▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞նց թե ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ, սա ի՞նչ կարճատեսություն է

1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանցի օմոնականները ներխուժելով ավերել ու հրկիզել են ԼՂՀ ամենամեծ բնակավայրերից մեկը` Մարաղա գյուղը, կոտորել են բնակչությանը: Սպանդը շարունակվել է ապրիլի 22-23-ին, երբ կենդանի մնացած մարաղացիները վերադարձել էին մահացածներին հողին հանձնելու համար։

«Մարաղայում 1989 թվականի հունվարի մարդահամարի տվյալներով 4660 մարդ էր ապրում: Գյուղը հայաթափեցին ամենադաժան կերպով: Սա ցեղասպանություն էր»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը:

Նրա խոսքով մեր ցեղասպանագետները զբաղված են միայն 1915 թվականի ուսումնասիրությամբ, այնինչ ամեն օր ու անընդհատ հայության դեմ ցեղասպան մեքենան գործում է:

«Ալիևը հայտարարություններ արեց Երևան հասնելու մասին ու շեշտեց, որ դա իրենց պետական, քաղաքական ռազմավարության մի մասն է, իսկ մեր իշխանությունները թեթևսոլիկ կերպով արձագանքեցին: Ադրբեջանում այսօր բոլորը պոտենցիալ մարդասպաններ, հայասպաններ են: Վերջին 30 տարում ամեն ինչ արել են, որ այդ ժողովուրդն այդպիսին դառնա: Սրա մասին է, որ պետք է խոսենք: Ադրբեջանն անընդհատ խախտում է հրադադարը, ուզում է թույլ օղակ գտնել: 1988-90թթ.հիշեք.հարձակվեցին Գանձակի ուղղությամբ, ոչինչ չստացվեց, հասան Սումգայիթ»,-նշեց Մարիամ Ավագյանը:

Բանախոսն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Мirror Spectator պարբերականի հետ զրույցին, որտեղ  պարոն Սահակայնն ասել էր, թե ադրբեջանցի փախստականները կարող են Արցախ վերադառնալ և ապրել այնտեղ՝ պայմանով, որ կընդունեն հանրապետության իրավազորությունը։

«Ազատագրված տարածքներում այսօր հայկական իշխանությունը տարօրինակ ձևով մեզ արգելում է ապրել, այնինչ  հակառակը պետք է լիներ: Հայ փախստականները պետք է ապրեն այնտեղ: Ո՞նց թե ադրբեջանցի փախստականները: 30 տարի թշնամին դաստիարակել է ցեղասպան, հայասպան սերունդ ու հիմա նրանց պետք է բերեն, որ նոր սպանդ կազմակերպե՞ն: Սա ի՞նչ կարճատեսություն է: Առաջինը հոգ տարեք, որ մենք ապրենք այդտեղ»,-ասաց Մարիամ Ավագյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին