▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմությունն ու բարությունը մեր քաղաքի հենքային բնութագիրն է. Մարիա Բարաղամյան

«Էրեբունի-Երևան» տոնակատարությունը մայրաքաղաքի զբոսաշրջության զարգացման յուրօրինակ խթան է դարձել ու հատկապես տոնական օրերին տարեցտարի ավելի շատ թվով զբոսաշրջիկներ են այցելում Երևան: Այս և «Էրեբունի-Երևան»-ի այլ մանրամասների մասին մենք զրուցեցինք Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանի հետ:

«Իմ ջերմ ու բարի քաղաք» կարգախոսը որքանո՞վ է համահունչ Երևանին:

-Իմ կարծիքով այս կարգախոսը Երևանի լիարժեք բնորոշումն է, քանի որ մեր քաղաքը նախ և առաջ այն ջերմ ու բարի մարդիկ են, ովքեր ապրում, արարում ու ստեղծագործում են մեր քաղաքում: Ու նրանց հավաքական անունն է Երևանցի: Հենց մեծատառով, քանի որ ոչ նրանց մասնագիտությունը, ոչ էլ քաղաքի այս կամ այն հատվածում բնակվելը բնավ չի խոչընդոտում մեր քաղաքի զարգացման գործում ամեն Աստծո օր նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ունենալուն: Ի դեպ, «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային երթուղու կարգախոսն էլ է ընտրված մեր քաղաքի ջերմության հենքով՝ «Երևան, զգա ջերմությունը»: Ու իմ խորին համոզմամբ ջերմությունն  ու բարությունը մեր քաղաքի հենքային բնութագիրն է:

Արդյո՞ք տվյալ տարածաշրջանի բնակիչների բնավորությունն ու նկարագիրը կարևոր պայման են զբոսաշրջության զարգացմանը խթանելու հարցում:

Զբոսաշրջությունը խթանելու հարցում, իրոք, անչափ կարևոր է բնակիչների վերաբերմունքը զբոսաշրջիկի նկատմամբ: Նրանց ստացած ընդհանուր դրական տպավորության գլխավոր բաղադրիչը հենց տեղի բնակիչների վերաբերմունքով է պայմանավորվում, ինչը կարելի է նաև որակել որպես մեծ ներդրում զբոսաշրջության խթանման ու զարգացման կարևոր գործում: Ու դա բնական է, քանի որ ցանկացած քաղաք կվերածվի սառն ու դատարկ տարածքի, եթե այնտեղ մարդիկ չբնակվեն: Ու դժվար թե որևէ զբոսաշրջիկ ցանկություն հայտնի այցելել անմարդաբնակ, ամայի տարծքներ: Ինչ վերաբերում է մեր քաղաքին, ապա ընդունված է ասել, որ Երևանը վարդագույն և արևոտ քաղաք է: Անշուշտ դա այդպես է, բայց և ջերմ ու բարի է մեր Երևանը, քանի որ ունի ամենամեծ հարստություններից մեկը՝ ջերմ ու բարի բնակիչներ: Օրեր անց կնշենք մեր սիրելի քաղաքի 2797 ամյակը: Դժվար է անգամ պատկերացնել, թե այդ շուրջ 3 հազարամյակից քանի՞ տարին կգոյատեվեր մեր հնամենի քաղաքը, եթե չունենար այն արարող, սրտացավ ու սեփական բնակատեղին սիրող քաղաքացիներին, որոնց անմիջական ջանքերով ու նվիրումով էլ հազարամյակներ շարունակ կերտվել է Երևանի պատմությունը: Եվ այս տարի ուզում ենք, որ մեր քաղաքի հյուրերը նաև հենց այդ տեսանկյունից բացահայտեն մեր քաղաքի երկարակեցության գաղտնիքը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ միայն մշակութային կոթողներն ու ճարտարապետական լուծումները բավարար չեն որևէ քաղաքի մասին լիարժեք տպավորություն կազմելու համար: Մեզանից յուրաքանչյուրին էլ մշտապես գերել ու գերելու է մարդկանց վերաբերմունքը, նրանց հարաբերվելու ունակությունը: Իսկ որ մենք՝ հայերս, հյուրասեր ենք ու գիտենք հյուր ընդունելու և ճանապարհելու կարգը, կասկած անգամ չկա: Եվ ես համոզված եմ, որ մեր սիրելի քաղաքի տոնի առիթով մեր քաղաք այցելած բոլոր հյուրերին հերթական անգամ միասին պատվով կապացուցենք, որ ամենահյուրասեր, ամենաջերմ ու բարի տանտերերն ենք:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրիս ծննդյան տոնը կազմակերպելը որոշակի ծանրաբեռնվածություն է ենթադրում: Կարծում եմ քաղաքի ծննդյան օրվա նախապատրաստական աշխատանքներն այդ տեսանկյունից գերծանրաբեռնված նախապատրաստական փուլ է պահանջում: Ինչպե՞ս եք հաջողում հասցնել ամեն ինչ:

Անշուշտ, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հատկապես տոնի նախօրեին, բավականին շատ է, բայց համոզված եղեք, որ դա ինձ համար հաճելի ծանրաբեռվածություն է, քանի որ տարիներ շարունակ լինելով կազմակերպչական խմբում, ինձ պարտավորված ու պատասխանատու եմ զգում, որպեսզի մեր համաքաղաքացիներն ու քաղաքի հյուրերը լիարժեք վայելեն քաղաքի տոնը: Չեմ թաքցնի, որ սիրում եմ տոն կազմակեպել, մարդկանց ուրախություն պարգևել, լինել միջոցառումների առանցքում և լավ տրամադրություն ապահովել բոլորի համար: Քաղաքի տոնի դեպքում էլ է նույնը, սիրով եմ աշխատում, առավել ևս, որ արդեն կա ձևավորված է հրաշալի թիմ, որը նույն խանդավառությամբ ու նվիրումով աշխատում է ամեն տարի:

Արդյո ՞ք չեք հոգնում տարիներ շարունակ կազմակեպել նույն տոնակատարությունը:

Ամենևին, քանի որ ամեն անգամ նորովի եմ մոտենում, նոր շնչով ու էներգիայով եմ աշխատում: Մշտապես ավելանում են նոր միջոցառումներ: Անշուշտ, հիմնական գիծը պահպանվում է, բայց նոր մտքեր միշտ կան: Այս տարի, օրինակ, լինելու է «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցադրություն: Խաչքարերի տեսքով ներկայացվելու են այն սեպագրերը, որոնց բնօրինակները վերցված են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Սեպագրերի հիման վրա պատրաստվել են խաչքարեր, որտեղ ներկայացվում է Էրեբունի-Երևանի պատմությունը, ներկայացվում են տարբեր դրվագներ մարդկանց կյանքից, պատմական ակնարկներ: Այս տարվա նորություններից է նաև «Նվիրում ենք մայրաքաղաքին» մարզերի ողջույն համերգը, որի շրջանակում ՀՀ տարբեր մարզերի քաղաքներից կգան համույթներ՝ իրենց ելույթները համայն հայության մայրաքաղաք Երևանին նվիրելու: Նորություն է նաև «Հին ու նոր Երևան» լուսանկարչական ցուցահանդեսը, որը ներկայացնում է «Ունիսոն» հասարական կազմակերպությունը: Ցուցահանդեսում ընդգրկված են սահմանափակ կարողություններ ունեցող մեր համաքաղաքացիների լուսանկարները:

Տոնական օրերի ծրագիրը բավականին հագեցած է ու մանրամասներին ամբողջությամբ կարող եք ծանոթալ  Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

Միայն մշակութայի՞ն միջոցառումներ են ներառված «Էրեբունի-Երևան»-ի ծրագրում

- Ոչ, արդեն երկրորդ տարին է, որ «Էրեբունի-Երևան» տոնն ունի նաև սոցիալական բաղադրիչ, որի շրջանակում քաղաքի տարիքը խորհրդանշող  քանակով, այս տարվա պարագայում 2797 տարատեսակ կենցաղային իրեր նվիրվում են այդքան ընտանիքների: Այդպիսով նաև մեր քաղաքացիներն են տոնին ընդառաջ զգում քաղաքի տոնի բերկրանքն և ջերմությունը: Նվերներ ստացող քաղաքացիների շարքում ընդգրկված են Հայրենական պատերազմի վետերաններ, Արցախյան և աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախում զոհվածների, Արցախյան պատերազմի հաշմանդամների, հակառակորդի հետ շփման գծում 2014-2015թթ. զոհված զինծառայողների, հաշմանդամներ ունեցող, ինչպես նաև միաժամանակ 2 զինծառայողներ ունեցող, գիտության և մշակույթի գործիչների, վաստակաշատ բուժաշխատողների և մանկավարժների ընտանիքներ:

«Էրեբունի-Երևան»-ի Տոնական միջոցառումներից հատկապես որո՞նք են, որ ամենաշատն եք սիրում ու սպասում:

Մեր քաղաքի տոնը սիրում եմ իր ամբողջության մեջ, որովհետև յուրաքանչյուր միջոցառումը ամբողջի մի մասնիկն է: Բայց, այդուամենայնիվ շատ եմ սիրում տոնական օրվա մեկնարկը՝ առավոտյան ջրցան մեքենաների շքերթը: Այն ինձ տանում է մանկություն, դեպի իմ ծնողների երիտասարդ տարիների Երևան: Ու հետո, այս ավանդույթը շատ խորհրդանշական է: Փողոցը լվացող ջրաշիթերը ասես արթնացնում են մեր հազարամյա, բայցև միշտ երիտասարդ քաղաքին ու մաղթում են նրան, որ հավերժ ապրի: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին