Կրկին asekose.am-ի խմբագրություն է դիմել «Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալ Ռուբեն Ամատունին: Նա տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 31-ին «Կոշ»ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը որոշել է իրեն պատժից վաղաժամկետ ազատելու մասին միջնորդագիր ներկայացնել «անկախ հանձնաժողովին»` կազմելով դրական բնութագիր, ինչը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Սուրիկ Մնոյան) 23.05.2014թ. որոշման հետևանքն է:
«Միաժամանակ վերաքննիչ քրեական դատարանում ընդունվել է իմ բողոքն ընդդեմ նույն Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 07.10.2014թ. որոշման, որով մերժվել էր իմ բողոքն ընդդեմ անկախ հանձնաժողովի որոշման»,-տեղեկացնում է դատապարտյալն ու հույս հայտնում, որ դատավոր Մհեր Աղամանյանի վարույթում գտնվող գործով կկայացվի արդար, անկախ և օբյեկտիվ որոշում:
Նշենք, որ զուգահեռաբար անկախ հանձնաժողովը` նախագահությամբ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի, պետք է երկրորդ անգամ քննարկի Ռուբեն Ամատունու վաղաժամկետ ազատման միջնորդագիրը:
«Միգուցե անկախ հանձնաժողովը կայացնի արդար որոշում և չխեղի իմ` առանց այն էլ խեղված ճակատագիրը, որովհետև ես ազատության մեջ լինելու փոխարեն, շարունակում եմ գերու պես պահվել անազատության մեջ»,-նշում է դատապարտյալը միաժամանակ տեղեկացնելով, որ անկախ ամեն ինչից շարունակում է ինքնակրթությամբ զբաղվել և պայքարել իր իրավունքների համար.
«Յուրաքանչյուր դատապարտյալի նկատմամբ հարկավոր է ցուցաբերել անհատական մոտեցում, այլ ոչ թե նայելով հոդվածին` երես թեքել և մերժել նրան»,-ընդգծում է Ամատունին:
Դատարանի որոշմամբ և «Կոշ» ՔԿՀ-ի ադմինիստրացիայի միջնորդագրով դատապարտյալը ուղղված է համարվել և ստացել է դրական բնութագիր.
«Ես չգիտեմ` էլ ինչ է հարկավոր` իմ ուղղված լինելը և հետագա պատիժ կրելու աննպատակահարմարությունն ապացուցելու համար: Գերբավարարել եմ վաղաժամկետ ազատման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, սակայն գրված օրենքները անտեսվում են անկախ հանձնաժողովականների կողմից չգրված օրենքով: Միթե վերացել է մարդասիրությունը: Խնդրում եմ լուծել այս խնդիրը»,-ասում է նա:
Եզրափակելով խոսքը`Ռուբեն Ամատունին կրկին հույս է հայտնում, որ արդարությունը կհաստատվի, ինքը կօգտվի իր հասանելիք վաղաժամկետ ազատման իրավունքից, կլինի հիվանդ մոր կողքին:
Հիշեցնենք, որ Ռուբեն Ամատունին դատապարտվել է 2010 թվականին՝ 7 տարի ժամկետով, /պատժի սկիզբը հաշվվում է 28.02.2010-ից/` ՀՀ Քր. Օր.-ի 175/1-ավազակային հարձակում, 34-176/1-փորձ-կողոպուտ, 35-175/2-ավազակության պատրաստվել հոդվածներով:
Հեղինակ` Ա. Միրաքյան