▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ աղոթքի կոչ է արվում,հայտնվում են հակառակորդներ ու ասում՝ «արա,ի՞նչ աղոթք, զենք առեք ու փամփուշտ»

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Երբ որ մի տեղ աղոթքի կոչ է արվում մեր ազգի համար, միշտ հայտնվում են հակառակորդներ, ովքեր ասում են թէ «արա, ի՞նչ աղոթք, զենք առեք ու փամփուշտ»: Հիմա այդ մասին եմ ձեզ խոսելու, ու եթե ձեզ էլ են ասում թէ զենք առեք ու փամփուշտ, դուք իրենց ուղարկեք այս ձայնագրությունը և խնդրում եմ, կիսեք ձեր էջերին, որպեսզի մեր ազգի ողջամիտ մարդիկ իմանան թէ ինչպես են տրվում հաղթանակները, ինչպես են կանգուն մնում քաղաքները և թէ զենք ու փամփուշտ առնելն ում գործն է:

Սիրելի աղոթքի-հակառակորդներ, նախ հստակ ասեմ, որ ամեն հայ մարդ պետք է կանգնի Հայոց բանակի կողքին և իրեն տրված բոլոր հնարավոր միջոցներով աջակցի մեր ամբողջ պետականության զորացմանը: Բայց միջին հասարակ մարդը զենքի առևտրով զբաղվելու իրավունք չունի: Բանակի համար զենք ու փամփուշտ մատակարարելը հատուկ գերատեշչությունների գործն է: Դրա համար ազգը հարկ է վճարում և նվիրատվություններ կատարում, որպեսզի պաշտպանության նախարարությունը պատշաճ ձևով զինի բանակը:

Այստեղ արդեն պատասխանեցի ձեր հարցին, ու ինչպես աշուղ Ջիվանին կասեր, մեր աղոթքը բանակին զինելու վնաս չէ: Այլ միայն օգուտ: Բայց այս պատասխանը ճիշտ ու ամբողջական չէր լինի առանց հետևյալի՝ ոչ զինվորների շատությունն է որոշիչ պատերազմի ելքի համար, ոչ էլ զենքի առատությունը: Առանց Աստուծո օգնության ու զորության մեծ զորքը պարզապես դիակներ են պատերազմի դաշտում: Բացի դրանից, հաղթանակները տրվում են արդարներին այլ ոչ թէ անաստվածներին ու չարերին: Աստված կարող է ուրիշ մի անհավատ ազգի, օգտագործել որպես մտրակ՝ մի այլ ազգի խրատելու համար: Այս Աստվածաշնչյան ճշմարտությունը (թէ ոչ զինվորների շատությունն է որոշիչ պատերազմի ելքի համար, ոչ էլ զենքի առատությունը), հաստատվել է աշխարհի պատմության մեջ: Ու քանի որ դուք Քրիստոսին չէք հավատում, ես նախ ձեզ ոչ-Աստվածաշնչյան մի քանի օրինակներ բերեմ, որոնց մասին դուք հավանաբար անցել էք դպրոցում:

Քրիստոսից առաջ՝ 480 թվականին պարսկական Քսերքսես թագավորը 2 միլիոն զինվորներով հարձակվեց Հունաստանի վրա, ու այսուհանդերձ ստիպված եղավ փախչել անհամեմատ փոքր հունական բանակից: 1812 թվականին Նապոլեոնը Ռուսաստանի վրա հարձակվեց կես միլիոնանոց բանակով, գրավեց Մոսկվան, բայց Ռուսաստանից փախավ երկուս ու կես հազարանոց բանակով: 1941 թվականին Ֆաշիստական Գերմանիան ավելի լավ էր զինված քան Խորհրդային Միությունը, բայց 4 տարի անց պատերազմն ավարտվեց Բեռլինում՝ Գերմանիայի լիակատար կապիտուլիացիայով: 1992 թվականին Ադրբեջանն ավելի հարուստ էր, բաց ճանապարհներ ուներ, երկրաշարժ չուներ, ավելի շատ զենք ուներ ու ավելի շատ զինվոր ուներ, ամեն ինչ կարծես մեր դեմ էր ու հակառակ մեզ, բայց Շուշիի ազատագրումն ու լիակատար հաղթանակը տրվեց հայերիս: Զենքի առատությունը, փամփուշտն ու փողը նրանց չօգնեցին:

Իսկ հիմա ձեզ մի քանի օրինակ պատմեմ Աստվածաշնչից՝ հուսալով, որ վերոհիշյալ օրինակները, ձեզ գոնե մի քիչ մտածելու տեղիք տվեցին

Աստվածաշունչը մեզ հստակ սովորեցնում է, որ զենքի առատությունը պատերազմում չի օգնում: Ինչն է օգնու՞մ՝ միայն Աստված: Աստված օգնում է իրեն հավատարիմներին, մաքուրներին ու արդարներին առավելության հասնել անհավատների, ամաքուրների ու չարերի վրա: Աստված կարող է նաև օգտագործել անհավատ Ասիական մի ազգի՝ խրատելու համար իր սեփական ժողովրդին: Պատմությունից մենք տեսնում ենք, որ Տերը օգտագործել է Աթիլլային, Մոնղոլներին, Թուրքերին, Նապոլեոնին և այլ արքաների՝ խրատելու համար եվրոպական և այլ ազգերի:

Եգիպտոսից Ելքի ժամանակ, երբ Հրեա ազգի դիմաց ծովն էր իսկ ետևից հետապնդում էր Փարավոնի բանակը, նրանք աղոթքով աղաղակեցին Աստծուն, ով բացեց Կարմիր Ծովը, ամպ ու մեգ դրեց իրենց ու Եգիպտացիների միջև, ապա ծովը լցրեց Փարավոնի բանակի վրա ու ծածկեց նրանց: Զենքի ու զորքի առատությունը չօգնեցին Փարավոնին:

Երբ որ հրեա ազգը հասավ Երիքով, յոթը ազգեր, որ 450 տարվա հաստատուն պետականություն ունեին, պատերազմեցին անապատ քշված այս քոչվոր ազգի դեմ: Ու զենքի առատությունը այս յոթ ազգերին չօգնեց: Աստված հաղթանակը տվեց հրեաներին: Էլ որի՞ մասին պատմեմ, Սավուղի՞ մասին պատմեմ թէ ինչպես հաղթեց Փղշտացիներին, թէ՞ Դավթի մասին պատմեմ թէ ինչպես պատանին պարսատիկով հաղթեց մինչև ատամները զինված հսկա Գողիաթին: Թէ՞ պատմեմ թէ ինչպես գեներալ Լիսիասը 80 հազարանոց բանակով պարտվեց Մակաբայեցիներից և թէ ով և ինչպես շփոթություն քցեցին այդ 80 հազարանոց բանակի մեջ:

Ուրեմն թէև չէք հավատում Քրիստոսի զորթությանը, այնուամենայնիվ համաշխարհային պատմությունից հետևյալ դասերը հստակ են ողջամիտ և շրջահայաց մարդկանց համար: Այս մասին գրում է Սուրբ Նիկոլայ Սերբացին իր Պատերազմը և Աստվածաշունչը գրքում, որը ամեն հայ մարդ ու զինվորական լավ կլինի որ կարդա:

Առաջին՝ ով որ պատերազմի ժամանակ իր հպարտության մեջ, Աստծուն մոռանալով, իր հույսը կդնի իր զենքերի առատության վրա ամոթաբար կպարտվի ու կ՛ընկնի:

Երկրորդ՝ ով որ պատերազմի ժամանակ իր սրտի խոնարհությամբ իր հույսը չի դնում զենքի վրա, այլ զղջումով ու ապաշխարությամբ կանչում է Աստուծու օգնությունը՝ փառավորապես հաղթանակ կտանի:

Երրորդ, Աստված օգնում է խոնարհներին ու հավատարիմներին՝ ընդեմ հպարտների ու անհավատների:

Չորրորդ, Աստված կարող է Ասիական ոչ Քրիստոնյա ազգին օգտագործել իր սեփական ժողովրդին խրատելու համար:

Հինգերորդ, Աստված հաճախ օգտագործում է փոքր միջոցներ ու աննշան բաներ՝ շրջելու և գլիվայր անելու գոռոզներին ու անհավատներին:

Ուրեմն Տերը մեզ տվել է այս անգին երկիրը: Դուք վախեցէ՛ք Տիրոջից, դա իմաստության սկիզբն է (Առակ 1:7), որպեսզի իր պատվիրանները կատարելով սիրեք Աստծուն: Ծառայեցէ՛ք նրան շիտակութեամբ եւ արդարութեամբ, հեռացրէ՛ք օտար աստուածներին ու կոռքերին ձեր կյանքից, եւ պաշտեցէ՛ք Տիրոջը։ Իսկ եթէ ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա որոշեցէ՛ք այսօր, թէ ո՛ւմ էք պաշտելու. Աստծու՞ն թէ ձեր սրտի կուռքերին: «Իսկ ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետեւ նա սուրբ է» (Հեսու 24:15):

Հիմա երևի պարզ է, որ մեր աղոթքը բանակի փամփուշտին ու զենքին վնաս չի: Այլ հակառակը՝ երբ որ ազգի անդամները հրաժարվում են մեծամտությունից ու գոռոզությունից և դառնում ճշմարիտ Աստծուն, ապա և բանակն է ավելի զորանում, և երկիրն է ավելի հարստանում, և խաղաղություն է լինում և թշամիները չեն համարձակվում հարձակվել այդ երկրի վրա, որովհետև գիտեն որ այդ երկրի տերը ճշմարիտ Աստվածն է և այդ Տերը չի թողնում պատերազմ:

Դե բարի օր բոլորիդ: Խնդրում եմ, պատմեք մարդկանց այս մասին: Գրեք ու խոսեք այս բաների մասին, կիսեք սա ձեր էջերին և աղաչում եմ, շարունակեք զղջումով աղոթել Հայոց ազգի դարձի ու ապաշխարության համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին