▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փորձում են տեսնեն, թե ինչքան կձգի էս ժողովուրդը». սահմանամերձ Մովսեսի առօրյան

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի մասին հազվադեպ է հիշատակվում` առիթից առիթ, թերևս միայն այդ դեպքերում, երբ հակառակորդը կրակ է բացում գյուղի վրա: Ու միանգամայն տեղին է գյուղի տարեց բնակչուհիներից մեկի վրդովմունքը, թե «Մովսեսն ամենաանտեսված գյուղերից է»:  Մինչդեռ անթույլատրելի է անտարբերությունը ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղի նկատմամբ:

Մովսեսցիները  շատ լավ գիտեն`  ինչ ասել է պատերազմ: Սահմանն ու պատերազմն այստեղ առավել շոշափելի են, խաղաղություն կոչվածն` առավել փխրուն, իսկ առօրյա խնդիրներն ու հոգսերը`  ավելի ընդգծված ու կնճռոտ...

ASEKOSE.am-ի թղթակիցն այցելել է Մովսես գյուղ, զրուցել համայնքի ղեկավարի, բնակիչների հետ:

Մեր այցելության պահին գյուղը մարդաշատ էր, աղմկոտ. բակային ճամբար էր կազմակերպվել: Արտաքուստ անհոգ թվացող գյուղից սակայն անզեն աչքով երևում են հակառակորդի դիրքերը:

Գյուղի հեռավորությունը հակառակորդի դիրքերից ընդամենը 300 մետր է: Ամբողջ տարածքը նշանառության տակ է: Այստեղ հաճախ են կրակոցներ լսվում, թեև վերջին շրջանում դրանք հազվադեպ են դարձել: Վերջին դեպքը փետրվարին էր, երբ դիպուկահարի գնդակից զոհվեց պահմանագրային զինծառայող Մհեր Եղշատյանը:

Թեև որոշ խնդիրներ լուծվել են, այնուամենայնիվ դժվարությունները շատ են: Համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը նախքան բնակիչներին հուզող հարցերին անդրադառնալն` առանձնացնում է  ամենամեծ խնդիրը.

«Մեր ամենամեծ խնդիրը խաղաղությունն է: Եթե խաղաղություն լինի, մարդիկ կվերադառնան»:

Համայնքի ղեկավարն առանձնանցնում է ջրապահովման խնդիրը` նշելով որ այն ամենահրատապ լուծում պահանջողներից է. նրա խոսքով`

«Երևի որևէ գյուղ այնքան ջրային պաշար չունի, որքան Մովսեսը, բայց չի օգտագործվում: Չենք կարողանում գոնե 4 օրը մեկ բնակչությանը ջրով ապահովել:»

Գյուղում ընդամենը 30 աշխատատեղ կա, համայնքի ղեկավարի խոսքով` եթե նրանցից մեկը զրկվի աշխատանքից, մեկ շաբաթ անց օդանավակայան կգնա:

Մշակովի հողատարածքներն անմիջապես նշանառության տակ են: Մշակվում է գյուղին պատանող հողատարածքների 50 տոկոսը միայն:

«40 հա աշնանացան ունենք հնձելու: Ունենք 2 կոմբայն, սակայն դարն ապրած են: Նախագահը երբ նախընտրական ծրագրով Մովսես էր եկել, կոմբայն է խոստացել, դեռ չկա, սակայն սպասում ենք: Սա օրախնդիր է»,-ասում է համայնքի ղեկավարը:

***

  Գյուղի տարեցները գյուղամեջում նստած քննարկում են  վերջին իրադարձությունները` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստը, Աուրելիա Գրիգորիուի պահվածքը` մեր խորհրդարանում: Իրենց հուզող խնդիրների, հոգսերի մասին մեր հարցին ի պատասխան խորը հոգոց են հանում ու միմյանց լրացնելով` պատմում.

«Հակառակորդը շատ է մեզ խանգարում: Չենք կարողանում մեր հողերը մշակել, քանի որ նշանառության տակ են: Շատ դեպքեր են եղել, կրակում են, հողից հանում: Մարդիկ սաղավարտներով են հող մշակում:  Խնդիրները շատ են: Վառելանյութը թանկ է: Գոնե չկարողանան՞ք մեր հացը վաստակել: Կոմբայն չունենք»,- ասում է 84-ամյա Աշոտ Վանեսյանը և ի պատասխան մեր դիտարկմանը, թե նախագահը հողի հարկից ազատել է, հավելում.

«Էդ հողերը չէինք էլ մշակում, բայց հարկ էինք տալիս, իմ տղերքը Ռուսաստանում են, բայց նրանց տեղն էլ էի հարկ վճարում:»

Համատարած թանկացումները ևս խիստ մտահոգիչ են.

«Գազը թանկացավ, էլ իմաստը ո՞րն է գազ օգտագործելու: 2 կետ ունեմ քաշած, մեկն ընդհանրապես չեմ օգտագործում, մյուսից էլ երևի չօգտվեմ: Ոչ նպաստառու եմ, ոչ թոշակառու: Ամեն ինչը թանկացրին:»,- ասում է 60-ամյա Սարգիս Խաչատրյանը:

Արտագաղթըն այստեղ ամենացավոտ խնդիրներց  է.

«Շատ-շատ են փակ դռները, որ գյուղում շրջես, կտեսնես»,- հավաստիացնում են բնակիչները:

«Բոլորը գնացել են, մնացել են ծերերը: Ես 20 հոգի ունեմ դրսում` տղաներս, աղջիկս, թոռներս: Այստեղ ես ու կինս ենք»,- ասում է Աշոտ Վանեսյանը:

«Տղերքս Ռուսաստանում են, բայց հազիվ իրենց են պահում: բԲլորին հարցրեք, տուն չկա, որ դրսում մարդ չունենա: Գոնե մի գործարան չեն բացում, որ ջահեները բանակից գան, կարողանան ածխատել, թողնում, գնում են:»,- լրացնում է Սարգիս Խաչատրյանը:

Գյուղում շատ են նաև պատերազմի տարիներին կռված, իսկ այսօր  այդ մասին վկայող որևէ փաստաթուղթ չունեցող տղամարդիկ:

«Կռվել եմ, բայց ժամանակին չեմ պատկերացրել, որ պետք է փաստաթուղթ ունենամ: Նույնիսկ վիրավորվել եմ»,- ասում է Հրանտ Այվազյանը:

 Հ.Գ. Առօրյա հոգսերին ավելանում է նաև ամենօրյա անխուսափելի վտանգը` հակառակորդի կողմից: Այնքան բազմաբնույթ են սահմանամերձ գյուղի խնդիրները, որ մեր զրուցակիցները դժվարանում են դասդասել, թե որն է առաջնահերթ լուծում պահանջողը:  Սակայն, այս պայմաններում անգամ որևէ հոգածություն չկա, սահման պահող այս մարդիկ որևէ արտոնություն չունեն: Որևէ մեկը նրանց չի խրախուսում, չի գոտեպնդում:

«Փորձում են տեսնեն, թե ինչքան կձգի էս ժողովուրդը»,- այսպես է եզրափակում մեր զրուցակիցը:

Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին