Գործարար Վրույր Փենեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Pour Tour Notre-Dame
Այսօր առավել քան երբևիցե կարևոր է լինել մեր բարեկամ Ֆրանսիայի կողքին,կիսել այդ համաշխարհային վիշտը և մասնակցություն ունենալ Notre-Dame de Paris-ի վերականգնողական աշխատանքներին։
Այսօր հատուկ հաշիվ է բացվել, որին յուրաքանչյուրս կարող է իր ավանդը ունենալ։
Տարածելը խրախուսելի է!!!»:
Հավելենք, որ Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։
Հիմնադրամի կայքում առաջարկվում է փոխանցում կատարել 50-ից 500 եվրոյի չափով, կամ ցանկացած այլ գումար: «Հանգանակված միջոցներն ամբողջությամբ կուղղվեն տաճարի վերականգնմանը»,- նշված է կայքում:
Հիշեցնենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է մոտավորապես ժամը 18.50-ին։ Հրդեհի հետեւանքով փլուզվել են ձողի վերին մասը, տաճարի ժամացույցը եւ տանիքի մեծ մասը։ Նախնական տվյալներով՝ հրդեհը, ամենայն հավանականությամբ, սկսվել է տաճարի վերին մակարդակներում նորոգման աշխատանքների ընթացքում։