Այսօր լրանում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդյան 55-րդ տարեդարձը: Դեռևս երիտասարդ տարիներից պայքարելով Հայաստանի և հայ ժողովրդի բարօրության համար` նա առ այսօր շարունակում է իր պայքարը, որի դրևսորումներից մեկն էլ այն էր, որ Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած Րաֆֆին տարիներ առաջ մշտական բնակության վերադարձավ Հայաստան:
Հայրենիքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնը, սակայն դա իր և իր ընտանիքի ծավալած գործունեության միայն սկիզբն էր: Հայաստանում կնոջ` Արմինե Հովհաննիսյանի հետ միասին ոչ միայն դաստիարակեցին հայեցի անուններով 5 զավակների (Կարին, Տարոն, Վան, Շուշի, Արմեն-Ռիչարդ Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների երեխաների անուններն են), այլև նախաձեռնեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը:
«Օրրան»-ը մինչ օրս գործում է և տարեց տարի ավելանում է մարդկանց թիվը, ովքեր միանում են Արմինե Հովհաննիսյանի և «Օրրանի» մեծ ընտանիքին`օգնելով կարիքավոր ընտանիքների երեխաներին և առանց խնամքի մնացած ծերերին:
Տեղեկացնենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցությունը հիմնել է 2002-ին:
2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել է նախագահական ընտրություններին, որից անմիջապես հետո, չհամաձայնելով ընտրությունների արդյունքների հետ, նախաձեռնել է հետընտրական բողոքի ակցիաներ, որոնք ստացել են «Բարևի հեղափոխություն» անվանումը։
Ներկայումս Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը ընդդիմադիր Եռյակի մի մասն է կազմում և մյուս կուսակցությունների հետ միասին շարունակում են հանրահավաքներ կազմակերպել, որոնց գլխավոր նպատակը իշխանափոխություն անելն է:
Asekose.am-ը շնորհավորում է Րաֆֆի Հովհաննիսյանին` մաղթելով անձնական և աշխատանքային նոր հաջողություններ: