Ոչ իշխանական ուժերի երկրորդ հանրահավաքին հաջորդեց ՀԱԿ գործադիր քարտուղար Ս. Աբրահամյանի հայտարարությունը, որտեղ նշվում էր եռյակի հաջորդ ցույցերի օրերն ու երթուղին: Սակայն անցած շաբաթ այդպես էլ հանրահավաք տեղի չունեցավ, որը արժանացավ հանրության լայն շերտերի քննադատական արձագանքներին:
ՀԱԿ-ի հայտարարության մեջ անցած շաբաթվա չկայացած ցույցի օրվանից բացի հստակ նշված էր, որ հանրահավաքները տեղի են ունենալու նաև նոյեմբերի 7-ին և 14-ին: Այսօր, սակայն, Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասել է.«Չեմ կարծում, որ այս շաբաթ հանրահավաք տեղի ունենա, որովհետև կարծես թե ժամկետներն էլ բավարար չեն հանրահավաքին պատրաստվելու համար»:
Այստեղ մի հարց է առաջանում, միթե «հուժկու» հանրահավաքներ կազմակերպած երեք կառույց չեն կարողանում վերջնական որոշել երրորդ հանրահավաքի օրը: Եռյակի` ամպագոռգոռ հայտարարություններ տարածող հռետորները պետք է հասկանան, որ «խուճապահար» ռեժիմի մասին լեգենդներ հյուսելուց բացի իրական գործով էլ է պետք զբաղվել: