ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Հովհաննիսյանի հայտարարությունը
Մենք հաստատում ենք վերջերս լրատվամիջոցներում տարածված այն լուրերն այն մասին, որ ՀՀ պատկան մարմինները լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերել Հակոբ Ինջիղուլյանի գերևարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ:
Ավելի ստույգ, առկա է համապատասխան տեսագրություն, որն ավելորդ անգամ հաստատում է ադրբեջանական քարոզչամեքենայի սին բնույթը: Տեսագրությունն անմիջականորեն կապված է Ինջիղուլյանի նկատմամբ կատարված բռնություններին, դրանց միջոցով նրան իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուն հարկադրմանը, ինչպես նաև իրականում հստակեցնում է, թե ովքեր են իբրև թե «իրենց հարազատների գերեզմաններին այցելած» ադրբեջանցի դիվերսանտները:
Տեսանյութը զանգվածային տարածման չի տրամադրվում, անձի վերաբերյալ զգայուն տեղեկատվության տրամադրման էթիկական անթույլատրելիության տեսանկյունից, սակայն կարող է կոնֆիդենցիալություն պահպանման համաձայնությամբ, ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցչություններին:
Հիշեցնենք, որ նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը շարունակելու է ծառայությունը ՀՀ ԶՈՒ-ում: Այս տեղեկությունը Asekose.am-ի թղթակցին երեկ փոխանցել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Միաժամանակ վերջինս նշեց, որ դեռ հստակ չէ, թե դա երբ է տեղի ունենալու: