aravot.am-ը գրում է.Հոկտեմբերի 27-ի գործով Կարեն Դեմիրճյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը կարծում է, որ «27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված ահաբեկիչ Էդուարդ Գրիգորյանը՝ որպես պետության դեմ հանցագործություն կատարած անձ, պետք է զրկված լինի բոլոր, այդ թվում շփվելու իրավունքից: Հիշեցնենք, որ 2014 թվականից Էդուարդ Գրիգորյանը facebook-ի ակտիվ օգտատեր է ու նույնիսկ «Հոկտեմբերի 27-ի» գործով համացանցում իր «բացահայտումներն» է տարածում: Փաստաբան Աշոտ Սարգսյանը Aravot.am-ին ասաց, թե ինքը տեղյակ չէ իրավական ինչ հիմքով է ահաբեկիչը օգտվում սոցցանցերից, եթե համապատասխան պետական մարմնից ստանա facebook-ից օգտվելու թույլտվության հիմքը, կկարողանա ավելի մանրամասն անդրադառնալ հարցին: Նա միայն ասաց, որ Դեմիրճյանների ընտանիքում ահավոր վրդովմունք է առաջացրել ահաբեկչի facebook-ի էջն ու դրանից օգտվելու թույլտվությունը: «Իրավացի է նրանց վրդովմունքը, ի՞նչ է նշանակում մարդը, գտնվելով ազատազրկման վայրում, հանգիստ կարող է օգտվե՞լ ամեն ինչից: Դժվա՞ր է արգելափակել նրա էջը կամ ի՞նչ է նշանակում՝ միջնորդավորված է օգտագործվում նրա էջը: Նա պետության դեմ հանցագործություն է կատարել: Դե որ շփվելը սահմանադրական իրավունք են համարում, թող Հունանյան եղբայրներին էլ թույլատրեն, հետո՞: Էնքան մարդ կա, որոնց օրինական իրավունքներից զրկել են, թող էդ մեկին էլ զրկեն»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով քրեակատարողական հիմնարկի մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանի պարզաբանմանը, թե Էդուարդ Գրիգորյանի facebook-ի էջը վերահսկում են ու դա օգտագործվում է միջնորդավորված եղանակով:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում