▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ. Կապանով դեղին գետ է հոսում

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգ է ստացել, որ Կապան քաղաքի «Պերեմենի» կոչվող թաղով հոսող գետակն ամբողջովին դեղին գույն ունի։

ՀԲՃ-ն այս առիթվ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Այդ գետակը մինչեւ Կապան հասնելը անցնում է Կավարտի լքված հանքավայրի տարածքով, հետո էլ հոսելով քաղաքի միջով լցվում է Ողջի գետը։ Մեզ է ուղարկվել նաեւ հեռախոսով արված լուսանկար, որում պարզորոշ երեւում է ջրի դեղնավուն գունավորումը։

Օրեր առաջ մենք արդեն գրել էինք, որ Կապան քաղաքի եւ մոտակա այլ բնակավայրերի գլխին կախված էկոլոգիական վտանգներից եւս մեկն է Կավարտի լքված հանքավայրը, որի ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը տարբեր եղանակներով խառնվում են մակերեւույթային եւ գրունտային ջրերին՝ դառնալով դանդաղ գործողության ռումբ շրջակա միջավայրի եւ մարդկանց համար։ Անմիջապես Կավարտի հանքավայրից դուրս հոսող հոսքաջրերի հատվածում մեր արած այս լուսանկարը նույնպես փաստում է, որ այդ գետակով հոսող ջրերին խառվում են բազմաթիվ վտանգավոր տարրեր եւ քիմիական միացություններ։

Այս պնդումները հաստատվում են նաեւ այդ տարածքներում վերջին տաս տարում իրականացված մի շարք լաբորատոր եւ գիտական ուսումնասիրությունների արդյունքում։

Եվս մեկ անգամ հարցեր ենք ուղղում պետական լիազոր մարմիններին․ ու՞մն է այս լքված հանքավայրը, ո՞վ պետք է վերահսկի վիճակը եւ ռեկուլտիվացիա անի այն, եւ որտե՞ղ են այն գերատեսչությունները, որոնք պատասխանատու են հանքարդյունահանման ոլորտի համար։ ՀՀ Բնապահպանության, էներգետիկայի եւ բնական պաշարների, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները պարտավոր են գտնել այս հարցերի պատասխանները եւ անհապաղ միջոցներ ձեռնարկեն Կավարտի լքված հանքավայրի պատճառով առաջացած էկոլոգիական աղետալի վիճակի չեզոքացման ուղղությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին