▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավիճակը՝ Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին

Դիտեք նաև՝

Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է։ Մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։
Ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար` խնդրում ենք չշտապել։
Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից։
Ստեփանակերտի բնակչության տեղափոխման հարցով դիմել քաղաքապետարան, շրջաններում` վարչակազմերին։
Խնդրում ենք ըմբռնուվ մոտենալ. Մեր կառույցը (օպերատիվ շտաբ և ԱԻ պետական ծառայություն) զբաղվում է անհետ կորածների հարցերով, ըստ այդմ` որոնողափրկարարական աշխատանքներով։

Աղբյուրը` ԱՀ տեղեկատվական շտաբ

Թարմացված. «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկություններ ունեմ, որ նիկոլաթուրքական վարչակարգի ներկայացուցիչները Գորիսում խոչընդոտում են, ամեն կերպ արգելում են միջազգային մեդիաների ներկայացուցիչներին շփվելու Արցախից դուրս եկող մեր հայրենակիցների հետ։
Չեն թողում արտասահմանյան լրագրողներին նաև հիվանդանոցներ, որտեղ արցախցի քաղաքացիական վիրավորներն են։
Սա չենք կարող դիտարկել որպես այլ բան, քան Երևանից գործուն օգնություն Բաքվին՝ կոծկելու Արցախում մեր հայրենակիցների ցեղասպանությունը։
ԿՐԿՆՈՒՄ ԵՄ. իմ ունեցած տվյալներով նիկոլաթուրքական օկուպացիոն վարչակարգը չի թողնում, որ միջազգային մեդիայի ներկայացուցիչները տեղում լուսաբանեն իրավիճակը, խոսեն արցախցիների հետ, ներկայացնեն իրականությունն աշխարհին»։

Թարմացված. «Սաղ փախնում էին, ընդամենը մի քանի շոր ենք վերցրել, ուրիշ ոչինչ։ Բենզին չկար, խնդրելով ենք եկել, հասել»,- «Ֆակտոր»-ի հետ զրույցում ասել է Մարտակերտից տեղահանված արցախցին։ «Ալիևը հեռուստացույցով հայտարարել է, թե անձնագիրը փոխեք, ադրբեջանցի դարձեք, ինչ ասենք՝ արեք․․․ Ո՞ր հայը դա կանի»,- նշել է նա։

Թարմացված. Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ է սա, եթե ոչ բառի ուղիղ իմաստով էթնիկ զտում՝ հրահրված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով։ Այս աղետի հետ կապված բոլոր միջազգային «մտահոգությունները», որքան էլ անկեղծ և հուզական լինեն, ընդամենը լոլոներ են։ Եվ սա մեր կողմից պետք է ընդունվի՝ ի գիտություն։Այլևս երբեք բազմաչարչար արցախցու կյանքը չպետք է դառնա աշխարհաքաղաքական շահերի զոհ»։

Թարմացված. «Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով. «Գորիսում բռնի տեղահանվածները մեքենաների մեջ են քնած հենց հիմա, քաղաքը սկսել է նմանվել բռնագաղթած անձանց ճամբարի՝ բաց երկնքի տակ։
Շատ արագ, մեկ այլ ընդունման կայան ստեղծեք մոտակայքում, մի սպասեցրեք հոգնած, չքնած ու սոված մարդկանց այսքան երկար»։

Թարմացված. Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«SOS… Փորձությունները շարունակվում են՝ հիմա էլ հումանիտար մեկ այլ աղետի վտանգ կա, այս անգամ՝ միջանցքում, որտեղ հազարավոր մեքենաներ են կուտակվել՝ տասնյակ հազարավոր մարդկանցով։ Մարդիկ օրերով ճանապարհին են, սպառվել է առանց այն էլ սուղ պարենը, ջուրն էլ սպառվում է։ Սանիտարահիգիենիկ պայմանների մասին էլ չեմ խոսում…Իսկ այնտեղ երեխաներ, այդ թվում ծծկեր երեխաներ կան ու նվազագույն դիմադրողականություն ունեցող տարեցներ։ Արդեն ծնվել է առաջին երեխան միջանցքում ու արդեն մահացել է առաջին տարեցը։
SOS…Շտապ միջոցներ են պետք՝ խուսափելու ևս մեկ հումանիտար աղետից։ Նախ՝ ՀՀ իշխանությունները կարող են շատ կամավորներ ներգրավել և արագացնել մարդկանց ընդունման գործընթացը՝ նվազեցնելով խցանումը։ Բացի դրանից, կարող են Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ մթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնել մարդկանց։ Կարմիր Խաչի Ստեփանակերտի գրասենյակը չեմ հիշատակում, քանի որ Ստեփանակերտում մթերք գրեթե չի մնացել։ Բայց Ստեփանակերտը երկու բան կարող է անել. նախ՝ փորձի կարգավորել մեքենաների հոսքը և ապա փորձի խաղաղապահներին ներգրավել մարդկանց հումանիտար օգնություն ցուցաբերելու գործում։
SOS.. Ինչ արվի՝ պիտի արվի շտա՛պ, ա՛ն-հա՛-պա՛ղ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին