▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի ոստիկանությունը համագործակցու՞մ է չեթեների հետ

Այն, ինչ ցուցադրել է Հիմնադիր խորհրդարանը արցախյան ավտոերթի կանխման համար Արցախի ոստիկանության ու չեթեների համագործակցությամբ տեղի ունեցածից, այլ կերպ, քան հանցագործություն, անվանել չի կարելի: Դատելով Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ոստիկանությունը տեղեկություն էր ունեցել, որ հինադիր խորհրդարանի հայտարարված ավտոերթից դժգոհ Արցախի լայն հանրության ՛՛մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՛՛, և բախումների հեռանկարից մտահոգ ԼՂՀ ոստիկանությունը ՛՛հասարակական կարգի հնարավոր խախտումներ <թույլ չտալու համար> վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում՛՛։ ՛՛Ռեյդային ստուգում՛՛ անունը կրող այն սարսափելին, ինչ տեսնում ենք տեսանյութից, հարյուրամյա անցյալից մեզ հայտնի ոստիկանության և չեթեների՝ հատուկ խաղաղ բնակչությանն ահաբեկելու նպատակով իշխանությունների կողմից օգտագործվող քրեականների համատեղ հանցագործություն է: Նախ՝ ՛՛մի ստվար զանգվածի՛՛ փոխարեն տեսանյութում երևում է մահակավոր տղամարդկանց մի խումբ, որոնց ձեռքից ոստիկանությունը որևէ փորձ չի անում մահակները վերցնելու՝ ՛՛հասարակական կարգի հնարավոր խախտումները՛՛ կանխարգելելու համար: Ոստիկանությունը ոչ միայն չի փորձում կանխել իր կողմից ենթադրվող հնարավոր բախումը՝ զսպելով չեթեներին, այլև, տեսնելով նորընծա չեթեների անվճռականությունը, սկսում է կառավարել և գլխավորել նրանց գրոհը: Եթե ես սխալվում եմ՝ ուղղեք ինձ, բայց տեսանյութից երևում է, որ ՛՛գրոհայինների՛՛ մեջ կարծեք թե կային նաև դիմակավորվածներ, ըստ երևույթին հատուկ ջանացել էին տեռորիզմի տպավորությունը կատարյալ դարձնել: Ճանապարհի բարձունքի մասում կանգնած զինյալների մռայլ ներկայությունը և հետագա մասնակցությունը ՛՛գործողություններին՛՛, մահակավոր ոստիկանների և չեթեների դաժան հարձակումը ետ շրջվող և վերադառնալու փորձ անող ՛՛երթայինների՛՛, մեքենաներից նրանց դուրս հանելով կատաղի ծեծի, մեքենաների անզուսպ, վրեժխնդրության տպավորություն թողնող ջարդի տեսարանները ստեղծում են տոտալիտար համակարգի մի կատարյալ պատկեր, որի դեպքում քաղաքացիները պետք է իշխանությունների կամքի /ոչ թե, անշուշտ, օրենքի/ բացառիկ հնազանդություն և կատարյալ նվիրում ցուցաբերեն, եթե նույնիսկ այդ կամքը նրանց մղում է հանցագործության: Որովհետև այլ կերպ, քան հանցավոր գործողությունների ներգրավվածություն և իշխանության հանցավոր հրամանի կատարյալ նվիրվածություն վերոհիշյալ մահակավոր չեթեների՝ քաղաքացիական հագուստով գրոհայինների և ոստիկանության արածը չի կարող բացատրվել: Ապշեցնում է այն խայտառակ անկարողությունը, որով նույնիսկ նախապատրաստված թատրոնը լիովին տապալվել է: Հավանաբար ծրագրավորված գործողությունների համաձայն ոստիկանությունը պետք է ձևացներ, իբր փորձում է կանխել ՛՛քաղաքացիական գրոհայինների՛՛ հարձակումը ավտոերթի մասնակիցների վրա, ստեղծեր ՛՛անկառավարելի վիճակ՛՛ և ՛՛իրականացներ իրավաչափ գործողություններ՛՛՝ սովորական ջարդ: Բայց իրավիճակը հասկացած ավտոերթի մասնակիցները խոհեմաբար ետ են վերադառնում, իսկ այդ իրավիճակին համապատասխան հրահանգ չունեցող ոստիկանությունը իր համագործակից չեթեների հետ կորցնում են ինքնատիրապետումը և իրենց համար ոչ ստանդարտ իրավիճակում անում են ամենաաններելին՝ մահակներով հարձակվում են ակնհայտորեն նահանջող մարդկանց վրա: Այս ամենով և արվածը լուռ ու մունջ ՛՛մոռացության տալու՛՛ Արցախի իշխանությունների ջանքը առայժմ միայն չորս բան են վկայում՝ ա/ Արցախի բնակչությունը, Հայաստանի բնակչության նման, իսկապես օժանդակության կարիք ունի, բ/ Շատ, շատ երկար ժամանակ ու շատ մեծ ջանքեր կպահանջվեն միջազգային հանրությանը համոզելու, որ այս ամենը ընդամենը դիպված է, թյուրիմացություն, սխալմունք, որ Արցախի իշխանություններն իսկապես ջանում են ժողովրդավարական երկիր կառուցել, գ/ Ոչ պակաս ջանքեր կպահանջվի Հայաստանի հանրությանը համոզելու, որ Արցախի բնակչությունը և Արցախի իշխանությունները տարբեր բաներ են, և իշծանությունների վարքով չպետք է դատել բնակչության մասին, դ/Այս ամենին Արցախի իշխանությունները, ոչինչ չնշանակող հայտարարություններից զատ, ոչնչով չեն մասնակցելու :

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին