Համաչափ տարածքային զարգացումը, ռեսուրսների արդար և համաչափ բաշխումն ու ապակենտրոնացումը լոկ ծրագրային կետեր չեն, դա առաջին հերթին մտածողություն է.
Անցյալ շաբաթվանից մտածում եմ, որ պետք է մեքենայի համար ձմեռային անվադողեր գնեմ, քանի որ առանց դրանց շաբաթը մի քանի անգամ Վանաձոր-Երևան-Վանաձոր և այլ գյուղական համայնքներ իմ այցելությունը կխոչընդոտվի: Երևանում անվադողերի ընտրությունը շատ մեծ է, և գնային տարբերակներն էլ հարմար են, բայց որոշեցի գնալ ու Վանաձորում փնտրել, որտեղ ընտրությունն այդքան էլ մեծ չէր, բայց ստացվեց գտնել լավ ձմեռային անվադողեր, և հաջողությամբ գնեցի:
Ինչպես ասում են, առակս ի՞նչ կցուցանե` համաչափ տարածքային զարգացումը, ռեսուրսների արդար և համաչափ բաշխումն ու ապակենտրոնացումը լոկ ծրագրային կետեր չեն, որ գրվում են նախընտրական կամ Կառավարության` Աժ-ին ներկայացվող ծրագրերում: Դա առաջին հերթին մտածողություն է, որով ես կոչ եմ անում մայրաքաղաքից դուրս ապրող բոլոր քաղաքացիներին` հնարավորինս փորձեք Ձեր գումարները ծախսել Ձեր համայնքներում, օգտվեք մարզային ծառայություններից, արտադրությունից և, եթե հարմար տարբերակ մարզում չլինի, նոր ձեր գումարը ծախսեք մարզկենտրոնում կամ մայրաքաղաքում:
P. S. Ընտրությունների ժամանակ ևս իմ նախընտրական պաստառներն ու բուկլետները տպագրվել էին Վանաձորի տպագրատանը` ի տարբերությունը իմ մրցակիցների: