Հովհաննիսյան ընտանիքը «Ամերիաբանկի» (նախկին Հայներարտբանկի) բաժնետեր էր և ուներ 5 բաժնետոմս: Երկու տարի առաջ պատահաբար պարզվել է, որ բանկը, առանց Հովհաննիսյաններին տեղեկացնելու, կոնսոլիդացիայի միջոցով տիրացել է այդ բաժնետոմսերին: Ինչպես տեղեկացրել ենք` արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հովհաննիսյանները դատի են տվել «Ամերիաբանկ»-ին և պնդում են, որ բանկի կողմից իրենց բաժնետոմսերի միակողմանի հետգնումն առոչինչ է: Միաժամանակ, նրանք մտավախություն ունեն, որ դատական համակարգին կարող է կաշկանդել հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի անձը, ում էլ և պատկանում է «Ամերիաբանկը»:
«Սեպտեմբերի 29-ին տեղի է ունենալու հերթական դատական նիստը: Դատարանի որոշմամբ, որպես երրորդ անձինք, ներգրավված են Կենտրոնական բանկը և Կենտրոնական դեպոզիտարիան: Տեսնելով մամուլի լռությունը և այն, որ «Կենտրոն» հեռուստաընկերությունն այդպել էլ եթեր չհեռարձակեց խնդրի վերաբերյալ նկարահանած հարցազրույցը` չեմ բացառում, որ դատական համակարգը և այլ համակարգեր կարող են կաշկանդվել Ռուբեն Վարդանյանի անձով և չցանկանան նրան պատկանող բանկի դեմ վճիռ կայացնել: Ես կարող եմ որոշակի փակագծեր բացել, որոնք, գործարար էթիկայից ելնելով, դեռ չեմ անի»,-Asekose.am-ին ասաց հայցվոր փաստաբան Հայկ Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով` հնարավոր է, որ դատական համակարգը չգիտակցի, որ ոչ ճիշտ վճռի դեպքում կարող է մեծ վնաս պատճառվել բանկային ներդրումային ոլորտին.
«Նման վճռի պարագայում բանկերն ապօրինի կերպով մարդկանց ունեզրկելու, սեփականազրկելու իրավունք կստանան, ինչը փաստացի եղել է մեր ընտանիքի հետ: Ամենակարևորը` դա կդառնա նախադեպ: Ներկայումս «Յունիբանկը» բաժնետոսմեր է վաճառում, բայց չէ՞ որ կա մեր նախադեպը, երբ «Ամերիաբանկը» փոքր բաժնետիրոջը հարկադրաբար, օրենքի ակնհայտ խախտմամբ զրկել է բաժնետոմսերից: Այն մարդիկ, ովքեր «Յունիբանկ»-ի բաժնետեր դառնալու ցանկություն կունենան, կտեսնեն, որ Հայաստանում հնարավոր է բաժնետիրոջն ապօրինաբար զրկել իր բաժնետոմսերից, ավելին` առանց վերջինիս կարծիքը կամ ցանկությունը հաշվի առնելու: Այսինքն` այս ձևով բանկային ներդրումային ոլորտը կխաթարվի, որովհետև արտասահմանյան որևէ ներդրումային ընկերություն, տեղաբնակ կամ սփյուռքահայ հայկական բանկային համակարգում չի ցանկանա դառնալ փոքր բաժնետեր, իսկ մեծ բաժնետեր դառնալն էլ ոչ բոլորին է տրված»:
Ըստ Հայկ Հովհաննիսյանի` չնայած խնդրի լրջությանը` որևէ լրատվամիջոց (բացառությամբ մի քանիսի) չի ցանկանում լուսաբանել այս դատական վեճը.
«Հաճախ ասում են, որ չեն կարող լուսաբանել, որովհետև Ռուբեն Վարդանյանի և «Ամերիաբանկի» մասին է խոսքը: Որպես պատճառաբանում նշում են, որ իրենց հովանավորներն են կամ էլ իրենց պարզապես արգելված է: Ձեռնոց եմ նետում բոլոր լրատվամիջոցներին, թող գան և լուսաբանեն այս դատական վեճը»:
Փաստաբանի խոսքով` պետք է նախ հստակեցնել, թե ինչու է սկսել այս պայքարը.
«Սա ինչ-որ բաժնետոմսի համար երկու հարուստների վեճ չէ, սա նույնիսկ մեծ և փոքր բաժնատերերի մասնավոր վեճ չէ, սա համակարգային խնդիր է, որովհետև բանկը, օրենքի կոպիտ ոտնահարմամբ, սեփականազրկում է իր բաժնետիրոջը: Վաղն այդ նույն բանկը կարող է բոլորին ասել, որ չի վերադարձնելու, օրինակ, մարդկանց ավանդները: Ես ընդամենն ուզում եմ կանխարգելել օրենքի խախտումը, որպեսզի հետագայում սա չդառնա տխուր նախադեպ մյուս բաժնետերերի համար, ովքեր, հավատալով օրինակ`«Յունիբանկ»-ին, գնել են նրա բաժնետոմսերը: Հարկ եմ համարում նշել, որ այնպես չէ, որ «Յունիբանկ»-ը պետք է անպայման նույն ձևով վարվի, ինչպես «Ամերիաբանկը», պարզապես չեմ ցանկանում, որ նման տխուր և հակաօրինական ևս մեկ նախադեպ հաստատվի Հայաստանում և արմատավորվի: Գրեթե վստահ եմ, որ տվյալ գործը քննող դատավորը ներքին համոզմունք ունի, որ ես ճիշտ եմ, սակայն, լինելով կաշկանդված Ռուբեն Վարդանյանի անձով, իմ դեմ վճիռ է կայացնելու, ինչպես և դա անելու են վերաքննիչ և վճռաբեկ դատարանները: Գիտակցելով, որ Ռուբեն Վարդանյանի անձը կաշկանդելու է բոլորին, ներկայումս մտածում եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գրագետ բողոք ներկայացնելու մասին»:
Զրույցի վերջում Հայկ Հովհաննիսյանը խոսեց նաև այն մասին` արդյո՞ք իրենք փորձել են կապ հաստատել անձամբ Ռուբեն Վարդանյանի հետ.
«Ելնելով էթիկայից` այս փուլում փակագծեր չեմ բացի, սակայն կնշեմ, որ հանդիպել եմ այն մարդկանց, ովքեր Ռուբեն Վարդանյանին խորհուրդներ են տալիս և ասել եմ, որ իրենք օրենքներ են խախտել, և ես դրա հետ չեմ համակերպվելու, պայքարելու եմ: Միաժամանակ, նրանց նաև ասել եմ, որ չնայեն այս հարցին ուժի կամ էլ այլ տեսանկյունից միայն այն բանի համար, որ շատ գումար և կապեր ունեն, առաջարկել եմ հարցը լուծել արդար ձևով, այսինքն` վերադարձնեն մեզ մեր սեփականությունը, ինչից հետո էլ կարող էինք նստել և զրուցել, սակայն դա միշտ մերժվել է: Եթե Ռուբեն Վարդանյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում իրեն պատկանող բանկում, թե ինչ ձևով են բաժնետոմսերը խլում փոքր բաժնետերերից (լինելով փաստաբան առանց վախի օգտագործում եմ հենց «խլել» տերմինը), դա էլ է խնդիր, թող տեղյակ լինի, իսկ եթե տեղյակ է և ոչինչ չի ձեռնակում, ապա ինչպես ասում են` առանց մեկնաբանության»,- իր խոսքը եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ տվյալ գործով հերթական դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան
Կարդացեք նաև` Ռուբեն Վարդանյանն անօրինակա՞ն է տիրացել 5 բաժնետոսմերին