Մի՛ սպանեք մեր հավատն ու սերը Հայաստանի հանդեպ
Ես այն մարդկանցից եմ, ովքեր տարիներ շարունակ երազել ու փայփայել են ԱԶԱՏ ու ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարը, ովքեր գիշերները թաքուն՝ գրքեր են կարդացել մեր Հայրենիքի փրկությանն իրենց կյանքը նվիարբերած հերոսների, մեր իղձերի ու ձգտումների մասին: Ես այն մարդկանցից եմ, ում ծնողները քայլել են ստալինյան ճամբարների դժնդակ ճամփաներով, որովհետև միշտ խոսել են Ազատ Հայաստանի մասին, որովհետև իրենց հոգիների մեջ են կրել Եռագույնը...
Ես այն մարդկանցից եմ, ովքեր 1987-ին մասնակցեցին Ղարաբաղի ազատագրության ստորագրահավաքին, իսկ 1988-ին դուրս եկան հրապարակ՝ իրականություն դարձնելու մեր պապերի երազները: Ես այն մարդկանցից եմ, ովքեր կանգնեցին հարթակում ու ազատության կոչեր հնչեցրեցին...
Մենք ստեղծեցինք մի նոր Հայաստան, մեր երազների Հայաստանը, որը, սակայն, այսօր բռնաբարվում ու ոչնչանում է, որը դարձել է բաշիբոզուկների ու թալանչիների ոտքի կոխան, որտեղ իրենց ներկայությունն են հաստատել ամեն տեսակի սաշիկներ ու լֆիկներ, ուրիշների փառքը թռցնող ու հափրացած գեներալներ, իշխանությունը զավթած ու դեռ ժառանգաբար իշխանությունն իրենց զավակներին փոխանցելու մտադրություն ունեցող ելուզակներ, որոնց դեմքերից կաթում է տխեղծությունը, որոնք ոչնչացնում են նվիրական ամեն ինչ՝ հայաստանցիներին վռնդելով Հայաստանից, ազատամարտիկներին դատապարտելով սովի, հայ երեխային զրկելով Հայրենիքի վեհ գաղափարից...
Մեր երազները բախվեցին այսօրվա իշխողների ստամոքսակռվին, անվերջ հարստանալու անհագուրդ պահանջներին... Բայց այսպես այլևս շարունակվել չի կարող: Այսպես այլևս չի կարելի հանդուրժել այն խունտային, որն այսօր զավթել է իշխանությունն ու ծաղրում է բոլորիս, մեր երկրի ավերակների վրա կառուցում իր երջանկության ապարանքները...
Մի վերջին անգամ խնդրում ու համոզում եմ այդ խունտային. ՄԻ ՍՊԱՆԵՔ ՄԵՐ ՀԱՎԱՏՆ ՈՒ ՍԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ, մի դատապարտեք մեզ ձեր տխրահռչակ իշխանությանը, ձեր ողորմելի կերպարներով ամեն օր մի կախվեք մեր հայացքների առջև: Հեռացեք, քանի դեռ մենք չենք հեռացրել ձեզ՝ ձեզ բանտերն ուղարկելով և պարտադրելով պատասխան տալ այն արհավիրքների համար, որոնցով լցրեցիք մեր երկիրը: