Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թվականը՝ ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակը, բնական շարժի ցուցանիշները` ծնելիություն մահացություն, ամուսնություն-ամուսնալուծություն հարաբերակցությունը:
«Նախորդ տարվա 41790-ի համեմատ գրանցվել է 43183 կենդանի ծնունդ՝ այսինքն, ոչ մեռելածիններ, ընդ որում՝ 1000 բնակչի հաշվով ծնունդները 2014 թվականին կազմել են 14.3՝ 2013 թվականի 13.8 միավորի համեմատ: Բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում (15.1) և Շիրակի մարզում(15.1): Բարձր են նաև Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի ծնելիության գործակիցները: Ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Տավուշի (11.8), Սյունիքի (10.7), Վայոց Ձորի (12.5) մարզերում»,-հայտնեց Կարինե Կույումջյանը:
ԱՎԾ պետի հաղորդմամբ՝ նախնական ցուցանիշներով աղջիկ երեխաներին հիմնականում կոչում են Նարե, Միլենա, Մարի, Մանե, Անի, տղաներին՝ Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ անուններով:
Անի Կարապետյան