▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չալմը դանգը»` առաջին բեմել. հայոց ռազմապարի ուժն ու հզորությունը

«Չալմը դանգը» Մուսա  Լեռան հարսանեկան ռազմապարը՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի կատարմամբ, առաջին անգամ  Հայաստանում ներկայացվեց օրեր առաջ՝ «Զորավար» ռազմահայրենասիրական համերգի շրջանակներում:

Իսկ առաջին բեմելը տեղի է ունեցել Նիդերլանդներում՝ սեպտեմբերի 24-ին Հաագայի արվարձան Ռայսվայկ քաղաքում՝  ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին: 

««Չալմը դանգը» իրականում զուգապար է եղել: Երբ հարսին տնից դուրս էին հանում,  փեսայի ընկերները՝ ազապները, այլ կերպ ասած՝ «թիկնազորը», պարում էին հարևան տան կտուրներին: Դանգը  նշանակում է դանակ, չալմը՝ ինքնացուցադրում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պարի խորհուրդն այսպես մեկնաբանեց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով.

«Հաճախ եղել են դեպքեր, երբ հարսին հանել  են տնից, թուրքերը, քրդերը փախցրել են: Քանի որ հայերը շատ դեպքերում իրավունք չունեին զենք կրելու, այս եղանակով ցույց էին տալիս, թե ինչպես են տիրապետում զենքին: Պարում էին զույգ-զույգ՝ իրար դիմաց և կարծես  թե միմյանց էին ցուցադրում դաշույնին տիրապետելու վարպետությունը, բազկի ուժը, առնականությունը: Սակայն իրականում՝ քրդերին ու թուրքերին էին ցույց տալիս, որպեսզի  հայոց օջախներում սրբապղծություն չլիներ»:

Պարը ջերմ ընդունելության է արժանացել նաև Հաագայում:

Գագիկ Գինոսյանի խոսքով՝

«Համերգներից մեկին, որ նվիրված էր  ՀՀ Անկախության օրվան, հրավիրված էին Հոլանդիայում  առաքելություն իրականացնող բոլոր դեսապանները: Առաջին անգամ բեմ բարձրացավ իրական զենքերով պար,  ոչ թե կովկասյան պարերի վերարտադրություն՝ հայական կերպարանք տված, ինչպես ընդունված էր խորհրդային տարիներին:  Օտար դեսպաններից շատերը նշեցին, որ մեր պարերը մեծ էներգետիկ ուժ ունեն և եվրոպական պարերի հետբ համեմատելու չեն: Դեսպաններից մեկը նշեց, որ  երբ ես դաշույններով բեմ եմ բարձրացել, մի պահ հիասթափվել է՝ մտածելով, թե  կովկասյան պարերի նման ագրեսիա է լինելու, որ այդքան էներգետիկ հզոր դրական դաշտից հետո հայկական պարն էլ իր ագրեսիվ դեմքը պիտի ցույց տա: Սակայն, ինչպես ինքն էր ասում, պարադոքսալ բան է նկատել: Նրա խոսքով՝ ես հասկացա, որ նույնիսկ դաշույններվ կարելի է ագրեսիվ չլինել:  Բացի ներքին հզոր ուժից, ուրիշ բան ես չնկատեցի»:

Հեղինակ՝ Հասմիկ  Գյոզալյան

Լուսանկարը՝ Գագիկ Գինոսյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութերում՝ «Չալմը դանգը» պարը՝ Հայաստանյան և Հոլանդիայի բեմերում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին