▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ ասաց, որ Արցախի ինքնորոշումն անկախացում կամ Հայաստանին միանալ է նշանակում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը, համաձայն որոնց՝ կողմերը պետք է սահմանեն դրա վերջնական իրավական կարգավիճակը ապագայում՝ փոխադարձ համաձայնությամբ եւ իրավական պարտավորեցնող կամարտահայտմամբ: Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների մեջ գտնվող տարածքին, որը Բաքվի կողմից չի վերահսկվում, պետք է ժամանակավոր կարգավիճակ տրվի, որն առնվազն ապահովում է անվտանգության եւ ինքնավարության երաշխիքներ։ Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որեւէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Պետք է լինի միջանցք, որը կմիացնի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է լինի բավականաչափ լայն՝ անվտանգ փոխադրումների ապահովման համար։ Սակայն այն չի կարող ներառել Լաչինի ամբողջ շրջանը: Հարատեւ կարգավորումը պետք է ճանաչի բոլոր տեղահանված անձանց եւ փախստականների իրավունքը՝ վերադառնալ բնակության նախկին վայր: Կարգավորումը պետք է իր մեջ ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղարար միջոցառումներ: Գոյություն չունի սցենար, որում խաղաղությունը կարող է ապահովված լինել առանց լավ նախապատրաստված խաղաղ գործողությունների, որոնք վայելում են բոլոր կողմերի վստահությունը:

Հայ հասարակությունը միանգամից արձագանքեց հատկապես սոցիալական ցանցերում՝ շեշտելով իր որոշումը, որն է՝ մեր հողերը երբեք ոչ մեկի չենք տալու: Նրանք նաև համանախագահներին հորդորում են գնալ ու պատմություն կարդալ:

Դիվանագետ Արա Պապյանի խոսքով՝ այն, ինչ ասել է Հոգլանդը՝ նորություն չէ.

-Դրանք Մադրիդյան 6 սկզբունքներն են, որոնց մասին շատ է խոսվել: Ասվել է նաև, որ Կազանի փաստաթուղթը դրա հիման վրա է կազմված, սա էլ է հրապարակված, ավելին՝ Սերժ Սարգսյանը տվել է Կազանի փաստաթղթի վերաբերյալ իր համաձայնությունը: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ մեր տեսակետը հիմնականում համընկնում է միջնորդների առաջարկներին, որոնք հենց այդ կետերն են,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արա Պապյանը:

Դիվանագետի կարծիքով՝ այդ կետերը ներկայացվեցին ՀՀ նախագահի՝ Սոչի այցի ժամանակ, որովհետև, ամենայն հավանականությամբ ամերիկացիները ռուսներին ու հայերին ցանկացել են հիշեցնել, որ կա այլ ձևաչափ, որով քննարկվում է Ղարաբաղի հարցը և միայն հայերն ու ռուսները չեն կարող այդ խնդիրը լուծել:  Հարցը լուծում են հակամարտող կողմերը՝ Մինսկի խմբի միջնորդությամբ:

Ինչ վերաբերում է նրան, որ այդ 6 կետերում հօգուտ հայերի ոչինչ չկա, Արա Պապյանը նկատում է.

-Վաղուց եմ ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ համար կործանարար են, որովհետև ժամանակավոր կարգավիճակի դիմաց զիջում ենք մեզ համար անվտանգության առումով անփոխարինելի տարածքները, տեղի է ունենում փախստականների ու տեղաշարժված անձանց վերադարձ, հետո նոր ԼՂԻՄ կարգավիճակի մասին ինչ-որ որոշում են կայացնելու: Անհեթեթ իրավիճակ է ստացվում: Անգամ սովորական առևտուր անելու դեպքում դուք առանց լուրջ երաշխիք ունենալու չեք համաձայնի չէ՞ մեկին վճարել այսօր, որ տարիներ հետո ձեզ ապրանք տա: Ավելին, եթե գիտեք, որ դիմացինը հայտնի է որպես խաբեբա: Իսկ, եթե չտա՞:

Հարցին՝ այսինքն կրկին ԱԳՆ որևէ աշխատանք չի՞ կատարել, դիվանագետը պատասխանեց.

-Այստեղ հարցը մեկ հոգի է որոշում՝ ՀՀ նախագահը: Եթե Սերժ Սարգսյանը համաձայն է ամբողջը տալ, դիվանագետն ի՞նչ անի: Նրանք մեկ ընտրություն ունեն.կամ՝ մնում ու շարունակում են առաջ տանել նախագահի նշած գիծը, կամ դուրս են գալիս ԱԳՆ-ից: Ի դեպ, այս սխալը ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ 91-92թթ.-երից է սկսվել, երբ դեռ պատերազմ էր ընթանում: 1994 թվականին՝ Բիշքեկում ամրագրվեց տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքը: Եվ, եթե մենք միշտ ասել ենք, որ կարգավիճակի դիմաց տարածք ենք զիջելու ու ԼՂԻՄ-ի շրջակա տարածքը դիտարկել ենք որպես այլ երկրի տարածք, ի՞նչ եք ակնկալում, ուրիշները պետք է մեր շահերը պաշտպանե՞ն: Ուրիշ հանգամանք էլ կա: Եթե շեշտում ենք ինքնորոշման հիմա վրա ԼՂԻՄ-ի անկախության ճանաչում, ապա պետք է նշել, որ ինքնորոշում կարող է լինել միայն ԼՂԻՄ-ի տարածքում: Այսինքն՝ այնտեղ, որտեղ հայերը 1988 թվականին կազմել են մեծամասնություն: Ասեմ՝ հարցը ոչ թե ինքնորոշումով կլուծվի, այլ ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնումով:

Արա Պապյանն անդրադարձավ նաև բանակցություններին Արցախի մասնակցությանը: Նրա խոսքով՝ սա էլ ոչինչ չի փոխելու.

-Կարծում եք, որ հենց Արցախը մասնակցի, ավելի լա՞վ են բանակցելու: Արցախի նախագահը մի քանի օր առաջ հայտնեց, որ ողջամիտ զիջումներն անխուսափելի են: Ավելին, այդ ի՞նչ իրավական հիմքով է Արցախը մասնակցելու: Եթե ասելու է ինքնորոշվելու, էլի գալիս թակարդն ենք ընկնում: Հենց Արցախը որպես ինքնուրույն միավոր մասնակցի, էլի ինքնորոշման հարցն է առաջ գալու: Հնարավոր է՝ ասեն ինքնորոշվում եք ինքնավարության կարգավիճակով: Ո՞վ ասաց, որ ինքնորոշումն անկախացում կամ Հայաստանին միանալ է նշանակում: Աշխահը կարող է ասել՝ ելնելով իրավիճակի բարդությունից և ընդունելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, կարծում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի կազմում: Ու, այսպես, հարցը կփակվի: Երկար տարիներ է՝ սխալ քաղաքականություն ենք վարում: Պատկերացրեք՝ մարդն ամբողջ կյանքում սխալ է ապրում: Վաղը կամ հաջորդ օրը մի բան լինում է չէ՞: Կամ սնանկանում է, կամ առողջությունն է քայքայվում, կամ էլ բախտը չի բերում: Բա մենք այսքան տարի անընդհատ ասում ենք պատրաստ ենք հողերը զիջել, մի օր էլ սա չոքելու էր մեր դռանը, չէ՞: Ու սրա համար երկու կարևոր հանգամանք կա. Հայաստանը երբեք այսքան հակաարևմտյան, հակաամերիկյան երկիր չի եղել, մյուսն էլ ՌԴ-ի շարունակվող խաղերն են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Եվ, բնականաբար, պետք է փորձի մեր հաշվին բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները: Եվ այն խոսակցությունները, որ Թուրքիան ԵԱՏՄ-ի հետ համաձայնագիր է ցանկանում ստորագրել, բնականաբար, դա ինչ-որ մի բանի դիմաց է անելու: Ռուսաստանը պետք է վճարի Թուրքիային, իսկ ինչո՞վ՝ մեր շահերով, առաջին հերթին Արցախով:

Հարցին՝ եթե Հայաստանը ԵՄ-ի հետ նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրի, դա ինչ-որ բան կփոխի՞, դիվանագետը պատասխանեց.

-Շատ քիչ բան, որովհետև շատ կրճատված փաստաթուղթ է: Դա նախկին քննարկվող համաձայնագիրը չէ: Մտնելով ԵԱՏՄ՝ մենք մեր արտաքին, տնտեսական հարաբերությունները տվել ենք Մոսկվային: Ինչ էլ որ ստորագրեն՝ մի փոքր բարելավում հնարավոր է լինի, բայց, եթե այն տեղավորվում է Եվրասիական միության շահերի շրջանակներում:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին