ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանն ակնհայտ սադրանք է հրահրում առաջնագծում, որն ուղեկցվում է ոչ միայն կեղծ տեղեկությունների կտրուկ ավելացմամբ, այլ առաջնագծի մի շարք ուղղություններում կրակահերթերի իրականացմամբ:
Մինչև այս պահը դրանք լուրջ միջադեպեր չեն եղել, ինչը չի բացառում, որ իրադրությանը նոր սրություն հաղորդելով Ադրբեջանը կգնա նոր արկածախնդրության:
Չեմ կարծում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողության կգնա (ուրիշ բան, որ դա կարող է հետո վերաճել), սակայն սահմանագծի մի շարք վտանգավոր ուղղություններով, միգուցե, փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ, այնպես ինչպես ճակատի այլ ուղղություններով իրականացրեց 2020-23թթ-ի:
Թեման առավել վտանգավոր է դարձել հատկապես ՀՀ իշխանության` մեր վերահսկողության տակ գտնվող տարբեր բնակավայրեր ադրբեջանական հռչակելուց հետո, որն ըստ էության, Ադրբեջանի համար գործելու բարենպաստ դաշտ է բացել»։
***
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության Զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:
Չարդարացված ենք համարում նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք:
Անհասկանալի են նաև Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:
Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը:
***
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ակնհայտ է, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից հետո Ադրբեջանը ամեն քայլ ձեռնարկելու է սահմանային լարվածությունը մեծացնելու և հնարավոր ագրեսիվ քայլերի գնալու նպատակով։ Այս գործողությունները կարող են մի կողմից որպես «ծառայություն» մատուցվել Մոսկվային, մյուս կողմից՝ հարցականի տակ դնել արևմուտքի հեղինակությունը տարածաշրջանում։ Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմուտքի ներգրավվածությունը բերում է ագրեսիաների և լարվածության։ Հենց այդ նպատակով էլ սրում է սահմանային իրավիճակը։ Սա ճիշտ այն պահն է, որ արևմուտքը ցույց տա իր հստակ քաղաքականությունը և զսպման մեխանիզմները Ադրբեջանին հնարավոր ագրեսիվ գործողություններից հետ մղելու հարցում»։ |