Այսօր երեկոյան մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 104-ամյա Հռիփսիմե Հաջի Սարգսյանը:
Հարազատները Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ միշտ աշխույժ տատիկը վերջին ամիսներին շատ էր հյուծվել.
«Համարյա անկողնուց վեր չէր կենում, քիչ էր խոսում, ուտելու ցանկություն գրեթե չուներ»,- նշեց Հռիփսիմե տատիկի թոռը:
Տեղեկացնենք, որ Հայոց ցեղասպանությունը իր բոլոր դաժանություններով հիշող տատիկը ծնվել էր 1911 թվականին Արևմտյան Հայաստանի Քյութահիա նահանգի Թավշանլի գյուղում:
Գաղթի ճանապարհը նրա ընտանիքին հասցրել է Հունաստան: Իր նախորդ հարցազրույցներում հիշելով թուրքական ոճրագործությունը Հռիփսիմե Հաջին պատմել է, որ թուրքերը եկել հրացանով իրենց տան դուռը թակել են, իր պապիկը դուրս է եկել միանգամից սպանել են, տատիկն էլ ձայներ լսելով է տանից դուրս եկել՝ նրան էլ են սպանել:
Դրանից հետո Սարգսյանների ընտանիքի մի քանի անդամներ, հազիվ փրկվելով մահից, բռնել են գաղթի ճանապարհը:Հարազատների փոխանցմամբ՝ Հռիփսիմե Հաջիի հիշողության մեջ հատկապես երկար հետք են թողել այն տեսարանները, երբ գաղթի ճանապարհին իրենք տեսել են մահացող, գիտակցությունը կորցնող հազարավոր մարդկանց, չարչարված աղջիկների: Եվ, չնայած բազում դժվարություններին, նրանց հաջողվել է հասնել Բուլղարիա, իսկ հետո, լուր ստանալով ճանապարհին կորած հորից, մեկնել են Հունաստան:
«Հունաստանում մայրս հանդիպել է հայրիկիս՝ Վաղարշակին, ամուսնացել են մի քանի տարի էլ ամուսնությունից հետո են մնացել Հունաստանում և 1940թվականին վերադարձել են հայրենիք»,-պատմում է Հաջի Սարգսյանի աղջիկը:
Ստորև ներկայացնում ենք նաև Հռիփսիմե Հաջի Սարգսյանի մասին պատմող տեսանյութ:
Asekose.am-ը ևս իր ցավակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին:
Հեղինակ՝ Անի Միրաքյան
Լուսանկարը՝ Արմենպրեսի