Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 12-ին, Հոլիվուդում կայացել է «The Promise» («Խոստում») ֆիլմի նախադիտումը, որին ներկա են գտնվել Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Շերը, Սերժ Թանկյանը, Սիլվեսթր Ստալոնեն, Կրիստիան Բեյլը, Օռլանդո Բլումը, Օլիվիա Պալեռմոն, Անժելա Սարաֆյանը: Այցելուների թվում էր նաեւ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով շնորհանդեսին ներկայացել է իր պապիկի՝ 95-ամյա Ջոն Օհանյանի հետ միասին։
Ալեքսիսը կարմիր գորգի վրա հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, որից մի հատված հրապարակել է Instagram-ի իր էջում։
«Ես Ալեքսիս Օհանյանն եմ, իսկ նա իմ պապիկ Ջոն Օհանյանն է։ Ես հաջողակ գործարար եմ դարձել այս երկրում այնպիսի մարդկանց շնորհիվ, որոնց արածների գինը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչվել, եւ դա է իմ՝ այստեղ գտնվելու պատճառը։ Հայոց Ցեղասպանության պատմությունը պատմություն է, որի ժխտման դեմ մենք դեռ պայքարում ենք:
Ես այնքան ուրախ եմ, որ պապիկս ինձ հետ միասին այցելել է հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի շնորհանդեսին։ Մենք ոչ միայն ապրում ենք, այլեւ կշարունակենք բարգավաճել», - տեսագրությունը մակագրել է Ալեքսիսը (տեսանյութը կարող եք դիտել այս հղումով):
Հիշեցնենք, որ ավելի «Խոստումը» ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել նաև Քիմ Քարդաշյանը, Էլթոն Ջոնը, Բարբարա Սթրեյզանդը, Շերը և Սիլվեսթեր Ստալոնեն, Մելինա Կանակարեդեսը:
Նշենք, որ «Խոստումը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու ապրիլի 21-ին: Ֆիլմի ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերերում են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը: