▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա մեր վերջին պայքարը չէ». 20 տարի առաջ` այս օրն է զոհվել Մոնթե Մելքոնյանը

«Ես երդում տված եմ և կպատկանիմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է: Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս անգամ չեմ խնայի»...

«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ այլ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը»:

Մոնթե Մելքոնյան

20  տարի առաջ` այս օրն է զոհվել ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանը, ում դերն անգնահատելի է Արցախյան ազատամարտում կերտած հաղթանակի գործում:

1993-ի հունիսի 12-ին` հերթական ռազմագործողությունից հետո, Մոնթեն մի քանի ընկերներով Աղդամի շրջանի Մարզիլի գյուղ մոտակայքում  հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարել է  հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձել է  նրա ղեկավարներից մեկը:

1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվել է  հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվել է  կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշել է  վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարել է՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտել է  Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս է եկել 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանել է  Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ստացել է Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնել Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնել է Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահել է  բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարել է ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվել է  նաև Քարվաճառը:

 

«Գոնե ինձ համար ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում: Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը ինձ հայտնի հրամանատարները իշխել են կամքով, ուժով, սիստեմի ատամնանիվներով և այլն: Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ: Պատկերացրեք 30- 40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էքզյուպերիի Փոքրիկ իշխանի ազնվությամբ ու պարզությամբ...այս կերպարի դեմ խաղ չկա: Սա իր ետևից բանակներ կարող է տանել: Կուզեի` «Դանկոյի սիրտը» գրված չլիներ, նյութը փչացրել են, իսկ կերպարը Մոնթեին շատ է բնորոշ»:

Վազգեն Սարգսյան

«Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։
Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։
Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը»:

Սեյրան Օհանյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին