▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարդում էի հորս` Վարդան Պետրոսյանի նամակը, բոլորը հոտընկայս և հուզված ծափահարում էին. Հայկ Պետրոսյան

Asekose.am-ը զրուցել է երգիչ-դերասան Հայկ Պետրոսյանի հետ՝ իր անցած ուղու, դժվարությունների, հոր՝ Վարդան Պետրոսյանի հետ առաջին անգամ համագործակցելու, Շառլ Ազնավուրի հաջողության բանաձև բացահայտելու մասին և ոչ միայն:

Բանակից հետո խոպան չգնալու  արդյունքը

Երբ ծառայում էի, զինվորների ճնշող մեծամասնությունը բանակից հետո իրենց ապագայի զարգացման երկու տարբերակ էին տեսնում` կամ ամուսնանալ, կամ գնալ Ռուսաստան` խոպանի: Ինքս նման ծրագրեր չունեի, այդ պատճառով էլ սկսեցի մտածել, որ վերադառնալուց հետո ես էլ ընտանիք կկազմեմ: Պատկերացրեցի, թե ինչպիսին կլինեմ ես, արդյո՞ք պատրաստ եմ այդ պարտականությունը կրել, պատրա՞ստ եմ ընտանեկան կյանքին, ի վերջո,  ինչպիսին կլինեի ես, եթե լինեի պապա: Այսպես ծնվեց «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման վերնագիրն ու  գաղափարը:

Կին-տղամարդ հարաբերություններ, ապա երեխայի ծնունդ՝ հենց բեմում

«Եթե ես լինեի պապա» մոնոներկայացման ընթացքում արծարծվող թեմաները շատ են: Սկզբում կին-տղամարդ հարաբերությունների քննարկում-վերլուծում է, որի ժամանակ  հանդես եմ գալիս հարցադրմամբ` ինչպե՞ս գտնել հարմար աղջիկ (կամ հակառակը), եթե ուզում ես երեխա ունենալ: Ապա մոնոներկայացման մյուս հատվածում անդրադառնում եմ այն իրավիճակին, որ արդեն ստեղծել ես ընտանիք և պետք է ծնվի երեխա: Ներկայացման ընթացքում ծնվում է նաև երևակայական երեխան, որից հետո էլ անցում եմ կատարում երեխաների թեմային, եթե ես լինեի պապա տեսանկյունից: Այս հատվածում էլ են թեմաները բազմազան. խոսում եմ, թե ինչպիսին են այսօրվա երեխաները, ներկայացնում եմ, թե ինչպիսին էինք մենք և մեր մանկությունը: «Եթե ես լինեի պապա»-ի ընթացքում, առհասարակ, շատ եմ խոսում իմ սերնդակիցների մանկության մասին, որովհետև այնպես ստացվեց, որ այն համընկավ 90-ականների հետ, երբ  պատերազմ  և մութ տարիներն էին, բայց շատ ուրախ մանկություն ենք ունեցել: Մեր ծնողները կարողացան անձնազոհությամբ տալ այդ ջերմությունը, իսկ մեր սերունդը կարո՞ղ է այդ ամենը տալ իր երեխաներին և ի՞նչ ունի փոխանցելու: Նշեմ նաև, որ իմ մանկության համար շատ շնորհակալ եմ ծնողներիս:

Առաջին անգամ աշխատում ենք հորս` Վարդան Պետրոսյանի հետ

«Եթե ես լինեի պապա» ներկայացումը ես եմ գրել ամբողջությամբ, սակայն մեկ մանրուք կա: Այս ժանրի ներկայացումներն իրականում հասարակության պատկերն է, հասարակական երևույթների և դեմքերի, դեպքերի արտացոլումը բեմում` թատերականացված տարբերակավ, ծիծաղաշարժ սկեչերով ներկայացված: Ներկայացման մեջ հատվածներ կան, որոնց մասին ինձ պատմել են կամ էլ ինքս եմ տեսել, այսինքն` կամա, թե ակամա շատ մարդիկ դարձել են այս ներկայացման համահեղինակները: Հնարավոր է, որ շատերն իրենց կամ իրենց պատմածը տեսնեն բեմում: Այս ներկայացման մեջ ինձ օգնում է նաև հայրս` Վարդան Պետրոսյանը: Նա միշտ ինձ խորհուրդներ է տվել թե կյանքի, թե աշխատանքի վերաբերյալ, սակայն սա առաջին դեպքն է, երբ միասին ենք աշխատում: Հայրս ահռելի բեմական փորձ ունի, այդ պատճառով էլ շատ երջանիկ եմ, որ կիսում եմ  այս ամենն իր հետ. իրենից շատ սովորելու շատ բան կա: Օրինակ` հայրս կարող է գրածիս մեջ մի բան կրճատել կամ ավելացնել, միանգամից ամեն ինչ ավելի գունեղ է դառնում: Հարզացրույցից առաջ խաղում էի հորս դիմաց, լարված էի, բայց շատ  դրական էի տրամադրված ցանկացած քննադատության: 

Հայկ Պետրոսյանի նոր «Եթե ես լինեի պապա» մոնոներկայացումը կարող եք դիտել մարտի 21-ին, 28-ին և 29-ին Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում:

 

 

 

 

 

 

 

 

Հիմար որոշում, որը ճակատագրական դարձավ

Երբ 2010 թ-ն մասնակցել էի «Հայ սուպերսթարին», դա արել էի անձնական դրդապատճառներից ելնելով. տխուր էի, մտածում էի` գնամ մի քիչ ցրվեմ, սակայն այդ հիմար որոշման շնորհիվ իմ կյանքն ամբողջովին տակնուվրա եղավ ու փոխվեց: Ես ինձ համար բացահայտեցի թատրոնը, բեմը, երգը: Ես ինձ իրականում հետագայում ավելի շատ որպես երգիչ եմ տեսնում, քան դերասան: Հետագայում կուզեի ստեղծել նոր մի բան, որը կլինի երգչի ու դերասանի միաձուլում...

Հանդիսավարությամբ սկսեցի զբաղվել, որովհետև պետք էր գումար աշխատել

Նախքան ծառայությունս stand up ժանրում արդեն հանդես էի գալիս, վերադառնալուց հետո հասկացա, որ ոչ դրա ժամանակն է, ոչ էլ դրա սիրտն ունեի, սակայն պետք էր գումար աշխատել: Այդ ժամանակ չգիտեի՝ ինչպես գործ գտնել, և ինձ առաջարկեցին կորպորատիվ երեկոներ վարել: Սկսեցի այդ աշխատանքն էլ կատարել, ինչի համար ընդհանրապես չեմ ափսոսում: Իհարկե, կան մարդիկ, ովքեր ամաչում են նման աշխատանքի համար, ինչը սխալ է. ազնիվ քրտինքով կատարած աշխատանքը երբևէ ամոթալի չէ: Կատարում եմ աշխատանքս, մարդիկ էլ գոհ են մնում: Հանդիսավարությունն ինձ շատ մեծ փորձ է տվել: Կարծում եմ՝ կոտրել եմ թամադայական աշխարհի կարծրատիպերը, ընթացքում նաև երգում եմ: Հիմա էլ եմ այդ ամենով զբաղվում, ինչն իմ հիմնական ֆինանսական աղբյուրն է:

Իր ընտանիքի դժվար օրերի մասին

Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, երբ ժամանակը գա հայրս՝ Վարդան Պետրոսյանը, ինքը կխոսի այդ մասին: Չեմ խոսում ոչ թե ասելիք չունենալու պատճառով, այլ պարզապես դեռ ժամանակը չէ:

Ինչպես բացահայտեց Շառլ Ազնավուրի հաջողության գաղտնիքը

Քանի որ բազմաֆունկցիոնալ երիտասարդ եմ (ժպտում է), հանդես եմ գալիս համերգային մի քանի ծրագրերով: Կազմել եմ ծրագիր, որում ելույթ եմ ունենում կիթառով, հեղինակային կեսկատակ-կեսլուրջ երգերս են՝ համեմված stand up-ային սկեչերով: Ինչպես նաև ունեմ մեկ այլ ծրագիր, որում հանդես եմ գալիս բենդի հետ և այն կոչվում է «Հայկ Պետրոսյանը երգում է Ազնավուր»: Կատարում էի նրա երգերը (մի քանիսը հայերեն թարգմանությամբ) և պատմում էի նրա կյանքի մասին: Ազնավուրի կյանքից ներկայացնում էի այնպիսի դրվագներ, որոնց մասին քչերը գիտեն, պատմում էի, թե ինչպես ենք ես և հայրս նրան հանդիպել, կամ ինչպես եմ բռնել նրա La boheme-ի հայտնի թաշկինակը: Ազնավուրի կյանքի մասին խոսելն ուղղակի վավերագրական բնույթ չէր կրում, ուզում էի մարդկանց փոխանցել նրա հաջողության բանաձևը, այսինքն՝ այն, թե ինչպես ստացվեց, որ այդ աղքատ, դպրոց չհաճախած տղան մի օր դարձավ լեգենդ: Ազնավուրը մեկ անգամ ասել է. «Աստված ինձ ոչ հասակ է տվել, ոչ տեսք, ոչ էլ ձայն, բայց ինձ տվել է համառություն»: Ի տարբերություն այսօրվա, երբ կարող ես հայտնի դառնալ ընդամենը մեկ երգ համացանցում տեղադրելով, Ազնավուրն իր հաջողության համար պայքարել է 20 տարի: Նրա առաջ բազմաթիվ փակ դռներ կային, սակայն նա իր համառությամբ կոտրել էր դրանք այն դեպքում, երբ երեք անգամ մտածել էր ինքնասպանություն գործելու մասին: Բացի համառությունից, կարծում եմ, որ Ազնավուրին օգնել է նաև այն, որ սիրում է կյանքը և աշխարհը. նրա աչքերն ուղղակի փայլում են երեխայի աչքերի պես: Ի դեպ՝ համերգ-ներկայացման ավարտին մի փոքր հատված էի կարդում հորս նամակից, որում նա պատմում էր, թե ինչպես կարելի է սիրել կյանքը ճաղերից այն կողմ: Այդ նամակը հայրս ինձ գրել էր Նուբարաշենից: Շատ հուզիչ պահ էր, բոլորը հոտընկայս ծափարում էին՝ կարծես և ինձ, և հորս: Այդ համերգային ծրագրով դեռ նորից եմ հանդես գալու, գուցե ավելի մեծ մասշտաբներով, միայն թե այս անգամ կանենք նաև բարեգործական համերգ՝ ի նշան այն բանի, որ Ազնավուրը նաև մեծ բարեգործ է:

Գեներալ դառնալու մասին

Ես սկզբից այստեղ հայտնի կդառնամ, ապա կտեղափոխվեմ Ֆրանսիա, իսկ այնտեղ հայտնի դառնալուց հետո էլ կմեկնեմ ԱՄՆ: Միացյալ Նահանգներում էլ հայտնի կդառնամ, իսկ եթե այնտեղ հայտնի ես, ուրեմն ամբողջ աշխարհում ես հայտնի: Այդ ժամանակ գիտությունն այնքան զարգացած կլինի, որ Մարս թռնելը կլինի սովորական բան, և ես կլինեմ առաջին արտիստը, ով հյուրախաղերով մեկնում է Մարս կամ Պլուտոն, չէ՞ որ հայերն ամեն տեղ պետք է առաջինը լինեն: Իսկ եթե լուրջ, ապա ցանկանում եմ հասնել հնարավորինս մեծ հաջողությունների այս ասպարեզում: Ժամանակին մի աղջկա էի սիրահարված, հետո նա սկսեց հանդիպել մի տղայի հետ, ով, եթե չեմ սխալվում ենթասպա էր, ես էլ վշտի մեջ էի, սակայն ընկերոջս հայրն ասաց. «Հայկ ջան, չմտածես, դու քո գործում գեներալ ես դառնալու»: Իրականում այս վերջին երկու տարիների ընթացքում շատ բան է փոխվել իմ կյանքում, բայց մի բան կա, որ մնացել է անփոփոխ՝ մարդկանց ուրախացնելու, ժպիտ պարգևելու, հուզելու, ինչ-որ բան ասելու մեծ փափագս: Հուսամ հաջողությունը կուղեկցի ինձ:

Հեղիանակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին