եթե խնդիրը կա, պետք է գնալ տեղում փորձել ինչ-որ բան փոխել, ինչպես Մաշտոցի պուրակի դեպքում էր: Եվ քանի որ այսօր Աֆրիկյանների տունը դեռ չի դարձել Մաշտոցի պուրակ՝ պայքարի եղանակով, դրա համար երևի թե արժանի է, որ գան ապամոնտաժեն: Այս շենքը նման է մահացու հիվանդությամբ տառապող մարդու: Տանջվելով մահանում է, թեև դեռ կանգնած է: Շենքի նկատմամբ վերաբերմունքն անհասկանալի է: Երբ ասում են, թե պահպանելու են, ես ասողներին հարց եմ տալիս՝ որտե՞ղ է ներսի մեծ բալկոնը, որտե՞ղ են դիմացի ու ներսի աստիճանաճաղերը: Դրանք են շենքը դարձնում հուշարձան, ոչ թե համարակալված քարերը: Մենք ընտրել ենք մեր քաղաքի այս տխուր ուղին: Մեզ պետք չէ պատմություն: Մեզ պետք են ջիպեր, թանկանոց խանութների կույտ՝ քաղաքի կենտրոնում: Ցավալին այն է, որ մենք միայն շենքեր չկորցրեցինք, կորավ նաև երևանցին: Այսօր ես փողոցում չեմ տեսնում իսկական երևանցուն, որ կրում է քաղաքի պատմությունը: Դա ավագ սերունդն է, նաև արվեստագետներն են, որոնցից շատերն այստեղ չեն: Նոր սերնդի կապն ընդհանրապես կտրված է հնի հետ, բայց իրենք մեղավոր չեն: Մեղավոր են այն մարդիկ, ովքեր թույլ տվեցին, որ քաղաքը այլանդակվի, ովքեր չպայքարեցին…
-Աֆրիկյանների շենքն ընդգրկված է «Հին Երևան» նախագծում: Դեռ 2 տարի առաջ շենքի դիմային հատվածի քարերը համարակալվել են: Տեղաշարժ կա՞ այս առումով:
-«Հին Երևանը» միֆ է: 10 տարի է՝ այդ ծրագիրը կա: Այդ տարիներին բոլորս պայքարում էինք Բուզանդի փողոցում, մտածեցինք՝ մեր ձայնը տեղ հասավ, ամեն ինչ կփրկվի, պատմական թաղամաս կունենանք, բայց... Ծրագրի տարածքում գտնվող շենքերն են այսօր քանդվում: Շենքերի ներսը դատարկում են, մերկ են թողնում: Անձրևից, ձյունից հիմքերը թուլանում են, պատերը փտում, անունը դնում են կռիսանոց և քանդում: Նույնը Աֆրիկյանների շենքն է, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, թե ինչ տեխնոլոգիաներով է դա արվում:
-Երևանի գլխավոր ճարտարապետի մեկնաբանության մասին ի՞նչ կարծիք ունեք:
-Անկեղծ ասած՝ այդ մեկնաբանություններն ինձ չեն հետաքրքրում, որովհետև գիտեմ, թե ինչ են ասելու: Ասում է` փողոցը լայնացնելու համար է ապամոնտաժվում: Հրավիրենք տարածք, թող տեսնի, որ վերևի նոր համալիրի հատվածն ավելի նեղ է, քան Աֆրիկյանների շենքի հատվածը: Հարց՝ այն ժամանակ, երբ դիմացի շենքերը կառուցել են, ո՞վ էր թույլ տվել այքան առաջ բերել, որ Աֆրիկյանների շենքը սկսի խանգարել: 150 տարվա շենք է, հուշարձան է, փոխանակ այս շենքը պահպանվի, էլիտար շենքերը քադեք... ինչու՞ չեք քանդում: Ամեն տարի այդքան գումար եք ծախսում, Երևան-Էրեբունի տոնակատարություն նշում, որտե՞ղ են արժեք ներկայացնող հուշարձանները: Ծանոթներս արտերկրից գալիս են, ցանկանում են տեսնել լուսանկարներում պատկերվածը: Ստիպված տանում եմ այս շենքը ցույց տալիս, զարմանում են, թե ինչպես կարելի է՝ հուշարձանն այս վիճակին հասցնել: Ես ամաչում եմ իմ քաղաքի համար: Եվ մի հարց էլ՝ կողքի այլանդակ, սվաղած շինությունն իրավունք ունի մնալու, իսկ հուշարձանը պիտի քանդվի: Այսքանից հետո ինչու ենք թուրքերին ու ադրբեջանցիներին մեղադրում, որ քանդում են մեր հուշարձանները: Եթե դու քոնը չես հարգում, ուրիշն ինչպես հարգի: Երբ զբոսաշրջիկը գալիս է Երևան, իրեն հնություններն են հետաքրքրում, ոչ թե Հյուսիսային պողոտան: Ու՞մ է պետք այնդ անճոռնիությունը: Այսօրվա Երևանը շատ մեծ ագրեսիա է իր մեջ պարունակում: Քաղաքային մշակույթ չկա, այս ամբողջ միջավայրը դեգրադացնում է նոր սերնդին:
-Մշակութային արժեքների նկատմամբ պետական մակարդակով հոգածության բացակայության և ընդհանրապես վերաբերմունքի մասին բազմիցս խոսվել է: Սակայն, պակասում է նաև քաղաքացիների հոգածությունը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Ես ինքս այդ հարցը շատ եմ տալիս՝ ու՞ր է երևանցին, որ պահանջեր, ասեր՝ չի քանդվելու, սա իմն է, սա մերն է: Իմ սերունդը, մի քիչ ավելի մեծ սերունդը, որ պետք է տեր կանգներ այս ամենին, հիմա ֆիզիկապես ներկա չէ: Առաջին հարվածը հասցվեց 90-ականների սկզբին, երբ մի լայն զանգված արտագաղթեց ԱՄՆ: Երկրորդ փուլը սկսվեց, երբ Կենտրոնի բնակիչները զրկվեցին իրենց տներից: Շատ բան կորցրեցինք: Նույնիսկ բակերի գողական տղերքը քաղաքին համ ու հոտ էին տալիս, թաղի պատմություն կրողն էին: Այսօր ունենք չոր, ցամաք, սառը շենքեր, թանկանոց մեքենաներ, ոչինչ չասող թանկարժեք խանութների ցուցափեղկեր, որոնցից միայն «ընտրյալներն» են առևտուր անում: Շատ մարդիկ մտածում են, թե միայն վատն ենք տեսնում, բողոքում... ես օբյեկտիվ եմ նայում...բայց, ցավոք, լավը քիչ է: մտածում եմ՝ ի՞նչ ենք արել վերջին տարիներին: Գոնե Մաշտոցի պուրակը կարողացանք պահպանել:
-Խոսենք նաև քաղաքացիական պայքարի մասին: Ունենք Մաշտոցի պուրակ և Փակ շուկա... մի դեպքում՝ հաղթանակ, մյուս դեպքում՝ պարտություն:
-Ե՞րբ ակտիվացավ Փակ շուկայի պաշտպանության շարժումը. Երբ ամեն ինչ վերջացած էր: Փակ շուկայի «հեռուստասերիալը» մի քանի տարի տևեց: Այն ժամանակվանից էր պետք պայքարել, երբ առանց շինթույլտվության գործողություններ էին կատարվում: Ունենք երկու ճամբար՝ օլիգարխներ և ժողովուրդ, ով չի ուզում, որ հանրային տարածքին տիրանան: Իսկ հասարակական ճնշումն այնքան զորեղ չէ, որ ազդի չինովնիկի որոշման վրա: ԽՄ տարիներին շատ մեծ տեղ էր տրվում հանրային տարածքներին: Իր բոլոր թերություններով հանդերձ՝ ԽՄ-ն հոյակապ քաղաքային միջավայր էր ստեղծել: Այսօր իշխանությունն ուժ չունի, գործարարն ինչ ցանկանում, անում է: «Հին Երևանն» ինչու՞ չի կառուցվում, որովհետև ներդրող չկա, իսկ պետությունն այդպիսի բաների համար գումար չի ծախսում: Իրենց պետք չէ պատմություն:
Ճարտարապետությունն այն ոլորտն է, որի սխալները դժվար է հետո ուղղել: Այսինքն՝ քաղաքը մի ճանապարհ է բռնել, և այդպես շարունակվում է՝ Աստված գիտի, թե մինչև երբ: Իհարկե, ուրիշ երկներում էլ կա այս երևույթը, բայց մեզանում ամենաթողություն է: ԽՄ տարիներին է գյություն ունեին օրենք շրջանցելու եղանակներ, սակայն գոյություն ունեին արժեքներ, որոնք անհնար էր ոտնահարել: Իսկ երբ կորցնում ես «ստոպ»ի զգացողությունը...
Արդյուքնում՝ մարդիկ հեռանում են: Գալիս են որպես զբոսաշրջիկ:
Միգուցե շենքը նորից հավաքես, բայց մարդուն արդեն հետ չես բերի, մարդը գնում է և սկսում է Երևանը սիրել հեռվից...
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի