▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշ ստոմատոլոգներ ներկայանում են բժիշկ-իմպլանտոլոգներ` վարկաբեկելով մեթոդը

Հարցազրույց Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցիացիայի նախագահ, Օստեոինտեգրացիայի Եվրոպական Ասոցիացիայի անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարեն Լևոնի Գրիգորյանի հետ:


- Պարոն Գրիգորյան, հանդիսանալով Հայաստանում ատամնային իմպլանտացիայի հիմնադիրներից մեկը, ասացեք խնդրեմ ինչ վիճակում է այն այսօր մեր երկրում և առկա ինչ խնդիրներ կան


- Ատամնային իմպլանտացիան, հանդիսանալով ստոմատոլոգիայի ոլորտի արագ զարգացող ճյուղերից մեկը , վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև հայ ստոմատոլոգների շրջանում և գրանցել մեծ տեղաշարժեր: Այդ մասին վկայում են կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները, կոնֆերանսները և ուսուցողական սեմինարները: Դա շատ ողջունելի է, քանի որ ելնելով այսօրվա մեր կենսամակարդակից Հայաստանում մասնագետների մեծամասնությունը, չունենալով համապատասխանաչափ հնարավորություն` ծանոթանալու ատամնային իմպլանտացիայի նորագույն մեթոդներին և մասնակցելու արտերկրում կազմակերպվող հեղինակավոր կոնֆերանսներին` կարող են գոնե համապատասխան գիտելիքներ ստանալ Հայաստանում:

Չնայաց այս ամենին, ցավով կարող եմ նշել, որ հաճախ առընչվում ենք կատարված աշխատանքների ոչ միշտ բարձր որակի հետ, որը կարծում եմ անթույլատրելի է տվյալ պարագայում: Բժիշկ – իմպլանտոլոգի աշխատանքը իրականում բավականին պատասխանատու գործընթաց է, իսկ որակյալ արդյունքը պայմանավորված է շատ գործոններով: Դրանցից են վերջին հաշվով կախված իմպլանտատների սերտաճումը, երկարակեցությունը և ֆունկցիոնալ արժեքները:

-Ունենալով 17 տարվա գիտական և պրակտիկ փորձ ասացեք խնդրեմ` ինչպես ճիշտ ընտրել բժիշկ-իմպլանտոլոգի և վերջապես այսօր շուկայում առաջարկվող տարբեր իմպլանտացիոն համակարգերից ինչպես ընտրել լավագույնը

- Մեր երկրում նորմատիվային դաշտը ատամնային իմպլանտացիայի վերաբերյալ կանոնակարգված չէ: Սովորաբար ատամնային իմպլանտացիա պետք է իրականացնեն միայն բժիշկ վիրաբուժ-ստոմատոգները, ովքեր հատուկ մասնագիտացել են ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայում: Որոշ երկրներում համապատասխան նեղ մասնագիտացում կարելի է անցնել միայն ոչ պակաս, քան 5 տարվա վիրաբուժական փորձ ունենալուց հետո: Կարծում եմ ավելորդ է նշել, որ կլինիկան, որտեղ իրականացվում է ատամնային իմպլանտացիա, պետք է ունենա հատուկ հավաստագիր վիրաբուժական ստոմատոլոգիական գործառույթ իրականացնելու վերաբերյալ:

   Այսօր շատ երիտասարդ ստոմատոլոգներ մեր երկրում ներկայանում են  որպես բժիշկ-իմպլանտոլոգներ` անտեսելով համապատասխան գիտելիքների և փորձի առկայության անհրաժեշտությունը: Արդյունքում անորակ բուժումից, հնարավոր բարդությունները ժամանակին չկանխելու հետևանքով տուժում են պացիենտները, իսկ մեթոդը վարկաբեկվում է:

    Ինչ վերաբերում է իմպլանտատներին կարող եմ ասել, որ այսօր շուկայում մեզ առաջարկվում են  տարբեր երկրների արտադրողների իմպլանտացիոն համակարգեր` որակյալից մինչև ամենաանորակը:  Իմպլանտատների ընտրության հիմքում պետք է ընկած լինի մասնագետի պրոֆեսիոնալիզմը, քանի որ առաջարկվող իմպլանտատները շատ տարբեր են իրենց որակական ցուցանիշներով: Մասնագետը ինքը պետք է կարողանա ընտրել առաջարկվող բազմազանությունից ամենանպատակահարմարը տվյալ պացիենտի կոնկրետ իրավիճակի համար:

Իմպլանտատների ընտրության հարցում նախապատվությունը  տրվում է այն արտադրողներին, որոնց արտադրանքը համապատասխանում է վերահսկման խստագույն նորմերին, որոնցից են`  FDA -ը և CE-ն: Այս  նորմերին համապատասխանում են, որպես կանոն, ԱՄՆ –ի և Եվրոպական մի շարք արտադրող ընկերությունների արտադրանքները:

Եթե որոշել եք տեղադրել իմպլանտատներ, խորհուրդ կտայի առաջին հերթին վստահ լինել իմպլանտոլոգի ընտրության հարցում: Նրա որակավորումից, աշխատանքային փորձից,  կիրառվող մեթոդներից և կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածությու-նից է կախված լինելու Ձեր ատամների ճակատագիրը:

Հայաստանում մեծ վստահություն են ներշնչում այն իմպլանտոլոգները, ովքեր Հայաստանի Իմպլանտոլոգների Ասոցացիայի և այլ երկրների ասոցիացիաների լիիրավ անդամներ են: Դա վկայում է նրանց բարձր մասնագիտական որակավորման և պրոֆեսիոնալ միությունների կողմից ընդունման մասին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին