«ՀՀԿ տատիկից հետո իր հեղինակավոր խոսքն ասաց նաև գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը (Մանվել, որ ասում ենք, Սեյրանը հետն է)։ Ըստ ամենայնի՝ պայքարի մեջ կմտնի և Սերժ Սարգսյանին իր զորակցությունը կհայտնի նաև ՀՀԿ–ի Գևորիկը»,- գրում է Եռյակին սատարող կայքերից մեկը։
Մանվելին փաստաբանություն անել չեմ ուզում, ոչ էլ ուզում եմ ասել, թե նա անթերի է:Բայց չի կարելի այնքան ինքնամոռաց տրվել քննադատությանը ու գեներալների անունները դնել ինչ-որ պատահականությունների կողքին՝ միայն այն բանի համար, որ Մանվելը կամ Սեյրանը կարծիք են արտահայտել Գագիկ Ծառուկյանի ու նրա ղեկավարած շարժման մասին:
Լրիվ անկեղծ եմ լինելու. իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ Մանվելն ու Սեյրանն այս երկրի առաջ ավելի մեծ, անուրանալի ծառայություն ունեն, քան՝ Եռյակի հարթակում կանգնած շատերը, ովքեր ցերեկն իշխանություն են, գործից հետք՝ ընդդիմություն:
Շատերն ասում են՝ պատերազմը վերջացավ, եկան, թալանեցին, ամեն ինչի տեր դարձան: Էդ ո՞վ կամ ովքե՞ր են էն արդար դատավորները, էդ որտեղի՞ց որոշեցին, որ հարթակում կանգնած միլիոնատերերն հրեշտակ են՝ բուրժուա կոչվելու աստիճան, իսկ կռվի բովով անցած տղերքը՝ հանցագործներ:Ընենց էլ մի ինտելեկտուալ բարձունքից են քննադատում Երկրապահի հրամանատարների խոսքը, կարծես՝ իրենց պաշտպանյալ հռետորները փայլում են ճարտասանությամբ, մտքի անսահման թռիչքով:
Մանվելն ու Սեյրանը չեն թաքցնում, որ գյուղում ծնված-մեծացած տղերք են, իրանց ջահելության տարիներն էլ տվել են կռվին ու զենքին: Հա, վարորդ են եղել, լավ են արել, բա թող ձեր սուպերինտելեկտուալները գնային պատերազմ, ընկերոջ կորստի ցավ տեսնեին, վառոդի հոտ առնեին, «Հաղթանակ» բառն էլ իրենց անվան հետ ասոցացվեր: Մանվելն ու Սեյրանը՝ եթե փող չունենան, ավելի արժանավոր ու գնահատված կլինեն, եթե այսօրվա հարթակում կանգնած գործիչների մի մասը փողից զրկվեն, կենսագրության գոնե մեկ էջ չեն ունենա, որով կարողանան հպարտանալ...