«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն` ՊՈԱԿ-ների տնօրենները կարող են պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը: Օրերս հայտնի էր դարձել, որ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը հենց այս պատճառաբանությամբ ազատվել է աշխատանքից:
Asekose.am-ի հարցին, թե այժմ նախկին տնօրենն ինչով է զբաղված, Փարավոն Միրզոյանը բավական կտրուկ պատասխան տվեց.«Դուք բանուգործ չունե՞ք, ուրիշ թանգարաններ, ուրիշ որոշումներ չկա՞ն, թե՞ միայն Փարավոն Միրզոյանի կյանքն է ձեզ հետաքրքրում: Մի հատ մտածեք, ստուգեք որոշումները, ճի՞շտ են դրանք, ճիշտ չե՞ն»:
Հաջորդ հարցին, թե այժմ ով է ղեկավարում պատկերասրահը, այս պահին ո՞վ է տնօրենի պաշտոնակատարը, հնչեց ավելի ֆանտաստիկ պատասխան, կամ ավելի ճիշտ հարց. «Դուք ուզում եք տնօ՞րեն դառնալ»: Իմ բացասական պատասխանին պարոն Միրզոյանն արձագանքեց հետևյալ կերպ. «Դե ուրեմն զանգահարեք նրան, ով տնօրեն դառնալու ցանկություն ունի»:
Այնուամենայնիվ, ըստ Asekose.am-ի տեղեկությունների՝ պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել պատկերասրահի` գիտական գծով փոխտնօրեն Հայկանուշ Հակոբյանը: Օրերս կհայտարարվի մրցույթ` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Միրզոյանն այժմ պատկերասրահում աշխատում է որպես խորհրդական:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Փարավոն Միրզոյանը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում նշել էր, թե 65 տարեկան դառնալը դեռ ոչինչ չի նշանակում, եթե մարդը դեռ աշխույժ է, ցանկություն ունի աշխատելու կարող է և համապատասխան որոշմամբ շարունակել աշխատանքը:
Եվ այդ հարցազրույցում, և իր վերջին բոլոր հարցազրույցներում պարոն Միրզոյանը շատ թերահավատորեն է մոտենում այն հարցին, որ հնարավոր կլինի պատկերասրահի համար իրենից լավ տնօրեն գտնել: Սպասենք և հետևենք իրադարձությունների զարգացմանը:
Հ.Գ. Երբ նյութն արդեն պատրաստ էր, Փարավոն Միրզոյանը զանգահարեց և ինձ հրավիրեց փետրվարի 12ին ժամը 3-ին կայանալիք իր ցուցահանդեսի քննարկմանը...
Հեղինակ՝ Անի Միրաքյան
Ներկայացնում ենք նաև Փարավոն Միրզոյանի հետ զրույցը՝«Բացարձակ Արժեք հաղորդման շրջանակներում: