▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հանդիպումից հետո դատապարտյալի մոտ արգելված իր է հայտնաբերվում»

ՔԿՀ պարզաբանումը

Կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից 14.02.2017 թվականին արգելված իրերի մուտքը ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշման մասամբ ոչ ամբողջական լինելու և մասամբ դրա դրույթների տարատեսակ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը պարզաբանում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի համաձայն` «ձերբակալվածներին պահելու վայրերում և կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով սահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորում են … այն առարկաների և իրերի ցանկը, որոնք ձերբակալված և կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, ստուգումներ կատարելու, տեսակցությունների, …. կարգը, …. և սույն օրենքից բխող այլ հարաբերություններ»:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ «ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտքի և ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:»

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1. մասի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր … օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով:

Նշվածից ելնելով, որպես քննարկվող իրավահարաբերությունը կանոնակարգող իրավական ակտեր են հանդիսանում նաև ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգ»-ը (այսուհետ՝ Կանոնակարգ) և ՀՀ արդարադատության նախարարի 21.11.2011 թ.-ի թիվ 195-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգ»-ը (այսուհետ՝ Կարգ):

Այսպես՝ Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալված կամ կալանավորված անձն ունի իր պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի կամ իր պաշտպանի հետ առանձին, անարգել տեսակցելու իրավունք՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ … չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:

Կարգի 68-րդ կետով սահմանված է, որ յուրաքանչյուր անձի մուտքը Հիմնարկի կալանավորված անձանց կամ դատապարտյալների բնակության տեղամաս իրականացվում է սահմանված կարգով տրված թույլտվության հիման վրա, բացառությամբ օրենքով նախատեսված առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցող անձանց և տվյալ Հիմնարկի ծառայողների ու վարձու աշխատողների: Հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների բնակության տեղամաս մուտքի և ելքի իրավունքը չի ենթադրում կալանավորված անձանց կամ դատապարտյալների հետ տեսակցություն ունենալու իրավունք:

Նշված նորմերի ընդհանուր վերլուծությամբ և վկայակոչված իրակարգավորումից, մասնավորապես բխում է, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող ցանկացած անձ ինչպես նաև նրա իրերը, անկախ առանց հատուկ թույլտվության անարգել մուտքի և ելքի և/կամ անարգել տեսակցելու իրավունքներից օգտվելու հանգամանքից՝ կարող է կամ պարտադիր ենթակա է զննության:

Այսպես՝ Կանոնակարգի 97-100-րդ կետերի համաձայն. կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումն իրականացվում է պարտադիր կարգով, իսկ հագուստը ենթակա է զննության, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ վերջինիս կողմից փորձ է արվում արգելված իր կամ առարկա անցկացնելու:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձի իրերի զննումից առաջ անձին ներկայացվում է արգելված իրերի ու առարկաների ցանկը և առաջարկվում` դրանց առկայության դեպքում ինքնակամ հանձնել: Զննման ընթացքում առաջարկվում է ցույց տալ պայուսակի, ճամպրուկի, փաթեթի կամ այլ պահոցի պարունակությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` զննման համար տրամադրել նաև հագուստը:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց` … անձնական իրերը համապատասխան քրեակատարողական ծառայողի կողմից զննվում են հետևյալ կերպ` ….. 9) գրքերը, ամսագրերը և այլ տպագրական հրատարակությունները թերթվում են, և գրքերի կազմերը շոշափվում են` թաքստոցներ հայտնաբերելու նպատակով:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածք մուտք գործող ու այդ տարածքից ելք ունեցող անձանց իրերի զննման ժամանակ արգելված իրերի հայտնաբերման դեպքում առաջարկվում է դրանք թողնել այդ նպատակով ստեղծված պահախցերում` կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի տարածքից ելք ունենալիս դրանք հետ վերցնելու նպատակով:

Վկայակոչված իրակարգավորումից և առկա փաստական հանգամանքների վերլուծությամբ հիմնավորվում է, որ քննարկվող իրավիճակում կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի իր վստահորդի հետ անարգել տեսակցելու իրավունքը չի խախտվել, այլ արգելված իրերի հնարավոր ներթափանցումն ու կալանավորված անձին փոխանցումը կանխելու նպատակով, պաշտպան Մ.Շուշանյանին առաջարկվել է ներկայացնել ներկայացնել իր մոտ առկա պոլիէթիլային տոպրակի պարունակությունը, որում ըստ պաշտպանի հայտարարության, եղել են փաստաթղթեր, որոնք վերջինս հրաժարվել է ներկայացնել:

Ուշադրության է արժանի նաև այն իրողությունը, որ քրեակատարողական ծառայողների աչալրջության արդյունքում կանխվել են պաշտպանների կողմից քրեակատարողական հիմնարկ արգելված իրերի (այդ թվում բջջային հեռախոսներ, թմրանյութեր և այլն) ապօրինի ներթափանցման մի շարք փորձեր:

Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո օրենքով սահմանված կարգով խուզրկության ենթարկված կալանավորված անձի մոտից հայտնաբերվել են բջջային հեռախոս կամ այլ արգելված իրեր այն դեպքում, երբ մինչև տեսակցությունը կալանավորված անձի մոտ արգելված իր հայտնաբերված չի եղել:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին