▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես Խրուշչովը Բյուրականում մասնակցեց աստղադիտակի բացման արարողությանը

1908 թվականի սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում ծնվել է  ականավոր գիտնական, աստղագետ, աստղաֆիզիկոս, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր, 20-րդ դարի խոշորագույն գիտնական  Վիկտոր Համբարձումյանը:

1928 թվականին ավարտել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգի) համալսարանը, ապա սովորել է ԽՍՀՄ ԳԱ Գլխավոր (Պուլկովոյի) աստղադիտարանի ասպիրանտուրայում: Եղել է ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի հիմնադիր վարիչը,  Լենինգրադի համալսարանի աստղադիտարանի տնօրենը:

Համբարձումյանը մեծ ներդրում ունի տեսական աստղաֆիզիկայի, աստղերի ու միգամածությունների ֆիզիկայի, աստղաբաշխության ու աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության և գալակտիկաների էվոլյուցիայի բնագավառում:

1946-1988թթ  եղել է ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր տնօրենը: Անվանի հայ գիտնականի, նրա կողմից ձեռք բերված Շմիդտի աստղագիտակի մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:

«Նա հումորով մարդ էր, այն էլ՝ սուր հումորով: Մեզ մոտ տեսաբան–աստղագետներն աշխատավարձ ստանալուց հետո գնում խմում էին, նշում էին և մեկ օր  տնօրենի տեղակալը գալիս է Համբարձումյանի մոտ ու բողոքում, որ այդպես շարունակել հնարավոր չէ, տեսաբանները միշտ հարբած են աշխատավարձի օրը: Համբարձումյանն էլ ասում է, թե գուցե նրանց աշխատավարձը հաջորդ օրը տա՞ք»,- հուշերից մի պատառիկ ներկայացրեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով  յուրօրինակ, գուցե նաև մտածված ձևով ձեռք բերած Շմիդտի աստղադիտակին՝  Արեգ Միքայելյանը նշեց, որ Գերմանիայում, դեռևս 1939 թվականին, գերմանացի քաղաքական գործիչ, նացիոնալ-սոցիալիզմի հիմնադիրներից մեկը՝ Հիտլերը, ցանկացել է  Իտալիայի ֆաշիստական վարչակարգի ղեկավար Մուսոլինիին նվեր մատուցել՝ դիտակի տեսքով:

«Այն պատրաստվում էր քաղաքի «Կառլ Ցայզ» գործարանում:  Պատերազմի ժամանակ դիտակի պատրաստման աշխատանքները դադարել են, իսկ ավարտից հետո, քանի որ Գերմանիան պարտվել էր, իբրև  ռազմաավար սարքավորումներ են վերցրել:

Վ. Համբարձումյանն էլ, Անգլիայից վերադարձի տոմսն այնպես է վերցնում, որ գնար, տեսներ, հետազոտեր այդ դիտակը.սա դեռևս 1948 թվականին:

Հետո սարքավորումները Սանկտ Պետերբուրգ են տարվում և կարգի բերելուց հետո սկսում են որոշել, թե որ աստղադիտարանին ինչ տան: Ամենայն հավանականությամբ Համբարձումյանը ժամանակին «աչք էր դրել» Շմիդտի աստղադիտակին, քանի որ այն լայն տեսադաշտով դիտակ էր, հնարավորություն ուներ լայնորեն ուսումնասիրել աստղային համակարգը»,-նկատեց Արեգ Միքայելյանը:

Նշենք, որ Բյուրականի աստղադիտարանի Շմիդտի 1 մետր տրամագծով աստղադիտակը Շմիդտի դասի աշխարհում ամենախոշոր դիտակներից մեկն է:  Աշխարհում նման 8 դիտակ կա, որոնցից մեկը Հայաստանում է: Այն տեղադրվել է 1960թ. ԲԱ-ի գլխավոր տարածքում՝ 1397մ  բարձրության վրա.

«Պաշտոնական բացմանը ներկա են եղել մի շարք քաղաքական գործիչներ, իսկ ԽՄԿԿ առաջին քարտուղար Խրուշչովը մասնակցել է բացման արարողությանը՝ կտրելով կարմիր ժապավենը: Սա միակ դեպքն է, երբ քաղաքական գործիչները կապ ունեն նման իրադարձության, միջադեպի հետ. Լենին, Խրուշչով, Մուսոլինի…»,-նշեց Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավարը:

Ինչ վերաբերում է աստղադիտակի մինչ օրս գործածությանը, Արեգ Միքայելյանն ասաց, որ ճիշտ է, տեխնիկապես աշխատում է, բայց գիտական աշխատանքներ չեն կատարվում.

«Շմիդտի 1մ աստղադիտակի աշխատանքը դադարեցվել է 1991թ. և այդ ժամանակից ի վեր ոչ մի դիտում չի իրականացվել: Որպեսզի թվային ժամանակակից աշխարհում աշխատանքներ կատարվի՝ զգալի միջոցներ են անհրաժեշտ»,-եզրափակեց աստղագետը:

Հավելենք, որ Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը  2009 թվականից Հայաստանում հռչակվել է որպես  Աստղագիտության օր: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին