▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելն ի՞նչ ավարտ կունենա. արդյո՞ք այն կհանգեցնի լայնամասշտաբ պատերազմի

 

«Միացյալ Նահանգների կողմից Սիրիայի ուղղությամբ ավիահարվածներ հասցնելը կանխատեսելի էր, որովհետև դրա մասին բազմիցս խոսվում էր: Բացի դրանից` Թրամփն իր Twitter-յան էջում  տեղեկացրել էր հանրությանը, որ նման հավանականություն կա, սակայն հստակ ժամկետներ չէր նշել: Իրականում այն իրավիճակը, որը ստեղծվել է Սիրիայում այս հարվածների պատճառով, լուրջ վնաս է հասցնելու խաղաղության ապահովմանը, չէ՞ որ Ասադի ուժերը պայքարում են նաև ահաբեկչական խմբավորումների դեմ և նման վնասներ  կրելը, իհարկե,  կխանգարի պայքարի հարցում: Բոլորս էլ գիտենք, որ այս ավիահարվածները քիմիական զենքի օգտագործման հետևանքով են եղել, բայց հետաքրքրականն այն է, որ մասնագետները դեռ չեն հասցրել հետազոտել քիմիական զենքի կիրառման հետ հարցերը, նոր են մեկնել Սիրիա, թեպետ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, կարծես, վստահություն ունեին, որ Ասադը քիմիական զենք է կիրառել է և չսպասեցին մասնագիտական եզրակացությանը: Կարծում եմ, որ համապատասխան ուսումնասիրություններ դեռ նոր պետք է իրականացվեն Սիրիայի տարածքում»- Asekose.am-ի հետ զրույցում ասաց միջագայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Նախքան ավիահարվածները հասցնելը համացանցում պարբերաբար քննարկվում էր, որ այս ամենը կարող է հանգեցնել նոր և լայնամասշտաբ  պատերազմի, ավելին՝ երրորդ համաշխարհայինի, սակայն Սուրեն Սարգսյանը նշեց, որ չի կարծում` տեղի ունեցածը շարունակական բնույթ կկրի.

«Կարծում եմ, որ գործընթացը շարունակական չի լինելու, կբավարարվեն շուրջ  100-110 հրթիռներով, որոնք արձակվել են Սիրիայի  ուղղությամբ:  Այս ավիահարվածները ոչ թե իշխանափոխություն անելու նպատակ ունեն, այլ պատժամիջոցներ են  քիմիական զենքի կիրառման դեմ, դրա մասին հայտարարել է նաև Պենտագոնը:  Դրանից ելնելով էլ կարելի է հետևություն  անել, որ դրանք շարունակական բնույթ  չեն  կրի կամ  կկրեն շարունակական  բնույթ միայն դեպքում, երբ քիմիական զենքի կիրառումը շարունակվի:  Այս ամենը հիմք է տալիս կարծելու, որ այսքանով դաշնակիցները կդադարեցնեն իրենց գործողությունները»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է դիրքային հարվածներ հասցնել Սիրիայի տարածքում։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ապրիլի 7-ին Դումա քաղաքում քիմիական հարձակում տեղի ունեցավ։

ԱՄՆ-ն քիմիական զենք կիրառելու մեջ մեղադրում է սիրիական եւ ռուսական կողմին։ Ըստ լրատվամիջոցների, հարվածները եղել են Դամասկոսի եւ Բարզեխի ուղղությամբ, որտեղ տեղակայված են մի քանի գիտական լաբորատորիաներ եւ ռազմական օբյեկտներ։

Օպերացիան կատարվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերով։ Հարվածը հասցվել է Սիրիայի ժամանակով գիշերը՝ ժամը 4-ին, ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր գալիս ելույթով։

Հավելենք, որ ըստ նախնական տվյալների` խաղաղ բնակչության և սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր չկան:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին