Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թվականը՝ ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն մահացություն, ամուսնություն-ամուսնալուծություն հարաբերակցությունը:
«Նախորդ տարվա 41790-ի համեմատ գրանցվել է 43183 կենդանի ծնունդ՝ այսինքն, ոչ մեռելածիններ, ընդ որում՝ 1000 բնակչի հաշվով ծնունդները 2014 թվականին կազմել են 14.3՝ 2013 թվականի 13.8 միավորի համեմատ: Բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում (15.1) և Շիրակի մարզում(15.1): Բարձր են նաև Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի ծնելիության գործակիցները: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Տավուշի (11.8), Սյունիքի (10.7), Վայոց Ձորի (12.5) մարզերում»,-հայտնեց Կարինե Կույումջյանը:
Անդրադառնալով մեռելածնությանը՝ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը նշեց, որ 2014 թվականին արձանագրվել է 750 մեռելածնություն՝ նախորդ տարվա 711-ի համեմատ:
Խոսելով մահվան դեպքերի մասին՝ բանախոսը նշեց, որ հունվար-դեկտեմբեր ամիսներին եղել է 27872 մահվան դեպք, որը 2.5 տոկոսով ավելի է 2013 թվականին գրանցված դեպքերից: 1000 բնակչության հաշվով մահացության գործակիցը կազմել է 9.2, աճել է 0.2-ով: Բարձր ցուցանիշներ արձանագրվել են Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերում:
Տարեցտարի նվազում են մինչև մեկ տարեկան երեխաների մահերը: 2014թ. 8 տոկոսով կրճատվել են՝ կազմելով 375 դեպք՝ 2013թ. 407 դեպքի համեմատ: Նվազել են նաև 0-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը.439 դեպք՝ 2013 թվականի 460-ի համեմատ:
«Մանկան մահացության դեպքերը քիչ են Երևանում, Տավուշում, Արմավիրում, բարձր են՝ Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում»:
Կարինե Կույումջյանն անդրադարձավ նաև ամուսնություններին ու ամուսնալուծություններին. «Աճել է ամուսնությունների թիվը.հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում 18912 ամուսնության դեպք է գրանցվել, ինչը 3 տոկոսով ավելի է 2013 թվականից: Աճել են նաև ամուսնալուծություն դեպքերը.4498 դեպք՝ նախորդ տարվա 3756-ի համեմատ: Այսինքն՝ աճել է գրեթե 20 տոկոսով:
Ամուսնությունների դեպքերը նվազ են Գեղարքունիքում, Սյունիքում, Տավուշում: Ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է: Այս մարզում նաև ամենաբարձր ամուսնալուծությունների գործակիցն է գրանցվել»,-տեղեկացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետը:
Անի Կարապետյան