▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շանթ Ոսկերիչյանի մուտքի արգելքը ՀՀ վերացվել է

 

2016 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Հարությունյանի, կայացավ «Ժ. Բ. Օզքիրիսյանը (Շանթ Ոսկերիչյան)՝ ընդդեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության» գործով երկրորդ նախնական դատական նիստը:

Հիշեցնենք, որ սույն հայցով հայցվորի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Անի Չատինյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ազգային անվտանգության ծառայության այն գործողությունները, որով հայցվորի տվյալները ներառվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում, անվավեր ճանաչել վարչական բողոքի վերաբերյալ 2015 թ. հոկտեմբերի 2-ի գրությամբ տրված մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայցվորի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ  տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:  Սույն գործով նախորդ նախնական դատական նիստը հետաձգվել էր հայցվորի միջնորդությամբ` հայցապահանջները հստակեցնելու նպատակով:

2016 թ. ապրիլի 27-ի նախնական դատական նիստին մասնակցում էին հայցվորի ներկայացուցիչներ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Անի Չատինյանը և փաստաբան Արտուր Հարությունյանը, որը, դատարանին ներկայացնելով Ժ. Օզքիրիսյանի կողմից տրված լիազորագիրը, ներգրավվեց որպես նրա ներկայացուցիչ: Դատական նիստին մասնակցում էր նաև պատասխանող ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Թաթուլ Ղուկասյանը:

Պատասխանողի ներկայացուցիչ Թ. Ղուկասյանը դատարան ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գրությունն այն մասին, որ 2016 թ. ապրիլի 25-ին Ժ. Օզքիրիսյանի վերաբերյալ տվյալները հանվել են ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին