Հաճախ լսում ենք դժգոհություններ, որ Հայաստանում ներկայումս չեն գնահատում իրական արվեստը և դրա նվիրյալներին, ինչի արդյունքում տարեց տարի խնդիրներին լուծում տալու փոխարեն դրանց ավելանում են նորերը: Սակայն ամեն ինչ այդքան անմխիթար չէ: Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց լուման ներդնել և արվեստը զենք դարձնելով շատ խնդիրներ լուծել: Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահ Գայանե Բաղդասարյանի հետ, ով իր թիմի հետ միասին փորձում է երգչախմբային արվեստի զարգացման նոր ուղիներ փնտրել:
-Գայանե, որքան տեղյակ եմ «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ն համեմատաբար վերջերս է հիմնվել, կներկայացնե՞ք ստեղծման պատմությունը:
-«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» հ/կ-ը հիմնվել է 2013 թվ-ի նոյեմբերի 1-ին, քանի որ իսկապես կար դրա կարիքը: Մենք` խմբավարներս, չունեինք մեր ընտանիքը: Նախորդ տարի հյուրընկալել էինք «Եվրոպական երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ի նախագահին, ով շատ զարմացած էր, որ մենք չունենք նմանատիպ ասոցիացիա: Նրա մեկնումից հետո մեր խմբավարները որոշեցին, որ պետք է բացը լրացնեն: Երբ հիմնվեց ասոցիացիան, պատվավոր նախագահ դարձավ մաեստրո Հովհաննես Չեքիջյանը: Նշեմ, որ մեր ասոցիացիայի հիմնադիր անդամներն են Տիգրան Հեքեքյանը, Սոնա Հովհաննիսյանը, Սարինե Ավթանդիլյանը, Յուրի Յուզբաշյանը, Քրիստինե Շերոյանը և այլոք:
-Իսկ ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնեք:
-Թիմային աշխատանքն ավելի արդյունավետ է: Ասում են, որ հեղափոխությունն անհատն է անում, բայց ամեն դեպքում նրա հետևում միշտ էլ թիմ է լինում: Մեր թիմի առջև կա ահռելի աշխատանք, որը պետք է իրակացնել, ինչպես նաև տարիներ ի վեր կուտակված խնդիրներ: Վերադառնալով գործառույթներին` դրանք հետևյալն են. նպաստել հայ երգչախմբային արվեստի զարգացմանը և ներկայացմանը ողջ աշխարհում, լայնորեն ներկայացնել արտերկրի երգչախմբային արվեստը Հայաստանում, նպաստել աշխարհի տարբեր երգչախմբային դպրոցների և նորամուծությունների տարածմանը, նպաստել նոր ստեղծագործական կապերի ստեղծմանը, հիմնել նոր երգչախմբեր, կազմակերպել համերգներ Երևանում, մարզերում, Արցախում, արտերկրում և այլն: Ծրագրերն իսկապես շատ են:
-Եթե փորձենք ամփոփել Ձեր և Ձեր թիմի աշխատանքը, այս սեղմ ժամանակահատվածում ի՞նչ կարողացաք իրականացնել:
-Առաջին արձագանքը ստացանք Սյունիքի մարզից: Մեզ առաջարկեցին Կապանում վարպետաց դասեր անցկացնել: Իսկ մեր նպատակն օգտակար լինելն է: Սյունյաց մարզից հետո արձագանքեց Շիրակի մարզը: Այստեղ համագործակցում ենք «Արվեստը հանուն խաղաղության» հ/կ-ի հետ: Շուտով Շիրակի մարզի Հառիճավանքի համալիրում 300 երեխաներ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին ընդառաջ երգելու են հայ հոգևոր երաժշտություն: Նշեմ, որ երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, առաջին նիստին հայտարարեցի, որ իմ նպատակն է երգչախմբային արվեստի զարգացումը մարզերում: Ուզում եմ այնտեղ երգչախմբային փառատոն ստեղծել, որպեսզի բոլոր երեխաներն առանց խտրականության մասնակցեն դրան և այն նման լինի մեծ տոնի: Անձամբ ես ցանկանում եմ սկսել հենց սահմանամերձ մարզերից:
-Ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ ցանկությունը:
-Բոլորս էլ գիտենք, թե սահմանամերձ գոտիներում ինչ պայմաններում են ապրում և ինչ կարևոր է կոլեկտիվ արվեստի զարգացումն այնտեղ, որովհետև մեկ անհատ խմբավար սնում և դաստիարակում է բազում երեխաների: Երգչախմբային արվեստն առավել է մնացած արվեստի տեսակներից, որովհետև կոլեկտիվ արվեստի տեսակ է:
-Բայց արդյո՞ք մարզերում, առավել ևս` սահմանամերձ գոտիներում, երբ, ցավոք, կենցաղային խնդիրները միակը չեն, բնակիչներն ունեն արվեստին իրենց նվիրելու ժամանակը և կարիքը:
-Մարզային ավելի սուղ և զուսպ պայմաններում ապրող երեխաները, որոնցից ոչ բոլորն ունեն համացանցից օգտվելու հնարավորություն, գուցե շատ ավելի են շփվում բնության հետ, սակայն միաժամանակ նրանց ազատ ժամանակը ճիշտ կազմակերպելու կարիք կա: Ի դեպ, մեր լավագույն երգչախմբերը հենց մութ և ցուրտ տարիների և սղության արդյունք են, սակայն լույսերը վառվեցին, մարդիկ կորցրեցին իրենց ԿԱՐԵՎՈՐ հետաքրքրությունը, հեռացան հոգևորից, այնքան սահուն, որ իրենք էլ չզգացին:
-Ներկայումս թեև մութ և ցուրտ չէ, սակայն խնդիրների պակաս չունենք... Հավատո՞ւմ եք, որ տարիներ հետո կասեք, որ 2000-ականներին ստեղծվեցին մեր լավագույն երգչախմբերը:
-Ես կարծում եմ վերջին շրջանում այդ հսկաները դժվարությամբ են ծնվում, բայց ամեն դեպքում ծնվում են…Ես լավատես եմ, թող մեկը ծնվի, բայց լինի շատ լավը, թող ծառայի ազգին և լինի օրինակ:
-Բայց շատ հաճախ այդ հսկաներն իրենց ճանապարհն են փորձում հարթել Հայաստանի սահմաններից դուրս, մշակութային արտագաղթի մասին ի՞նչ կասեք:
-Ես գիտեմ երկու մշակութային հսկաների, (անունները չեմ ուզում նշել) որոնք, ապրելով Հայաստանի սահմաններից դուրս, վերադարձան և ասեցին, որ հայրենիքից չեն նեղանում: Բացի դրանից պետք չէ վախենալ արտագաղթից, հաճախ հայերը եվրոպական երկրներում սպունգի պես ամեն լավ բան կլանում են և վերադառնում, իսկ եթե չեն վերադառնում, ապա նշեմ, որ հայի գենի մեջ կա օգտակար լինելը:
-Եթե վերադառնանք ասոցիացիային, որո՞նք ենք եղել հիմնական դժվարությունները, որոնք այս ընթացքում հանդիպել եք Ձեր ճանապարհին:
-Որևէ նախագիծ իրականացնելու համար առաջին նախապայմանը լավ թիմ ունենալն է, չեմ ուզում ասել, որ ֆինանսական կողմը կարևոր չէ: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ ֆինանսական տեսանկյունից մեր պարագայում հարցերն երբեմն ինքնին լուծվում են: Հայտնվում է մեկը, ով մեզ օգտակար է լինում: Եթե խոսենք մյուս խնդիրների մասին, ապա կնշեմ, որ հայերն ի ծնե անհատներ են, մենք սիրում ենք թե արվեստում, թե սպորտում մենակատար լինել: Բացի դրանից վերջերս, երբ եղա մարզում, դաշնակահարը ղեկավարում էր երգչախումբը. սա մեծ խնդիր է: Ես կուզեի, որ անվանի խմբավարները թողնեին սերունդներ, ովքեր կզբաղվեին իրենց մասնագիտությամբ և մենք կունենայինք խմբավարական ամուր դպրոց:
-Ի՞նչ եք կարծում ձեր թիմին կհաջողվի խմբավարների խնդիրը լուծել:
-Կարծում եմ 2015 թվ-ի գարնանը մենք խմբավարների համար մրցույթ կկազմակերպենք: Ի վերջո, մրցակցությունը բերում է զարգացման, իսկ մենք պետք է բուժենք հիվանդ հատվածը: Ինչպես նաև հետագայում խմբավարների համար կանցկացնենք վարպետաց դասեր:
-Իսկ ի՞նչ գնահատական կտաք ներկայումս գործող երգչախմբերին:
-Շատ ծայրահեղ ազգի տեսակ լինելով` կտեսնենք և շատ լավը, և շատ վատը: Վերջերս որպես ժյուրիի անդամ եղա «Երգող Հայաստան» մանկական երգչախմբային արվեստի 7-րդ հանրապետական մրցույթ-փառատոնին: Հետաքրքիրն այն էր, որ չկար վատ երգչախումբ, ուղղակի կար վատ տարված աշխատանք: Նորից խմբավարների հարցն է, եթե խմբավարը լավն է` երգչախումբն էլ է լավը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան