Ես չեմ ուզում ծամծմել ՀՀ ու ԼՂՀ սահմանագլխին Նախախորհրդարանի ավտոերթի մասնակիցների հանդեպ արցախցի ոստիկանների կողմից անհամարժեք բռնության կիրառումը՝ արդարացված չէր այդօրինակ պահվածքը և կատարվածի հետևանքները դեռ իրենց զգացնել կտան առաջիկայում: Քաղաքական հարթության վրա հարաբերվելու օրինաչափություններ կան, որոնց նկատմամբ անփույթ վերաբերմունքը կարող է շատ տհաճ և, անգամ, ճակատագրական հետևանքներ ունենալ:
Այս համատեքստում ընդդիմադիր գործիչները կամ ճանաչում են գործող իշխանության որոշումներ կայացնելու իրավունքը և ինչ-ինչ հարցերի շուրջ փոխհամաձայնության չգալու պարագայում հրաժարվում միակողմանի քայլերից, կամ էլ չեն ճանաչում իշխանության իրավազորությունն ու չեն էլ փորձում իրենց գործողություններն այդ իշխանության հետ համաձայնեցնել : Դեկտեմբերին Նախախորհրդարանի ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ բարձրագույն իշխանություններին՝ խնդրելով կամ առաջարկելով արտոնել «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով ավտոերթի իրականացումն Արցախի տարածքում: ԼՂՀ իշխանությունները նպատակահարմար չգտան ավտոերթի կազմակերպումը, Նախախորհրդարանն էլ որոշեց անտեսել նրանց դիրքորոշումն ու, այնուամենայնիվ, մեծ ավտոշարասյունով ուղևորվել Արցախ:
Այս կարգի հարաբերությունների տրամաբանությունը պարզունակության աստիճան պարզ է՝ երբ որևէ հարցով դիմում ես որևէ ատյանի, ուրեմն պատրաստ ես ճանաչել դիմումիդ վերաբերյալ այդ ատյանի ընդունած որոշումը ու եթե չես ճանաչում, ապա ոչ միայն ինքդ ես խախտում այս կարգի հարաբերությունների համար ընդունված վարքականոնն, այլև ուղղակիորեն պարտադրում ես, որ քո միակողմանի քայլերը քո կողմից անտեսված իշխանությունը կասեցնի իր ձեռքի տակ եղած առավել հասանելի միջոցներով: Անգամ ամենաանպետք և թույլ իշխանությունը չի հանդուրժի, որ անտեսվի իր կողմից ընդունված որոշումը՝ եթե հանդուժեց, ապա շատ արագ կփլուզվի: Կատարվածն էլ ավելի ապականեց մեզանում առկա մթնոլորտն ու ստորացրեց ծեծողներին էլ, ծեծվողներին էլ ու նաև բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Հայաստանի ճակատագրով: