Որեւէ կասկած չունեմ, որ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հակառակորդն է, այլ ոչ թե դաշնակիցը: Ու որպես քաղաքացի զերծ եմ մնալու մասնակցելուց այս պահի համար անպտուղ այն քննարկմանը թե որքանով են նա եւ քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանին մարտահրավեր նետած մյուս գործիչները համապատասխանում քաղաքական գործչի իմ իդեալին, կամ ժամանակին ինչ սխալներ են նրանք արել, կամ ինչ պատասխանատվության բաժին են կրել իշխանության մաս եղած ժամանակ: Այսօր վճռորոշ պահ է մեր պետության համար եւ պետք է կարողանանք զատել առաջնային խնդիրները երկրորդայիններից: Ուրեմն արտահատեմ իմ կարծիքը ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Առաջիկա օրերի եւ/կամ երկուսուկես ամիսների համար կան հետեւյալ սցենարները.
1. Մի կողմ թողնելով բալար գաղափարախոսական, արտաքին կողմնորոշումային, մեթոդաբանական տարաձայնությունները եւ բազառները՝ մեկ միասնական դաշինքում միավորվում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունով», Սեյրան Օհանյանը՝ իրեն հարող ուժերով եւ կուսակցություններով, Վարդան Օսկանյանը՝ «Համախմբումով», Գագիկ Ծառուկյանը՝ իրեն հարող ուժերով, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստանով» ու «Միասնությունով», «ԵԼՔ»-ը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրով», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանով» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետությունով»:
Այս դեպքում կամ Սերժ Սարգսյանը միանգամից, մինչեւ ընտրություններն է գալիս բանակցելու իշխանությունը այս դաշինքի ձեւավորած ժամանակավոր կառավարությանը անցնցում հանձնելու շուրջ, կամ նրա քաղաքական իմաստնության պակասը թույլ չի տալիս դա նրան անել ու ՀՀԿ-ն պարտվում է ընտրությունների ճանապարհով: Այս դեպքում քաղաքական/քաղաքացիական ճնշման միջոցով արդեն մինչեւ ընտրությունները, որպես առաջնային քայլ ազատ են արձակվում բոլոր քաղբանտարկյալները: Այս դաշինքը, իմ ունեցած տեղեկություններով ունի կայանալու մեծ հավանականություն:
Այդքան տարամետ ու բազմազան ուժերի առկայությունն էլ այս լայն դաշինքում երաշխավորում է որեւէ մեկ գործչի կամ ուղղության բացառումը մինչեւ հաջորդ՝ արտահերթ ընտրություններ, որի ժամանակ արդեն գաղափարախոսական մրցակցության մեջ մտած ուժերից ժողովուրդը կընտրի նրան ում առավել վստահում է:
Բայց այս դաշինքի կայացման համար նաեւ շատ են խանգարող գործոնները՝ նախեւառաջ թվարկված ուժերի ներսում, իսկ այդ ուժերի առնվազն մեկի դեպքում էլ՝ հենց գագաթում իշխանության այս կամ այն թեւի հետ ստվերային գործարքի գնացած գործիչների (այդ մեկ հոգու անունը չեմ տա քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ նա, քաղաքական իրողությունների ճնշման տակ կվերանայի իշխանությունների հետ իր պայմանավորվածությունները), երբեմն էլ՝ սովորական գործակալների առատությունն է, ինչպեսեւ ազնիվ բայց անհեռատես քաղաքական այնպիսի գործիչների առկայությունը, որոնք կգերադասեին իրենց տեսակին պատկանող թեքուզ փոքրաթիվ սակայն "զտարյուն" խմբակցության ձեւավորում ապագա խորհրդարանում, եթե անգամ դրա դիմաց ակամայից վճարված գինը լինելու է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի եւս 5 տարվա պաշտոնավարումը:
2. Իշխանությունների անմիջական ներազդեցության, կամ նրանց ենթակա ԶԼՄ-ների, «փորձագետների», գործակալների գործունեությունը արդյունքի է բերում եւ այս ուժերը իրար հետ լեզու չեն գտնում եւ գնում են ընտրությունների ոչ թե միասնաբար, այլ անջատ-անջատ՝ թեկուզեւ որոշ դեպքերում առանձին դաշինքներով:
Ակնհայտ է, որ ուզեն թե չուզեն, այդ ուժերը սկսելու են պայքարել ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ իրար դեմ, չեն կարողանալու ընտրողների մոտ հույս առաջացնել, ակտիվացնել նրանց մեծ մասին եւ ստանալու ենք ՏԻՄ ընտրությունների տրամաբանությունից եւ քաղաքական կառուցվածքից շատ չտարբերվող «համամասնական» վարկանիշային ընտրություններ, այն ինչի համար էլ գծված էին թե՛ կեղծված սահմանադրությունը եւ թե՛ հատկապես այս խայտառակ Ընտրական օրենսգիրքը:
Այդ դեպքում նորից խորհրդարանում կունենանք մի քանի կարկառուն, սիրված ընդդիմադիր պատգամավորներ, որոնք «3-րդ խոսափողը» գրկած ամեն օր «աթարբեթար» կանեն իշխանություններին, սակայն դրանից երկրում ոչինչ չի փոխվի: ՀՀԿ-ից բացի որոշ ուժեր, րանցից ոմանք ավելի շատ տեղերով, ոմանք՝ ավելի քիչ, մտնում են խորհրդարան, սակայն ՀՀԿ-ն ստանում է իր 51 տոկոսը եւ ձեւավորում իր կառավարությունը, իսկ 2018թ.-ին Սերժ Սարգսյանը սահուն դառնում է երկրի ղեկավար՝ արդեն վարչապետի կարգավիճակով:
Որոշողը մենք ենք: