«Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է արտահայտում Հայաստանում բազմամիլիարդ էներգետիկ ներդրումների վերաբերյալ ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնյաների կողմից արված առաջարկների հանդեպ` Հայաստանի իշխանությունների կրավորական կեցվածքի կապակցությամբ:
- Էներգետիկ անկախությունը ժամանակակից աշխարհում պետության իրական անկախության բաղադրիչներից է, տնտեսական զարգացման հիմնական տարրը, ինչպես նաեւ ժողովրդի սոցիալ-տնտեսական բարօրության մասը։ - Հայաստանում կան էներգետիկ այլնտրանքային աղբյուրների բազմազանության հնարավորություններ՝ ի դեմս Իրանից էներգակիրների ներմուծումից, մինչեւ վերականգնվող էներգիայի տեղական արտադրություն։ - ԱՄՆ եւ Եվրամիության պաշտոնական հայտարարությունները Հայաստանի էներգետիկայի ոլորտում բազմամիլիարդ ներդրումների հնարավորության մասին ոչ միայն Հայաստանի էներգետիկ անկախությունն ապահովելու երաշխիք են, այլեւ հզոր միջոց՝ տնտեսության զարգացման համար։ - Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անընդունելի ենք համարում 2013 թվականի Հայ-ռուսական գազային պայմանագիրը՝ այն որպես արգելանք դիտելով Հայաստանի էներգետիկ զարգացմանը: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունը պետք է՝ Չեղյալ հայտարարի 2013 թվականին կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: Իրավական եւ գործնական բոլոր քայլերն իրականացնի էներգետիկայի եւ մյուս բոլոր ոլորտներում ներդրումներ ապահովելու եւ պետության անկախության, ինքնիշխանության ամրապնդման համար: «Ժառանգություն» կուսակցություն 24 հուլիսի 2017թ., Երեւան


