▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիների մուտքն անօրինական է եղել.Մանրամասներ՝Ուրցաձորում առյուծների հետ կապված միջադեպից

Մարտի 10-ին՝ ժամը 20:30-ի մատույցներում, Արարատի մարզի Արալեզ գյուղի 44- ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում ապօրինի մուտք է գործել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան: Ա.Ավետիսյանն այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին եւ փորձել «փաղաքշել» առյուծին, ինչի արդյունքում ստացել է ձեռքի եւ ուսի վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ եւ գտնվում է այժմ:

Ի պատասխան սոցցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում շրջանառվող խեղաթյուրված եւ զրպարտական հայտարարությունների, տեղեկացնում ենք, որ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամին պատկանող մասնավոր սեփականություն է: Ապաստարանի սահմանագծին տեղադրված են ապօրինի մուտքն արգելող մի քանի ցուցանակներ: Տեղեկացնում ենք նաեւ, որ հետեւելով անվտանգության սահմանված չափանիշներին, վանդակները, որտեղ ներկայում պահվում են առյուծները, ցանկապատված են դրանցից 3 մետր հեռավորության վրա գտնվող կողպված արգելապատնեշով, որի վրա նույնպես մի քանի տեղերում փակցված են մուտքն արգելող ցուցանակներ: Հայտնում ենք, որ քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական եւ կարող է պատժվել օրենքով սահմանված կարգով:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ՀՀ բնապահպանության նախարարության եւ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության (ԿՀԾ) աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի վերականգնողական կենտրոն են տեղափոխվել փետրվարին: Անհրաժեշտ կարանտինային շրջափուլն անցնելուց եւ փաստաթղթային ձեւակերպումներից հետո կենդանիները կտեղափոխվեն բրիտանական Peak Wildlife Park. Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթացքի մեջ են Վայրի բնության փրկարար կենտրոնի շինարարական աշխատանքները: Վայրի բնության փրկարար կենտրոնի առաքելությունը կլինի Հայաստանում վայրի կենդանիների մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը:

FPWC հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի բաժին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին