▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոհար Գասպարյանը անկեղծացել է գործնական և անձնական հարցերի մասին

Life.panorama.am-ի զրուցակիցն է հաղորդավարուհի,  «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ով  «Առաջին ալիքի»  նոր եթերաշրջանում հանդես կգա նոր՝  «Հայաստանի համը» ծրագրով: Այդ հաղորդման շրջանակներում ամեն շաբաթ հաղորդավարուհին մեր երկիրը նորովի կբացահայտի եւ կցուցադրի Հայաստանի հայտնի ու անհայտ տեսարժան վայրերը:

Գոհար, հեռուստադիտողը «Առաջին ալիքի» եթերում շուտով կտեսնի Հայաստանը Ձեր աչքերով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք պատրաստվում «Հայաստանի համը» հաղորդմանը, որպեսզի կարողանաք Հայաստանի տարբեր քաղաքների եւ գյուղերի համն ու հոտը հնարավորինս ճիշտ փոխանցել:

– Այսօր մենք` նոր սերունդը,  ունենք մեր ազգային արժեքները պահպանելու խնդիր: Հանրային հեռուստաընկերության առաքելությունն է ներկայացնել մեր հանրային արժեքներն ու օրինակ ծառայել: Գուցե հենց այդ պատճառով է, որ երբեք չեմ մտածել աշխատավայրս փոխելու մասին: Իմ մտածողությունը համապատասխանում է Հանրայինի առաքելությանը, և ես սիրով համաձայնեցի իմ փոքրիկ լուման ունենալ հայկական ավանդական խոհանոցի պահպանման և Հայաստանի հայտնի ու անհայտ տեսարժան վայրեր այցելության գործում: Մեր երկիրն է՝ իր ողջ գունապնակով, համ ու հոտով: Մենք հեշտությամբ կարող ենք կազմակերպել մեր ճանաչողական ժամանցը Հայաստանի սահմաններում, համտեսել օգտակար ու օրգանիկ համեղ կերակուրներ, որ չես հանդիպի որեւէ այլ երկրում:

Եթե հետեւենք հաղորդման անոնսին, դուք կարծես թե, հաղորդման ընթացքում զբաղվում եք տարբեր աշխատանքներով, մի փոքր կպատմե՞ք նկարահանումների ընթացքում ծագած դժվարությունների եւ խնդիրների մասին (եթե, իհարկե, եղել են այդպիսիք), գուցե նոր արկածների՞ եք հանդիպել մեր երկրում:

– Հեռուստատեսությունում գրեթե չկա մի գործ, որի ընթացքում խնդիրներ չառաջանան, դա նորմալ է, և ես դրա մեջ եմ 12 տարեկանից: Ուղղակի պետք է ճիշտ կողմնորոշվել և չդավաճանել սեփական սկզբունքերին: Նոր արկածներ, նոր մարդիկ, նոր բացահայտումներ … այդ ամենը կա «Հայաստանի համ»-ում:

Գոհար, ի՞նչ նոր բացահայտում եք արել Հայաստանի մասին, որ մինչ այս չգիտեիք:

– Ինձ համար ամենամեծ բացահայտումը մեր հայկական հարուստ խոհանոցն է: Այն, իրոք, շատ բազմաշերտ է և կարող է մրցել աշխարհում հայտնի խոհանոցների հետ: Մսամթերքից, կաթնամթերքից, ձկնեղենից, թռչնեղենից, բուսական, հացահատիկից պատրաստված տասնյակ հետաքրքիր բաղադրատոմսեր: Էլ չասեմ պահածոների մշակույթի մասին եւ ամենահամեղ մրգերից ու մեղրից պատրաստված աղանդերի ու խմիչքների մասին: Ուղղակի ապշելու աստիճան հարուստ խոհանոց է և պատրաստման ու մատուցման ուրույն մշակույթ:

Հայաստանը նորովի ճանաչելուց հետո, Երեւանից բացի ո՞ր քաղաքում կամ գուցե գյուղում կցանկանայիք ապրել:

– Մենք այնքան նոր վայրեր ենք բացահայտում Հայաստանում ճանապարհորդելով, որ յուրաքանչյուր վայրում ուզում ես մի քանի օր ավել մնալ կամ  վերադառնալ ընկերներիդ հետ ու իրենց հետ էլ կիսվել տպավորություներով: Յուրաքանչյուր մարզ ունի իր յուրահատկությունը: Հայրական կողմիս արմատները Վայոց Ձորից են և դա զգացնել է տալիս: Հետո ես համեմատում եմ այլ երկրների տեսարժան վայրերի հետ և օրեցօր համոզվում, որ անսահման հարստություններ ունենք աշխարհին ցույց տալու, ոչ պակաս աշխարհի հրաշալիքների շարքում հայտնված վայրերից: Երբ ծանոթանում ես մեր լեռնային բնության հրաշքներին, հազարամյակների պատմության մասին վկայող մշակույթներին, ուղղակի փշաքաղվում ես: Դե պատկերացրեք Ռոմանի եռակի ոգևորությունը:

Այն հետաքրքիր եւ հաճելի երեւույթների կողքին կա՞ն խնդիրներ, որոնք հայտնաբերեցիք նկարահանումների ընթացքում կապված բնակիչների ապրելակերպի հետ:

– Ճիշտ է, մեր հաղորդաշարը ունի ճանապարհորդական և խոհանոցային ուղղվածություն, հիմնականում լավն է շեշտվում և ոգևորում մարդկանց, բայց դրա հետ մեկտեղ մենք նկատում ենք այն խնդիրները, որն այսօր ունի գյուղացին: Ես մասնագիտությամբ լրագրող եմ և անկախ ամեն ինչից միշտ նկատում եմ խնդիրներն ու մտահոգությունները, հետաքրքրվում եմ նրանց ապրելակերպով: Դա, իհարկե, ծրագրի ձևաչափում չկա, բայց կարող եմ ասել, որ մարդիկ ունեն ուշադրության պակաս: Կարծես հիմնականում մեդիան կենտրոնացած է մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների և խնդիրների վրա, իսկ գյուղացու ձայնը լսելի չէ, հատկապես մի քիչ հեռվում գտնվող գյուղերում: Ճանապարհների բարեկարգման լուրջ խնդիր կա, մշակութային օջախների պակաս և, իհարկե, լուրջ նախադրյալներ կան առևտրի զարգացման տեսակետից, սակայն քիչ տեղերում դրանք կտեսնես: Մի խոսքով, Երևանից դուրս մենք մեր ամեն անկյանը պետք է կյանք տանք և դարձնենք ներկայանալի, չէ՞ որ բնությունն ու գյուղացու աշխատասիրությունը, հմտությունները թույլ են տալիս դա:

Գոհար, կցանկանայի նաեւ անդրադառնալ Եվրատեսիլին, առջեւում մանկական «Եվրատեսիլ 2015»-ն է, ի՞նչ աշխատանքներ են տարվում:

– Օ՜, շատ ծանրաբեռնված ենք այս շրջանում. հանդիսատեսի  դատին ենք հանձնում Միկայի գունեղ ու շատ պարային տեսահոլովակը՝ նկարահանված «LOVE» երգի հիման վրա: Զուգահեռ աշխատում ենք բեմադրության վրա, վոկալի և Սոֆիա այցի կազմակերպման վրա: Ամեն անգամ հիանում եմ մեր պատանիների աշխատասիրությամբ և ձգտումներով: Մեր թիմին շատ հաճելի է աշխատել նրանց հետ:

«Եվրատեսիլ»-ը մեզանում շատ կարեւորվում է, սա է թերեւս պատճատը, որը մարդիկ շատ հաճախ ակտիվորեն քննարկում են տարբեր արտիստների հնարավոր մասնակցությունը, ի վերջո Ձեր իսկ կողմից արդեն ֆավորիտ մասնակիցներ կա՞ն այս տարվա համար:

– Դեռ վաղ է խոսել ֆավորիտներից, դեռ հայտարարում ենք մեր մասնակցին և կենտրոնանում մեր անելիքների վրա: Առաջին երկրներից ենք, որ ներկայացնում է երգչին, ինչը նշանակում է, որ անմիջապես ուշադրության կենտրոնում ենք հայտնվում և ավելի շատ ժամանակ ունենք երգը տարածելու համար: Առաջին տարին է, որ այսքան վաղ ենք սկսել ամեն ինչ, սպասելիքները մեծ են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին