Հունվարի 31-ին Վառնայի ս. Սարգիս հայկական եկեղեցին լեցուն էր հայ երիտասարդներով, ովքեր եկել էին մասնակցելուԵրիտասարդների օրհնության կարգին: Ավելի քան 50 հայ երիտասարդներ իրենց օրհնությունը ստացան Վառնայի հայ համայնքի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթողիմեոս քհն. Հակոբյանի կողմից, ով իր տքնաջան ծառայությամբաննախադեպ աշխուժություն է առաջացրել Վառնայի հայ հոգևոր-եկեղեցական կյանքում:
Արժանապատիվ Տեր Հայրը իր օրհնության խոսքով դիմեց ներկա երիտասարդների և հորդորեց նրանց, որ նույն ոգևորությամբ շարունակեն իրենց կապը Հայ առաքելական եկեղեցու հետ ամբողջ տարվա ընթացքին: «Վառնայում ապրող մեր հայ երիտասարդները պետք է կրկնակի օրհնության խնդությունը ունենան, որովհետև հայ երիտասարդների հովանավոր սուրբը՝ Սուրբ Սարգիսը, նաև իրենց եկեղեցու հովանավոր սուրբն է: Այսօր ձեզ համար կրկնակի տոն է, քանի որ դուք տոնում էք թե’ ձեր տոնը, և թե’ ձեր եկեղեցու տոնը, ուր բոլորդ մկրտվել և հոգևոր դաստիրակություն էք ստացել:», իր խոսքում նշեց տեր Բարթողիմեոսը: Այնուհետև հոգևոր հովիվը մանրամասն ներկայացրեց Սուրբ Սարգսի տոնի դերն ու նշանակությունը հայ երիտասարդի կյանքում:
Երիտասարդների օրհնության արարողության ավարտին, բոլոր ներկա հայ երիտասարդները իրենց հետ վերցրեցին տեր հոր կողմից օրհնված աղաբլիթներ:
Հոգևոր-եկեղեցական արարողությանը հետևեց տեր Բարթողիմեոսի նախաձեռնությամբ երիտասարդների համար կազմակերպված հյուրասիրությունըՎառնայի «Մարտինի» սրճարանում: Այդ առիթով Արժանապատիվ տեր հայրը իր մասնավոր շնորհակալությունները հայտնեց Վառնայի ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական Վարչությանը և ՀՄԸՄ Վառնայի մասնաճյուղին կազմակերպչական հարցերում ցուցաբերած օգնության համար, ինչպես նաև «Մարտինի» սրճարանի սեփականատեր պ-ն Հովհաննես Գրիգորյանին հյուրասիրությանը աջակցելու համար:
Հաջորդ օրը, կիրակի առավոտ Վառնայի ս. Սարգիս եկեղեցում տոնական տրամադրություն էր տիրում: Այդ օրը Վառնայի հայ համայնքը տոնում էր իր եկեղեցու տոնը, որը կրում է Սուրբ Սարգիս Զորավարի անունը:
Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վառնայի հոգևոր հովիվ Արժ. Տ. Բարթողիմեոս քհն. Հակոբյանը: Տեր հայրն իր քարոզում շնորհավորեց Վառնայի ողջ հայությանը իրենց եկեղեցու տոնի առիթով: Նա հակիրճ կերպով ներկայացրեց Սուրբ Սարգիս Զորավարի վարքը և կոչ արեց ներկա հավատացյալ հայորդիներին, որպեսզի հետևեն սուրբի օրինակին՝ անձնուրացությամբ ծառայելով մեր Տեր Աստծուն: «Սուրբ Սարգիս Զորավարը ուներ ամեն բան՝ պաշտոն, պատիվ, հարստություն, ընտանիք: Սակայն, երբ եկավ այն պահը, որ ինքը պետք է ընտրություն կատարեր, նա չերկմտեց և ընտրեց զոհաբարել այս ամենը վասն հավատո, վասն Հիսուս Քրիստոսի: Եվ ոչ միայն իր նյութական կարողությունները զոհեց, այլ նաև ամենաթանկը իր համար՝ իր սիրեցյալ զավակին Սուրբ Մարտիրոսին: Եթե մենք այսօր եկել ենք եկեղեցի, որպեսզի հիշատակենք մեր հովանավոր սրբի տոնը, ապա պետք է ամեն բան անենք, որ լինենք նրա օրինակին հետևող:
Այսօրվա մեր կյանքի պայմանները մեզանից չեն պահանջում, որ հավատքի համար զոհենք մեզ համար ամենաթանկն ու հարազատը, բայց գոնե պարտավորենք զոհել այն, ինչը մեր հոգևոր զարգացումի և օրհնության համար է: Դրանց մեջ կարող ենք հիշատակել մեր ժամանակը, որը շատ հաճախ մենք վատնում ենք անիմաստ զբաղմունքների համար, սակայն, երբ մեր հոգևոր կյանքի համար պետք է տրամադրենք, շատ հաճախ այդ ժամանակը չունենք: Եկեք այսօր, այս նվիրական տոնին նորոգենք մեր ուխտը մեր Աստուծո հետ, խոստանանք ինքներս մեզ համար, որ շատ ավելի ժամանակ պիտի հատկացնենք մեր հոգևոր կարիքների համար, մեր հոգևոր զորացման համար, քանի որ ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս է ասում. «Գործեցեք ոչ թէ կորստյան կերակուրի համար, այլ այն կերակուրի, որը մնացող է հավիտենական կյանքի մեջ, որ մարդու Որդին կտա ձեզ.» (Հովհ. 6.27):», իր քարոզի մեջ նշեց տեր Բարթողիմեոսը:
Ս. Պատարագի ավարտից հետո, Աժանապատիվ տեր հայրը կատարեց Մատաղի օրհնություն, որը բաժանվեց ներկա բոլոր հավատացյալներին՝ Վառնայի ս. Սարգիս եկեղեցու տոնի կապակցությամբ: Տեր Բարթողիմեոսը իր մասնավոր շնորհակալությունները հայտնեց Բուլղարիայի Հայերի Միության նախագահ, այս տարվա Ջրօրհնեքի Խաչի քավոր պ-ն Հարություն Հովսեփյանին, պ-ն Գևորգ Գրիգորյանին և եկեղեցու բոլոր այն նվիրյալ զավակներին, ում նվիրատվությամբ ու աջակցությամբ կազմակերպվեց Մատաղօրհնությունը:
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»