▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոսֆորը հիշողություն չունի...

Ես էի, Բոսֆորը, կիսալուսինը ու մթության մեջ

կինոժապավենի պես անցնող պատմական հիշողությունը ՝ սկսած մեծ մորս լալահառաչ պատմությունից մինչև գրադարակներում իրար հետևից շարված Հայոց մեծ եղեռնի դժնիության մասին պատմող մեծ ու փոքր գրքերի պատմություններն ու զրույցները ... Բոսֆորը հիշողություն չունի. իր փոխարեն ես էի հիշում իր ջրերի վրա ու ափերին տեղի ունեցածը:

 

 

 

 

 

 

 

Ես սովորական զբոսաշրջիկ չէի, որ եկել է վայելելու աշխարհի ճիշտ կենտրոնում գտնվող համաշխարհային մայրաքաղաքի գեղեցկություններն ու թովչանքը:

Այդ բոլորը ապրելու ու վայելելու համար ինձ խանգարում է մի շատ կարևոր բան, հիշողության, իմ հավաքական հիշողության գոյությունը, որը «Բոսֆոր»՚ արտասանելիս տակնուվրա է լինում , իսկ Բոսֆորի խաղաղ ու վետվետուն կայլակները նմանվում են գեղեցիկ ու անհուշ մանկան , որ երբեք չի ծերանում, որովհետև իր համար միևնույնն է, թե ով է իր ափերին տիրում, զվարճանում , վայելում, ըմբոշխնում իր տիեզերական անափ հմայքը...

 

 

 

 

 

 

Իսկ ես՝ այդ հրաշափառ քաղաքի քարը քարին դնող շինարարների պես նույն արյան բաղադրությունն եմ կրում, այդտեղ մեղեդիներ հյուսող ու հնչեցնողների պես եմ աշխարհի ձայները լսել, խոսել, այնտեղի վարպետ-արհեստավորների գեղագետ հայացքով տեսել ամենահասարակ իրը, բայց իրենք... իրենք հիմա չկան ..այնինչ կարող էին այստեղ ապրել, արարել, ստեղծագործել...ոչ թե զգուշավոր ու վախվորած՝ տարիներ ու տասնամյակներ շարունակ թաքուն կամ բացահայտ փախչել...

Իսկ Բոսֆորը հիշողություն չունի, նա բացել է իր գեղեցիկ ափերը Արևելքից ու Արևմուտքից եկողների առաջ ՝ որպես անմրցելի տիեզերական գեղեցկուհի...մանավանդ գիշերային անդորրի մեջ իր հմայքը աննկարագրելի է...

 

Սոսե Ղլեջյան

Ստամբուլ-Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին