Հայաստանի խնդիրը ոչ այնքան անհատներն են (չնայած որոշ անհատներ իրոք խնդիր են), այլ համակարգը, որն այնպիսին է դարձել, որ նույնիսկ ամենաազնիվ մարդուն կամ սրիկա է դարձնում, կամ էլ դուրս է արտանետում, եթե այդպիսինը հայտնվում է դրա մեջ։
Խոսքը պետական համակարգի մասին է ու մեր առաջնորդների։ Լայն իմաստով առաջնորդների՝ նախագահ, վարչապետ, նախարարներ, պատգամավորներ, վարչության պետեր և այլն...
Ու խնդիրը միայն կոռուպցիայի մեջ չէ։ Համակարգի կոռումպագենությունը հետևանք է, այլ ոչ թե պատճառ, իսկ գերխնդիրը նրանում է, որ մեր առաջնորդները չեն հասկանում, կամ էլ չեն ուզում հասկանալ, որ ժողովրդին «ծառայել»-ը զուտ ձևական բառ չէ ու չունեն նրանք ավելի կարևոր ֆունկցիա։ Փոխարենը, այս համակարգում գերիշխում է «իշխելու» և «օգտվելու» առաջնահերթությունը, իսկ քանի որ համակարգը արդեն վաղուց կայացած է, դրա բոլոր մակարդակներում հենց այդ մոտեցումն է դոմինանտ։
Դու չես կարող լինելով ազնիվ մարդ, մեկ էլ ինչ-որ պատահականությամբ հայտնվես համակարգի գլխին, իսկ անգամ եթե մի հրաշքով հայտնվես, ապա չես մնա այնտեղ, որովհետև քեզնից ներքև ամեն ինչ ու ամեն ոք անազնվությամբ են առաջ շարժվում։ Իսկ եթե վերև բարձրանաս աստիճանաբար, կամ մի ինչ որ կետում հավերժ կանգ կառնես, կամ էլ դու կդառնաս անազնիվ։
Հենց սրա համար էլ մեր մոտ կոռուպցիա է, հենց սրա համար էլ մեր տնտեսություն ստվերային է, հենց դրա համար էլ ԱԺ-ում ու կառավարությունում տասնյակ դոլարային միլիոնատերեր կան, հենց դրա համար էլ մարզպետներ են դառնում Լիցկաներ... համակարգն է այդպիսին ու եթե չեն արվում համակարգային փոփոխություններ, այս արատավոր համակարգը գնալով ավելի է մեծանում ու ուժեղանում, մինև չի փլուզվում իր իսկ ծանրության տակ, իսկ փլուզվելիս էլ, բեկորները ժողովրդի գլխին են ընկնում։