Մարտի 4-ին Լոս Անջելեսում կկայանա «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության հոբելյանական 90-րդ արարողությունը։ Կինոոլորտի կարևորագույն իրադարձության, հավակնորդների, ֆիլմերի ժանրային և թեմատիկ բազմազանության և այլ թեմաների մասին Asekose.am-ը զրուցել է կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանի հետ:
«Այս տարվա «Օսկարը» կարևոր է նախ այն իմաստով, որ ակադեմիական ամենամյա մրցանակաբաշխության հոբելյանական 90-րդ թողարկումն է: Վստահաբար 90 տարիների ընթացքում սա այն մրցանակաբաշխությունն է, որը ոչ միայն լավագույն կինոյի խաղաքարտերն է հրամցնում ռեժիսորներին, այլև որոշակիորեն ստեղծում է կինոյի քաղաքականություն` թե ինչ տիպի ֆիլմերն են ժամանակային, ինչ տիպի ֆիլմերն են դառնում առավել կարևոր և այլն: Իհարկե, այս տարվա ֆիլմերի հետ կապված քննարկումները բավական ծայրահեղ են` չափազանց բացասականից դեպի չափազանց դրական: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ընդգրկված ֆիլմերը շատ տարբեր են ` և՛ ժանրային, և՛ որակական առումով: Իհարկե, կան ֆիլմեր, որոնք անքննելի են այն իմաստով, որ նրանց նշանակությունը կինոյի պատմության մեջ լինելու է հեղափոխական, ինչպես օրինակ` Գիլյերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water), որն իր տեսակով ժանրային բացահայտում է. մեր աչքի առաջ ստեղծվում է մի հետաքրքիր ժանր: Հոլիվուդյան կինոյի մեջ, որը շատ կարևորում է ժանրն իբրև փաստ և համաշխարահային կինոքաղաքականության վրա ազդում է իր ժանրային լինելով, նոր ժանր է ստեղծվում`fantasy: Սա շատ ուշագրավ ֆիլմ է և Վենետիկի միջազգային կինոփառատոնի լավագույն մրցանակին է արժանացել: Իհարկե, կան նաև Ամերիկայի քաղաքականությանն առնչվող ուշագրավ ֆիլմեր, որոնք փորձում են պատմության հիմքով ներկայացնել այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային քաղաքականության մեջ այսօր, օրինակ` Ջո Ռայթի «Մութ ժամանակներ» (Darkest Hour), Քրիստոֆեր Նոլանի «Դյունքերքը» ֆիլմերը: «3 բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» (Three Billboards Outside Ebbing, Missouri)-ը հրաշալի ֆիլմ է, որը ցույց է տալիս, որ մի անձը կարող է փոխել մի ամբողջ համայնքի մտածողություն և թելադրի, թե ինչպես կարող են հարցեր լուծվել: Այս իմաստով «Օսկարը» դեռևս շարունակում է լինել առանցքային նշանակության կինոիրադարձություն, որը հետաքրքիր է ոչ միայն կինոսերներին, այլ նաև տարբեր հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող անձանց»,- պատմեց մեր զրուցակիցը:
Վերջինս անդրադարձավ նաև այն փաստին, որ «Օսկար»- ի գունապնակը շատ բազմազան է.
«Համասեռամոլների սիրավեպի մասին պատմող «Կոչիր ինձ իմ անվամբ» (Call Me by Your Name) ֆիլմի ռեժիսորը շատ կարևոր անձ է և շատ լուրջ է մոտենում բոլոր տեսակի թեմաներին: Այս առումով «Օսկարը» կինոյի միջոցով փորձում է ներկայացնել այն երանելի աշխարհը, որտեղ մենք կցանկանայինք ապրել, որտեղ տիրում է համերաշխություն, չկան ռասսայական կամ այլ տեսակի խտրականություններ, մարդիկ մտածում են ավելի առանցքային խնդիրների մասին: Շատ հաճախ նման տեսակի քննարկումները ծավալվում են նրա համար, որպեսզի մարդկանց ուշադրությունը շեղեն ավելի կարևոր հարցերից: «Օսկարը» կարծես ապտակի նման գալիս է և ասում ` տեսեք կարող է լինել նաև այս տեսակի աշխարհ, որ պետք է մտածել ավելի առանցքային խնդիրների մասին,որոնք սրի նման ամեն օր կախված են մեր գլխին: Օրինակ` նույն «Moonlight» ֆիլմը, որը անցյալ տարի օսկարի արժանացավ որպես լավագույն ֆիլմ և հրաշալի ֆիլմ է` իր բոլոր տեսակի նրբություններով, քննարկման առաջկա դարձավ, թե իբր տեսեք, թե ինչ է քարոզվում այդ ֆիլմով: Ֆիլմի հաջողության գրավականն այն է, որ դու, լինելով ամենացածր դասակարգի ներկայացուցիչ, կարող ես փոխել ածխարհը: Դա մեծագույն պարգև է մարդկային հասարակության համար, քանի որ մարդիկ հավատում են, որ իրենք կարող են փոխել այս աշխարհը` այն դարձնելով ավելի լավը»:
Րաֆֆին զրույցի ընթացքում ներկայացրեց նաև իր կանխատեսումները.
«Իմ կարծիքով` բավական կանխատեսելի են օսկարակիրները, օրինակ` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում կհաղթի, թերևս, «Ջրի ձևը» ֆիլմը, և այն կգնահատվի ակադեմիայի` 4000-ից ավելի անդամների կողմից: Ֆրենսիս Մակդորմանդը, ով «3 բիլբորդ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմի գլխավոր դերասանուհին է, արժանի է «Լավագույն դերասանուհի » անվանակարգում հաղթելուն, իսկ Գարի Օլդմանը, ով հանդես է գալիս «Մութ ժամանակներ» ֆիլմում, կարժանանա «Լավագույն դերասան» օսկարին: «Օսկար»-ը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ակադեմիական միջոցառումը դարձնել հանրային, քանի որ բուքմեյյքերական ընկերություններն էլ են առաջադրում լավագույն թեկնածուներին: Թեև կինոյի կարևորությունը միշտ քննարկման առիթ է եղել, և այն արվեստի կարևորագույն ճյուղերից մեկն է, որը միշտ պահում է իր ազդեցությունը, սակայն կարծում եմ, որ հեղինակավոր մրցանակաբաշխությունները, այդ թվում` «Օսկարը» քաղաքական ուղղվածություն ունեն, ֆինանսական լուրջ ներդրումներ են պահանջում: «Օսկար»-ում շատ պատահական ձևով հայտնվելը չափազանցություն է:
Այս տարի Րաֆֆի Մովսիսյանը Ավետ Բարսեղյանի և Դավիթ Ծերունյանի հետ կմեկնաբանի «Օսկար»-ը:
«3 տարի առաջ հնարավորություն ունեցել եմ մեկնաբանելու «Օսկար»-ը: Շատ հետաքրքիր է, որ դու այս դեպքում արդեն ոչ միայն հանդիսատես ես, այլ նաև դառնում ես այդ մեծ իրադարձության մասնակիցը: Իհարկե, այս դեպքում պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ այս դեպքում քո կարծիքը կարող է նաև ընդունելի չլինել շատերի համար: Կարծում եմ, որ Ավետ Բարսեղյանի հետ աշխատելն ինձ համար շատ հեշտ կլինի, քանի որ նա տարբեր միջազգային իրադարձությունները մեկնաբանելու մասնագետ է»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան