▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հ1-ին հատկացված գումարներով կարելի է 3 սահմանամերձ գյուղ պահել

Տավուշի սահմանամերձ գյուղերում հայկական հեռուստալիքներն ու հատկապես  Հ1-ը, որ միշտ հպարտանում է իր «ծածկույթով», շատ վատ է «բռնում»:

Հայկական ռադիոյի ձայնը նույնպես այստեղ չի լսվում՝ միայն ադրբեջանական «վայնասուն»: 

Ու այստեղ բնակվողին ու այս կողմերով անցնողին միշտ հետաքրքրում է. ինչու՞ է պետությունը  մոռացել իր քաղաքացիներին...Ինչու՞ գումար չի հատկացնում կառավարությունը սահմանամերձ մարզերում ռադիոընդունիչ ու ալեհավաք հզոր կայաններ տեղադրելու համար, որպեսզի , եթե ոչ իշխանության խոսքը կամ քարոզչությունը նաև սահմանում ապրող հայաստանցիներին հասցվի, գոնե նրանց դիտելու ու լսելու միակ այլընտրանքը՝ ադրբեջանական հեռուստառադիոհաղորդումները չթողնի:  

Գուցե կարծում եք, թե գումա՞ր չկա: 

Չէ, կա... 

Կառավարությունից , օրինակ, մեզ տեղեկացնում են, որ ՀՀ 2014, 2015 և 2016 թվականների պետական բյուջեներով Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության գծով նախատեսված ծախսային ծրագրերի ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմել է - 14,423,373,8 հազար դրամ:

Ինչե՞ր կարելի էր անել այս գումարով... 

Հանրային հեռուստառադիոընկերությունն  օրինակ կարող է հենց այն անել , ինչ սկզբում նշեցինք , իսկ  կառավարությունն  , ավելի լավ գործ կարող է անել, այդ գումարը ոչ թե Հ1-ին տալ, այլ դրանով սահմանամերձ  երկու -երեք գյուղերում ասֆալտ, շինարարություն անել, մարդկանց համար ապրելու, գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ զբաղվելու պայմաններ ստեղծել... 

Իսկ Հ1-ին, կարծում եմ, ֆինանսական լուրջ հատկացումներ պետք չեն, որ նույն այդ սահմանամերձ գյուղերից ռեպորտաժներ պատրաստի ու ձեռքի հետ էլ կառավարության աննախադեպ քայլն ու հատկացումը գովերգի:

Կատակը մի կողմ թողնելով, ի դեպ, շինարարության մասին. Կառավարությունից ստացված գումարներով Հ1-ի ղեկավարությունն ավելի շատ սիրում է հենց շինարարություն ու հիմնանորոգում անել՝ մեկ էլ տեխնիկական վերազինում. Կհարցնեք՝ ինչու ՞....

Այդ հարցը կարող եք ուղղել ցանկացած «պրարաբի» ու կհասկանաք նույն հոգեբանությամբ հեռուստատեսությունը ղեկավարողների մտքերն ու գործողությունները: 

Նշեմ, որ Հանրային հեռուստաընկերության տարածքը շինհրապարակի վերածած Հ1-ի ղեկավարությունը իր փոփոխություններն ու «ճաշակը»  որոշել է փորձարկել նույնիսկ հեռուստատեսության վարչական շենքի վրա, թեկուզ ոչ պատմական արժեք ներկայացնող, սակայն հիրավի հուշարձան համարվող՝ իր ճարտարապետական օրիգինալությամբ ու «գառնիատիպ» սյուներով:

Հ1-ում թերևս կարծում են, որ շենքային պայմաններն են կարևոր նորմալ ու յուրահատուկ , նաև հանրությանը համար կարևոր ու արժեքաավոր հաղորդումներ պատրաստելու համար:

Հ1-ում նաև կարծում են, թե հանրության աչքից առաջ ինչ ուզեն՝ կարող են անել...

Նրանք մոռանում են , որ իրենց ղեկավարած հեռուստատեսությունն ու  իրենց  աշխատավարձը հանրության հարկերից է գոյանում, իսկ հանրությունը կարող է և պետք է պահանջել, թե ոնց են ծախում իրենից վերցված գումարները... 

Ի դեպ, ըստ կառավարության,  ««Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև ՀՀ 2017-2019թթ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2017 թվականի համար Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը (բոլոր ծրագրերի գծով) նախատեսված է 6,375,450.4 հազարական դրամ:  ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծում ներառվելիք հատկացումների գումարի չափը կհստակեցվի ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացի արդյունքում»:

Այսքան գումար ինչ է անում հանրային հեռուստատեսությունը, երբ մայրաքաղաքում , ըստ տարբեր հարցումների, Հ1 քչերն են նայում, իսկ սահմաններում էլ նայելու հնարավորություն չունեն, որ հայտնի անեկդոտի նման « երազեն Հայլուրի ներկայացրած Հայաստանում ապրել»:

Հեղինակ՝

Ա.Գրիգորյան  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին