«Ժամանակ» թերթը գրում է. «Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց Սարգսյանը անգամ դրանից հետո զբաղված է «հետքերը կորցնելով»:
Օրինակ՝ ԱԺ նախագահ է նշանակում մարդու, որը բացարձակապես հեռու է քաղաքականությունից, բժիշկ է, բայց երեւի արդեն բավականաչափ հեռացել է նաեւ բժշկությունից, համենայնդեպս՝ այնքան, որքան նստում է խորհրդարանում ՀՀԿ ցուցակով: Կամ՝ Սերժ Սարգսյանը իր վերահսկողական ծառայության ղեկավար վերստին նշանակել է Հովհաննես Հովսեփյանին, որին մինչ այդ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակաշրջանում նշանակել էր ՊԵԿ նախագահ: Հովհաննես Հովսեփյանը հայաստանյան իշխանական համակարգի նշանային ֆիգուրներից է: Մյուս կողմից՝ նախագահական վերահսկողական ծառայությունը «անցողիկ» ծառայություն է, եւ ակնհայտ է, որ Հովսեփյանի նշանակումը Սերժ Սարգսյանի հերթական «ժամանակավոր» կադրային լուծումն է, ինչն էլ ակնհայտ է դարձնում, որ այն տեղավորվում է «հետքերը կորցնելու» մարտավարության շրջանակներում:
Սերժ Սարգսյանի գործողությունները բացահայտում են նրա բուն նպատակը՝ թույլ չտալ, որպեսզի որեւէ մեկը հանկարծ գլխի ընկնի, թե ինչ է անում Սերժ Սարգսյանը կամ, այսպես ասած, արձանագրի նրա մտածողության կամ ծրագրային վեկտորը: Դա ամենեւին իրավիճակին տիրապետող մարդու գործողություն, գործունեություն կամ մարտավարություն չէ: Բայց որքան էլ տարօրինակ է, դրա շնորհիվ Սերժ Սարգսյանը կարողանում է կառավարել իրավիճակը կամ ստեղծել կառավարելու լիարժեք իմիտացիա:
Դրա առանցքային պատճառն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում չկա քաղաքական ուժ, որն իր վրա վերցնի քաղաքական իրավիճակ ձեւավորելու պատասխանատվություն: Ի վերջո, պատահական չէ, որ քաղաքական ուժերը Հայաստանում իշխանությանն, այսպես ասած, ծանր իրավիճակի եւ այդ իրավիճակում իշխանության մոնոպոլ դիրքից դժգոհության մասին հասցեագրումներում որպես հետեւանք մատնանշում են հուլիսյան դեպքերը կամ ծայրահեղ համանման զարգացումներ: Այսինքն՝ նրանք մատնանշում են իրավիճակի զարգացման ծայրահեղ դրսեւորումներ, որոնց «հեղինակը» իրենք չեն լինելու: Այլ կերպ ասած՝ իշխանության հետ խոսում են ոչ թե իրենց ստեղծելիք քաղաքական իրավիճակների լեզվով, այլ «ուրիշի» ձեռքով հնարավոր ապաքաղաքական, ծայրահեղ զարգացումների լեզվով:
Այստեղ է հայաստանյան քաղաքական կյանքի անոմալության եւ ամլության արմատը, հիմքը: Այստեղ է նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության ուժը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում