Համաշխարհային աստղ Ջաստին Թիմբերլեյքը երգել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին ու, ըստ տարածված տեղեկության, դրա համար ստացել է 1 միլիոն դոլար:
Ջասթինից բացի օլիգարխի հարսանիքին էլի աստղեր են երգել՝ այդ թվում տեղական նշանակության ու փայլի և եթե Թիմբերլեյքի ու հայկական աստղիկների հոնորարը գումարես՝ կստացվի, որ միայն երգիչներին Սամվել Ալեքսանյանը վճարել է մոտ 2 միլիոն դոլար:
Իհարկե, ես չեմ հաշվում ոչ Ալեքսանյանի ծախսերը, ոչ էլ մտածում եմ, թե արդյոք ԱՄՆ-ից հեռու իր ոչ պաշտոնական ելույթի համար Ջասթինը հարկեր մուծելու՞ է , թե ոչ...Դե իսկ հայաստանյան երգիչներ ու հարկեր բառերն իրար հետ ոչ մի եզրեր չունեն, ինչպես նաև, եթե անկեղծ, նաև Ալեքսանյան ու հարկեր բառերը, մանավանդ հարկերն այն գումարներից որոնք վճարվել են հարսանիքի համար «տաշի-տուշի» ու դրա անգլերեն տարբերակն ապահովողներին:
Խոսքն այլ երևույթի մասին է:
Հայաստանցիներն հաճախ են ոգևորվում Վրաստանում կազմակերպված մեգաաստղերի համերգներով , շատերը նաև տոմսեր են գնում, հյուրանոցներ ամրագրում ու մեկ-երկու օրով հարևան երկրում զբոսաշրջությունը զարգացնում՝ իրենց սիրած երգչի համերգին ներկա գտնվելով:
Վերջում էլ բողոքում են, թե ինչու նման համերգներ չեն կազմակերպվում մեր երկրում:
Հիմա արդեն պարզ է , թե ինչու... Որովհետև մեր երկրում՝ օլիգարխի դստեր հարսանիքն ու դրա մասին խոսակցություններն ավելի կարևոր են, քան մեգահամերգը, որ Հայաստան պետք է ապահովեր զբոսաշրջության հոսք, բացի այդ՝ մեր երկրում օլիգարխի թասիբն ավելի բարձր է, քան պետության վարկանիշը, մեր երկրում օլիգարծները հարյուր դրամանոց լավաշը դրոշակ են դարձնում բարեգործության համար, սակայն պետության դրոշի մասին մոռանում են լավաշով փաթաթած քյաբաբը ծամելուց հետո:
Մեր օլիգարխներից, իրենց դուստրերի ու որդիների հարսանիքներին մեգաստղեր հրավիրելու մրցման ելած մեծահարուստներից որևէ մեկի մտքով անցե՞լ է ինչ-որ մեկի համերգը կազմակերպել հանրության համար. վստահ եմ՝ նման խնդրանքով իրենց շատ կազմակերպիչներ են դիմում ու ստանում մերժում:
Որովհետևւ նրանց համար հայրենիքը իրենց սեփական տարածքն է միայն, նրանց համար պատիվը, ոչ թե Հայատանի մասին աշխարհով մեկ խոսքն է, այլ իրենց կազմակերպած ճոխ հարսանիքների ու քեֆերի մասին բամբասանքը:
Նրանց համար գոյության չունի կարևորություն երկրի համար, կարևորը սեփական հաճույքն է ու իրենց ոսկեզօծ պատերի մեջ ամեն ինչ պարփակելը:
Ու պետությունն էլ է խեղճ սրանց նմանների առաջ, քանի որ ոչ միայն չի կարողանում նրանց հասկացնել, թե որն է ճիշտը, այլ նաև հնարավորություն չունի պարտադրել, թե ինչպես պետք է անել...
Ու դրա համար էլ՝ հայերը միշտ նախանձով են նայելու Վրաստանին, որտեղ Թիմբերլեյքը, Իգլեսիասն ու նրանց նմանները հանրային վայրերում եմ ելույթ ունենում և ոչ միայն պետության փողերով, այլ նաև վրացի օլիգարխների հրավերով...
Սովորեք, պարոնայք, ու մի կարծեք, թե որևէ մեկը նախանձում է ձեզ...Ամենաշատը մարդիկ ձեզ խղճում են ու գնահատում համեմատության մեջ:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան