Գիշերվա մթության մեջ Բյուզանդական հին եկեղեցին իմ առջև հառնեց երկնքում փայլող կիսալուսնի և նրա դեմ-դիմաց առկայծող ամենափայլուն աստղի լույսի ու գերժամանակակից գեղահարդարմամբ նեոնային կուրացուցիչ հզոր լույսերի ներքո: Եկեղեցու դարպասները փակ էին...Երկար ու լուռ դիտելով՝ մտքերով հեռացա ներկայից ու հայտնվեցի անցյալի հեռուներում..Հետո...հետո անդառնալի ափսոսանքի, ցավի և անզորության մի զգացում ապրեցի. հենց այդպես՝ դրսից մի քանի լուսանկար արեցի՝ անպայման նկարելով Բյուզանդիոնի երկնակամարի կիսալուսինն ու նրանից ոչ հեռու առկայծող ամենապայծառ աստղը՝ , որը դարեր առաջ կապույտի վրա ծածանվում էր բյուզանդական փառահեղ կայսրության դրոշի վրա, հիմա ՝ կարմիրի վրա ՝ որպես թուրքական անպարտելիության խորհրդանիշ...

Ցերեկվա ժամերին եկեղեցու միակ աշխատողը հսկում է այն , բացում է միայն եկեղեցու առաջին սրահը, որտեղ կարելի է մոմ վառել և տեսնել արծաթով, ոսկեգույն մետաղով ու փայտից պատրաստված սրբապատկերներ: Մյուս 2 դռները փակ են , որովհետև կողոպտելու դեպքեր են եղել... Պահակ- պահապան- հրեշտակ հույնի հետ զրուցելով մի քանի մոմ վառելուց հետո, անհասկանալի պարտվածության զգացողությամբ դուրս եկա վանքից, հեռանալուց հետո մի քանի անգամ հետ շրջվեցի ու ափսոսանքի խոր զգացողությամբ նայեցի կիսամութի մեջ ավելի խորախորհուրդ դարձած բյուզանդական հնամենի եկեղեցուն ...
Այսօր, բյուզանդական երբեմնի փառահեղ ու անպարտ ազգից իր երբեմնի փառահեղ մայրաքաղաքում , ասում են , հազիվ 1500 հույն կգտնեք... Դժվարանում եմ այս քաղաքը կոչել այսօրվա տերերի կնքած անունով , որը իր բուն ՝ Կոստանդնուպոլիս անվան խեղաթյուրված ու աղճատված, թյուրքացած տարբերակն է , որով հիմա հայտնի է աշխարհին.Կոստանտուպոլիս=Ստամ+ պոլիս=բուլ: Ես այն կոչելու եմ իր պատմական նախնական անունով ՝ Բյուզադիոն... Սկսեմ ամենասկզբից... Չհամբերեցի. տեղ հասնելուն պես, մի փոքր հանգստանալով՝ որոշեցի շրջել մոգական հմայք ունեցող աշխարհակենտրոն այդ համաշխարհային մայրաքաղաքում... Քայլեցի մինչև լույսի բացվելը. Ես 21-րդ դարում չէի, ես տեսա բոլոր ժամանակները, որոնք անցել են այս զարմանահրաշ քաղաքի գլխով , ես ինձ զգում էի նրա պատմության մեջ , ամեն ինչ տեսնում և զգում էի , բացի իր այսօրվա վիճակից...քանի դեռ մութ էր...

Այսօրվա վիճակը... դա հնարավոր չէ չզգալ՝ առավոտյան, կեսօրին, երեկոյան. մոլլայի ազանի ձայնը հազարավոր բարձրախոսներով բոլոր մինարեթներից տարածվում է հավերժական քաղաքի վրա, մինարեթները՝ նման են այն դաջվածքներին , որ արվում էր քրիստոնյա կանանց մարմնի վրա, որ նրանք իսլամացած են , որ նրանք հարեմի գեղեցկուհի գերիներն են այլևս , բայց միևնույնն է. ոչ նրանց մարմինը, ոչ առավել ևս ՝ հոգին , չիսլամացավ ...Նույնն էլ Պոլիսն է . հազարավոր մզկիթներն ու մոլլայի միալար ազանը չեն կարող ջնջել այս քաղաքի ազգային, կրոնական և քաղաքակրթական պատկանելությունը... ահա այդպիսին ես տեսա Կոստանդունուպոլիսը... Բազմաթիվ մզկիթներն ու մինարեթներն , որ պարտադրում են իրենց հաղթական 555-ամյա ներկայությունը Արևելահռոմեական կայսրության աննման գոհարի նվաճված լինելու մասին ...
Բայց, հերիք է լռեն բարձրախոսները, ու քո կամքից անկախ կարող ես դեմ առ դեմ հանդիպել պատմության մի անպարտ ու աննվաճ վկայի՝ դա բյուզանդական լքված մի եկեղեցի է, հունական մի դատարկ դպրոց, լատինական կաթոլիկ մարամարակերտ լուռ գերեզմանոց՝ իր փառահեղ ազնվական դամբարաններով կամ հայկական դեռևս կենսունակ մի կենտրոն , դպրոց, եկեղեցի կամ բազմաթիվ գերեզմանոցներից մեկը և ամենակարևորը ՝ շքեղաշուք այն շենքերը, որոնք արարվել են ազատ ու անարատ ճարտարագիտական ու գեղագիտական միտք ու ճաշակ ունեցող մարդկանց կողմից : Այստեղ ուզում եմ կանգ առնել ...Չեմ կարող ինձ զսպել ու ամբողջովին չմեջբերել Ստեֆան Ցվայգի ՙՙԲյուզանդիոնի առումից՚՚մի հատված, որտեղ ներկայացվում է անհավատալիության աստիճանի անիրականը ՝ Բյուզանդիոնի գրավումը...
ՍՏԵՖԱՆ ՑՎԱՅԳ
Եվ հանկարծ մի ողբերգական դրվագ, մեկն այն գաղտնախորհուրդ րոպեներից, որ երբեմն ծագում են պատմության անքննելի վճիռներում, մի հարվածով վճռում է Բյուզանդիայի ճակատագիրը։
Կատարվեց միանգամայն անհավատալին։ Արտաքին պարսպի մեջ բացված բազմաթիվ ճեղքերից մեկով, հարձակման գլխավոր կետի մոտ, մի քանի թուրք թափանցեցին։ Բայց նրանք վախենում էին ներքին պարսպին մոտենալ։ Ու երբ առանց որևէ մտադրության, հետախուզելով, նրանք թափառում էին ներքին և արտաքին պարիսպների միջև, նկատեցին, որ դարպասներից մեկը, ավելի փոքրը, որ կերկապորտ է կոչվում, անըմբռնելի մի անփութությամբ բաց է մնացել։ ... մի քանիսը թուրքերին հանկարծ տեսնում են իրենց թիկունքում և, իրենց գլխին աղետ բերելով, արձակում այն ճիչը, որ ծնում է ստահոդ լուրը․ «Քաղաքն առնվա՛ծ է»։ Եվ ավելի ու ավելի բարձր թուրքերն այդ նույնը կրկնում են ցնծագին. «Քաղաքն առնվա՜ծ է»։ Եվ այդ կանչն ավերում է ամեն մի դիմադրություն։ Վարձկան զորքերի ջոկատները, կարծելով, թե իրենց դավաճանել են, լքում են դիրքերը, ջանալով շուտափույթ նավահանգիստ հասնել ու փրկվել նավերով։ Այլևս իզուր է Կոստանդինոսը մի քանի հավատարիմ մարդկանցով նետվում զավթիչներին ընդառաջ, նա վայր է ընկնում՝ իրարանցման մեջ խփվելով։ Եվ միայն հաջորդ օրը դիերի բլուրի մեջ ճանաչում են նրան՝ ոսկեկար արծիվով զարդարուն ծիրանի կոշիկների շնորհիվ, ու հաստատում, որ արևելահռոմեական կայսրության վերջին տիրակալը քաջաբար (բառիս հռոմեական իմաստով) հրաժեշտ է տվել իր կյանքին ու կայսրությանը։
Այսպես պատահական հյուլեն՝ բաց մնացած կերկապորտը, մոռացված դուռը, վճռեց համաշխարհային պատմության ընթացքը։
/շարունակելի/
Սոսե Ղլեջյան
Ստամբուլ-Երևան
Կարդացեք նաև՝ Բոսֆորը հիշողություն չունի...


