Аrmenpress.am-ը գրում է.
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այն կարծիքին է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից բանակում ծառայության անցնելու համար կամավորականների հավաքագրումն առանձնահատուկ նշանակություն չունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա արվում է ցուցադրականության շրջանակներում: «Ադրբեջանը անցած օրերին համառորեն ինչ-որ բաներ էր ցանկանում ցույց տալ՝ մեկ իրենց զինապահեստներն էին ցույց տալիս, մեկ՝ զենքերը: Չի բացառվում, որ այդ շրջանակներում է արվում այս ամենը»,- ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս քայլը ծիծաղելի է համարում այն առումով, որ նրանք նախկինում հայտարարում էին, թե կամավորների հավաքագրելու խնդիրներ չունեն: «Սա մի փոքր ծիծաղելի է այն առումով, որ եթե զինադադար է, եթե ի սկզբանե ասում էին, որ որևէ խնդիր չունեն, ապա ի՞նչ կարիք կա կամավորների հավաքագրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում